Թող իրենց խելոք պահեն, ժողովուրդը մեղք է

Թող իրենց խելոք պահեն, ժողովուրդը մեղք է

3 ամիս առաջ ձեւավորված Մտավորականների խորհրդում այսօր 16 մտավորականներ են ընդգրկված, որոնց թիվը, ըստ խորհրդի անդամ, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի, գնալով շատանում է: Թե ինչ քաղաքականություն է որդեգրել խորհուրդը, զրուցեցինք քանդակագործի հետ:



- Պարոն Առաքելյան, ո՞րն է Մտավորականների խորհրդի նպատակը, եւ ի՞նչ խնդիրներ եք առաջ քաշելու:



- Մտադրությունն այն է, որ մտավորականությունը երկար ժամանակ կարեւոր խնդիրներին չի մասնակցել, հիմա պետք է մասնակցի: Պետությունն օրգանիզմ է, որ ունի ձեռք, ոտք, բայց պետք է ունենա նաեւ գլուխ, ուղեղ, մինչդեռ այսքան տարի այդ օրգանիզմի միայն ձեռքն ու ոտքն է աշխատում, իսկ ինտելեկտն ո՞ւր է: Մեր նպատակը հեղաշրջում անելը կամ միայն քննադատելը չէ, նպատակը մեկն է՝ գեղեցիկ հասարակարգ, բարոյական հասարակություն կառուցելը, որը չկա մեզ մոտ: Մի բան ասեմ. 100-րդ տարելիցի միջոցառումները շատ բարձր էին կազմակերպված, ու եթե մենք կարողանում ենք նման մշակույթով, բարձր որակով կազմակերպել միջոցառումներ, ինչո՞ւ այդ նույն մշակույթով չենք կարողանում պետություն կառուցել: Մեր երկիրը տխուր վիճակի մեջ է: Մտավորականությունն ինքը ընդդիմություն է, այդպես եղել է դարեր շարունակ եւ ֆրանսիական, եւ անգլիական հեղափոխության ժամանակ, եւ բոլոր ժամանակներում: Իսկական ընդդիմությունն այն ընդդիմությունն է, որ պետք է կառուցի գեղեցիկ, քաղաքացիական հասարակություն եւ ուղղորդի կառավարությանը, բոլորին, ոչ թե քննադատի՝ աթոռ ուզի: Մենք աթոռ չենք ուզում, ոչինչ չենք ուզում, միայն ուզում ենք, որ մեր ժողովուրդը գեղեցիկ, հոգեւոր հանգստությամբ ապրի:



- Իսկ ի՞նչ ճանապարհներով եք կառուցելու այդ գեղեցիկ հասարակությունն ու հասարակարգը:



- Կկառուցենք՝ կտեսնեք, մենք կհամոզենք ժողովրդին, մենք կհամոզենք նաեւ իշխանությանը, ավելի ճիշտ՝ ոչ թե կհամոզենք, այլ կպահանջենք, հետո՝ մեր պահանջն ուրիշ է, ընդդիմության պահանջը՝ ուրիշ, որովհետեւ այս ընդդիմությունը նույն իշխանությունից եկած մարդիկ են: Մարդիկ են, ովքեր կորցրել են իշխանությունը, եւ կարոտախտն է նրանց մեջ խոսում:



- Ամեն դեպքում, Մտավորականների խորհուրդ ձեւավորելու ազդակը ո՞րն էր, որ 3 ամիս առաջ որոշեցիք համախմբել ձեր ուժերը:



- Որովհետեւ տեսանք, թե ինչ է կատարվում, տեսանք, որ հակամարտությունը՝ իշխանության եւ ընդդիմության, նույն ափսեի մեջ է: Մենք ուզում ենք ափսեից դուրս գալ, մենք ուզում ենք ուղղորդել իշխանությանը եւ ժողովրդին դեպի գեղեցիկ հասարակություն: Հնարավորությունը կա, որը մենք պետք է ցույց տանք: Տարիներ շարունակ մենք չենք խառնվել, միայն կուսակցություներն են խառնվել, բայց, եղբայր, ինչքա՞ն կարելի է այդ կուսակցություններով քանդել երկիրը:



- Փորձելո՞ւ եք ինչ-որ ձեւով լեզու գտնել իշխանությունների հետ:



- Իշխանություննե՛րը մեր հետ պետք է լեզու գտնեն, մենք կոմպրոմիսային տարբերակների չենք գնալու, մենք խնդիրը դնելու ենք նրանց առջեւ ու ասելու ենք՝ լուծեք: Մենք շատ նյութեր ունենք մեր ձեռքի տակ, թե ինչու է քայքայվում մեր երկիրը, ինչու բանկերը կարող են այսպես հարստանալ, իսկ ժողովուրդը՝ աղքատանալ: Շատ ժամանակ գալիս ասում են՝ տվեք մեզ իշխանություն, ընդդիմության լոզունգն է, չէ՞, տալիս ենք իշխանություն՝ ծայրից ծայր լափում են, հետո եկեղեցի են սարքում մեղքերի թողության համար: Ոչ մի անգամ հայ ժողովուրդն այսքան անհավատ չի եղել, որքան հիմա, նրանց կյանքը, հոգեբանությունը եւ վիճակը տանում են դեպի անհավատություն:



- Ձեր բարձրացրած խնդիրներն առաջարկությունների ձեւո՞վ եք ներկայացնելու իշխանությանը, թե՞ համակարգված ծրագրի տեսքով:



- Խնդրում եմ մի քիչ էլ սպասեք, պլանավորում ենք, քննարկում, ամեն ինչ անում ենք, հետո այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ մենք եկել ենք հեղաշրջում անելու եւ գահը վերցնելու: Ոչ, ամեն ինչ սահմանադրական ճանապարհով պետք է գնա:



- Ամեն դեպքում, ցանկացած քայլ էլ որ անեք, միջոցներ, ռեսուրսներ են պետք, լինի դա ֆինանսական, թե մարդկային: Ինչպե՞ս եք պատրաստվում դա անել:



- Մի անհանգստացեք, կանենք, եւ դուք մեզանից գոհ կլինեք: Մենք սխալ ենք արել, որ 20 տարի լռել ենք, 20 տարի միայն հանդիսատես ենք եղել, խայտառակ բեմադրությունների հանդիսատես, որտեղ թե ռեժիսորներն են ախմախ եղել, թե դերասաններն են վատը եղել: Ես ձեզ ավելին ասեմ. մտավորականությունն էլ է հիասթափված, հետո՝ մտավորականը նա է, ով կառուցում է գեղեցիկ հասարակարգ, մտավորականը նա չէ, որ բարձրագույնավարտ է, բարձրագույնավարտը կարող է սրիկա էլ լինել, կաշառակեր, գող, նա ի՞նչ մտավորական: Մենք նկատի ունենք այն մտավորականներին, ովքեր ցանկություն ունեն գեղեցիկ հասարակություն կառուցելու, եւ ասեմ, որ դա շատ կարճ ժամանակում հնարավոր է: Վերջին հաշվով, իշխանություններն էլ պետք է հասկանան, թե իրենց դեմ ովքեր են կանգնած, եւ թող խելոք պահեն իրենց, արդեն հոգնել ենք, ժողովուրդը մեղք է: