Պահանջատիրություն կինոլեզվով

Պահանջատիրություն կինոլեզվով

Տարիներ շարունակ, խոսվում է Հայոց ցեղասպանության մասին, և տարիներ շարունակ, ինչպես միշտ, պատմությունը կրկնվում է. մենք ասում ենք, թուրքերը՝ ժխտում: Ցեղասպանության ընդունման հարցում աշխարհը բաժանվել է երեք մասի (խոսքը վերաբերում է Հայաստանի և հայ ժողովրդի մասին իմացողներին), պատմական փաստին հավատացող ու ընդունողները, չընդունող ու ժխտողները և գերակշիռ մեծամասնությունը՝ անիրազեկները և կասկածողները: Անիրազեկ և կասկածող մասսայի մեջ մտնում է նաև թուրք ժողովրդի զգալի մասը, հատկապես երիտասարդությունը, որը կրթվել ու դաստիարակվել է միայն սուտ ու կեղծ պատմությամբ:



Թե ինչպիսի վերաբերմունք ունեն աշխարհի շատ երկրների քաղաքական շրջանակները Հայաստանի և հայոց ցեղասպանության մասին, գաղտնիք չէ եթե հարցը դիտարկենք Պալմերստոնի հայտնի տեսակետից՝ «Չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, կան մշտական շահեր»: Այսինքն շատ երկրներ ցեղասպանության փաստի ընդունելով ու չընդունելով Թուրքիային այնքանով կստիպեն ընդունել այն, որքանով մոտ է իրենց շահերին: Ավելին, Թուրքիան այլ երկրների ընդունելուց երբևէ փոխե՞լ է իր կեցվածքը: Հիշենք, դեռ 1915թ. Մայիսի 24-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի՝ հենց ջարդերի ամենաթեժ պահերին՝ հայկական կոտորածները դադարեցնելու մասին համատեղ հայտարարությանը Թուրքիան պատասխանեց. «Օսմանյան երկրում երբեք ջարդեր տեղի չեն ունեցել»: Եվ դա՝ բուն գործողության ժամանակ, ինչպես ասում են՝ ձեռքին բռնում ես, չես կարողանում հաստատել: Թուրքիայի այդ մոտեցումը պահպանվել է մինչև հիմա:
Շարունակենք. շնորհակալություն հայտնելով ցեղասպանությունն ընդունած բոլոր երկրներին՝ իրատեսորեն խոստովանենք. ի՞նչ տվեց դա մեզ: Սահմաննե՞րը բացվեցին, շրջափակո՞ւմը վերացավ, Թուրքիայի հիստերիկ պահվա՞ծքը մեղմացավ: Էլ չենք խոսում, որ ամեն տարի շուչներս պահած սպասում ենք գերտերության ղեկավարի ելույթին՝ կարտասանի՞ ցեղասպանություն բառը, թե՞ ոչ: Իսկ Թուրքիան նման դեպքերում էլ ունի իր դիրքորոշումը, ինչպես օրինակ դեսպանին հետ կանչելը, նեղացածի կեցվածք ընդունելը, մեղադրելը, սպառնալը, ինչպես օրինակ Հռոմի Պապի ելույթից հետո, նույնիսկ պնդում է՝ արարողակարգի համար ներողություն խնդրել, իսկ Եվրոմիությանում բանաձևի քննարկմանն ի պատասխան Էրդողանը պատասխանեց. «Եվրոմիության ընդունած որևէ բանաձև Թուրքիայի համար ոչ մի արժեք չունի, այդ ասածները Թուրքիայի մի ականջից մտնում, մյուսից դուրս են գալիս»: Այսինքն՝ Թուրքիայի դիրքորոշումը պարզից էլ պարզ է, ինչպես միշտ՝ ժխտել ինչ գնով էլ լինի: Ո՞վ կարող է Թուրքիային ստիպել: Թուրքիան տնտեսապես զարգացած, տարածքով մեծ, ազգաբնակչության թվով մեծ, դաշնակիցներով հզոր… Անհաղթելի՞ է: Եթե շահն է խոսում՝ հնարավոր է: Իսկ եթե տարբեր երկրների ժողովուրդնե՞րը խոսեն, այդ անիրազեկ ու կասկածող մասսանե՞րը, որոնք ոչ մի պետության ու շահի հետ կապ չունեն: Նրանք չեն սպասի, որ «նեղացած» Թուրքիան իր դեսպանին հետ կանչի, նրա՛նք կպահանջեն իրենց երկրից հանել Թուրքիայի դեսպանին: Ի՞նչ անել դրան հասնելու համար:



