Ֆաշիզմի դեմ հաղթանակի 70 ամյակին նվիրված ցուցահանդես` Հայաստանի նկարիչների միությունում (լուսանկարներ)

Ֆաշիզմի դեմ հաղթանակի 70 ամյակին նվիրված ցուցահանդես` Հայաստանի նկարիչների միությունում (լուսանկարներ)

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից,100000 Սփյուռքից,90 000 Արցախից: Զոհվել են 200 հազարը, որոնցից 45 000 Արցախից և Խորհրդային Միության այլ հանրապետություններից:



Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչել է հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:



Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:
Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 105 հայ,որոնցից 2-ը կրկնակի` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո:



27 հայ քաջարի մարտիկներ դարձել են Փառքի շքանշանի ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչման:



Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է 5 մարշալ, 64 գեներալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:
Կազմավորվել են 6 հայկական դիվիզիաներ` 89-րդ,408-րդ, 409-րդ, 261-րդ,76-րդ,390-րդ:



Այսօր Հայաստանի Նկարիչների Միությունում ցուցահանդես է բացվել` նվիրված ֆաշիզմի դեմ հաղթանակի 70 ամյակին: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների Միության նախագահ Կարեն Աղամյանն, ով իր խոսքում նշեց,որ ամեն տարի այս օրերին բացվում են ցուցահանդեսներ` նվիրված Մեծ Հայրենականի հաղթանակի հերթական տարելիցին: Այս տարվա ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ այն հոբելյանական է, և այստեղ ներկայացված են թե վետերաններ և թե երիտասարդ սերնդի նկարիչներ: 



Այնուհետև շնորհավորական ելույթով հանդես եկան Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը:



Միջոցառման ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին մի շարք վետերան-նկարիչներ:



Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան վետերանները, ովքեր Հայրենականի մասին իրենց  հիշողություններով ու տպավորություններով կիսվեցին հանրության հետ:

Գարիկ Ավետիսյան



Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի