Հայրիկիս

Հայրիկիս

(Նվիրում եմ Հայրենական պատերազմում անհետ կորած հորս հիշատակին)



Հայրս տուն շինեց գետակի ափին,
Հայրս տուն շինեց ու կռիվ գնաց,
Տարիներ անցան, չվերադարձավ,
Իսկ թե ի՞նչ եղավ, ոչ ոք չիմացավ,
Անունը դարձավ <<անհետ կորած է>>.
Զավակի համար շատ ծանր ցավ էր:
Գուցե կենդանի ապրու՞մ է մի տեղ.
Չ՛է, շատ քչերն են կենդանի մնում
Այդ արյունալի պատերազմի մեջ,
Գուցե զոհվե՞լ է հերոսի մահով`
Փոքրերիս կյանքը հավերժ փրկելով:
Ես չեմ զլանա.
Ամբողջ աշխարհը մտքով կշրջեմ,
Կանցնեմ սար ու ձոր, գյուղ, ավան, քաղաք,
Կլողամ անտակ օվկիանոսներում,
Մինչև չգտնեմ <<անհետ կորածին>>,
Ես տուն չեմ դառնա:
Գուցե հանդիպեմ ծառի տակ ընկած,
Վիրավոր սրտից արյունը քամված,
Բարի աչքերը հավիտյան փակված:
Իսկ ի՞նչ անեմ ես.
-Հայրի՛կ, կբուժեմ, այդպես չեմ թողնի,
Աչքիս արցունքով վերքդ կլվամ,
Իմ ջերմ համբույրով աչքդ կբանամ,
Գրիչիս ծայրով շունչ, հոգի կտամ
Եվ անմահացած կառնեմ տուն կգամ,
Կառնեմ տուն կգամ, որ պատմես, լսենք.
Կուզեմ իմանալ քո վերջին խոսքը,
Բարի խրատդ քո զավակներին:
Երբ սիրտդ մեխվեց թշնամու նետը,
Ջրի պես հոսեց կարմիր արյունդ,
Աչքերիդ լույսը սկսեց մթնել,
Քո բարի սիրտը ծանր բաբախեց,
Երբ դու զգացիր` քո կյանքի համար
Ամեն ինչ վերջ է, ամեն ինչ կորած,
Մտքումդ գրկած քո զավակներին`
Ի՞նչ ասացիր դու այդ վերջին պահին:
-Կասեմ, լսեցե՛ք, զավակնե՛ր իմ թանկ,
Ինչ որ մենք տեսանք մեր բաց աչքերով
ՈՒ տանջվեցինք մեր մարմիններով,
Ես չեմ կամենա, չտեսնեք անգամ ձեր երազներում:
Աստված ոչ անի, եթե հարկ լինի,
Կմեռնեք մեզ պես, անհետ կկորչեք,
Որ հայրենիքը հավիտյան ապրի:
Ասաց ու կրկին հավերժ հեռացավ,
Մեր սրտում մնաց հավիտյան անմահ:
-Երկրի՛ մարդիկ, որտեղ կնստեք ուրախ սեղանի,
Կնունք-ծնունդի կամ հարսանիքի,
Առաջին հերթին հիշեցե՛ք նրանց,
Հիշեցե՛ք նրանց, որ իրենց կյանքով
Պարգևեցին ձեզ բախտ, երջանկություն,
Երկրի՛ մարդիկ, հիշեցե՛ք նրանց:



Ժենյա Հովհաննիսյան