Հայտնի ճշմարտություն է՝ հաղթանակի երաշխիքը մեծանում է այն ժամանակ, երբ թշնամու բանակում համախոհներ են գտնվում, իսկ տվյալ դեպքում մեր համախոհնները անիրազեկ և կասկածող մասսաներն են: Բոլորս էլ հիշում ենք, թե Թուրքիայում ինչ դժգոհության ալիք բարձրացավ, երբ «Արարատ» ֆիլմը նկարահանվեց, իսկ երբ հայտնի դարձավ, որ մեծ բարերար Քըրք Քըրքորյանը որոշել է ֆինանսավորել մի ֆիլմ, որը կնկարահանվի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հիման վրա, թուրքական լոբինգը այնպիսի գործունեություն ծավալեց, որ վիժեցրեց այդ գործը: Վերջերս նորից հաղորդվեց, որ մեծ բարերարը որոշել է ցեղասպանության մասին ֆիլմ ֆինանսավորել, որը նորից հարուցել է Թուրքիայի դժգոհությունը: Ստացվում է, որ Թուրքիան հատուկ ուշադրություն ու զգոնություն է ցուցաբերում հատկապես կինոլեզվով տարվող քարոզչությանն ու հրապարակմանը՝ մտավախություն ունենալով, որ եթե արխիվային փաստերի հիման վրա ֆիլմ նկարահանվի, ապա աշխարհի անիրազեկ ու կասկածող մասսանները, հատկապես Թուրքիայում, նաև ծպտված ու դավանափոխված քրիստոնեաները, սեփական ժողովուրդը, որի մեջ են Հրանտ Դինքի սպանության դեմ բողոքող ցուցարարները, որոնք արձագանքեցին. «1.5 միլիոն գումարած մեկ, մենք բոլորս հայեր ենք,մենք Հրանտ Դինք ենք», ավելի մեծ ուժ ու վտանգ են իրենցից ներկայացնում, քան տարբեր երկրների՝ ցեղասպանության փաստի ընդունելն ու չընդունելը: Վտանգն այդ անիրազեկ ու կասկածող մասսանների մեջ զգալով, քանի որ քաղաքական շրջանակներում շահն է գերիշխողը, Թուրքիան, չխնայելով միլլիոնավոր դոլարներ, չթուլացող հետևողականությամբ շարունակում է կեղծարարությունը: Այդ անիրազեկ ու կասկածող մասսանները, որոնց շարքերի ստվարացումը կարող է խախտել չընդունող – ժխտողների հիմքերը, և ամուր հենարան դառնալ մեզ համար, ճշմարտությունն իմանալու կարիք ունեն: Ուրեմն՝ ճշմարտության տարածումը համաշխարհային էկրանից ժամանակի հրամայական պահանջն է: Թե ինչքան ֆիլմեր կնկարահանվեն հեռու և մոտ ապագայում, դժվար է ասել, բայց ինչքան շատ լինեն դրանք, այնքան լավ (հիշենք, քանի ֆիլմ է նկարահանվել հոլոքոստի մասին): Բայց մեկ ֆիլմ, գոնե մեկ ֆիլմ, մեզ անհրաժեշտ է հիմա, այնպիսի մի ֆիլմ, որը արխիվային փաստերի հիման վրա կլինի, որի տարածած ճշմարտությունը որպես անառարկելի փաստ կընդունվի, ասելիքը որևէ կերպ ժխտելը՝ կլինի անհնարին: Մի ֆիլմ, որը մեր հատուկ ուղերձը կլինի աշխարհին, այն պետություններին, որոնք լռեցին ու անտարբեր մնացին այդ մեծագույն ոճրագործության հանդեպ, դառնալով դրա մեղսակիցը, այնպիսի մի ֆիլմ, որը կներկայացնի քարտեզներ ու պայմանագրեր, զինադադարներ ու գաղտնի ժողովներ, որը կներկայացնի պատմական կերպարներ ու իրադարձություններ: Մեզ անհրաժեշտ է մի ֆիլմ, որ զուգահեռներ կանցկացնի Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի միջև, ընդգծելով դրանց նպատակների ու արդյունքների նմանությունը, հիմնված գաղտնի ժողովների և պայմանագրերի վրա՝ կընդգծի հայի կենսունակության ու հառնելու ուժը, հայի տոկնության ու կամքի դրսևորմը, և այդ ամենին աշխարհի վերաբերմունքը, անտարբերությունը, շահասիրությունը, որից խրախուսվա՝ ծնվեցին Երկրորդ աշխարհամարտի մահվան ու սարսափի ճամբարները, հետագայում տեղի ունեցան այլ ցեղասպանություններ, ապա Սունգայիթ, Բաքու, որը հիմք ու իրավունք տվեց Բուդապեշտում կատարած ոճրագործության հեղինակին հերոսացնել, և, վերջապես Հրանտ Դինքի սպանությունը Ստամբուլում:



Այդպիսի մի ֆիլմի սցենար արդեն 19 տարի է, ինչ պատրաստ է: Սցենարը («Երբ լռում է մարդկությունը») քննարկել և դրա մասին գրավոր կարծիքներ են հայտնել թե գիտական կենտրոններ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ազգային արխիվը, Ազգային կինոկենտրոնը և թե հեղինակավոր անհատներ՝ Ս. Կապուտիկյանը, Հ. Հակոբյանը և այլք: Կապուտիկյանը գրում է. «… Այդպիսի ֆիլմի աշխարհ գալը զգալապես կօգնի հակազդելու ստահոդ քարոզչությանը, կօգնի հայի ճշմարտությունը աշխարհին հասցնելու արդար գործին… », Հ. Հակոբյանը նշում է. «Այդպիսի կինոֆիլմը իրոք «զենք» է, և այդ զենքից պետք է օգտվի աշխարհը…»,



Պատմության ինտիտուտ՝ «… Վերոհիշյալ կինոսցենարը ֆիլմի վերածելը և աշխարհին ներկայացնելը անհրաժեշտություն է…», Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ «… Կինոսցենարը մի ինքնատիպ վավերագրություն է երիտթուրքերի կողմից պետական մակարդակով հայերի բնաջնջման ծրագրերի և գործողությունների մասին: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությունը և գիտական խորհուրդը գտնում են, որ այս աշխատանքը կինոնկարի վերածելու դեպքում իր նպաստը կբերի ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործին» և այլն: Իսկ մենք մեր կողմից ավելացնում ենք՝ «Դա կլինի հզոր հաղթաթուղթ,հստակ պահանջատիրություն որն իր նպաստը կբերի Հայաստանի արտաքին քաղաքականությանը»:



Հենց այդպիսի սցենար է ներկայացվել տարբեր մարմինների և կառույցների, և տարիներ շարունակ լռության մատնվել, ընթացք չի տրվել… Հասկանալի է, կասեն այդքան գումար չկա (2 միլլիոն դոլար), պետբյուջեն դատարկ է, իսկ գուցե գրությունները, նույնիսկ պաշտոնական գրությունները գիտական կառույցների կողմից, պետության ղեկավարին չե՞ն հասել; Չէ՞ որ,մեծ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է դառնում;



Հիշենք՝ Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը ֆինանսավորել է Թունիսցի արաբ մի շեյխ՝ հավանելով սցենարը, իսկ մենք այդպիսի մեկ կամ մի քանի «շեյխեր» չունե՞նք; Ունենք, միայն թե հարկավոր է պետական աջակցությամբ դիմել գործարարներին, և այդ գումարը կգտնվի, մանավանդ, որ գումարը միանվագ չի տրվելու, դա կլինի մաս-մաս, իսկ եթե հաշվի առնենք, որ կինոն նաև բիզնես է (թող ներվի թեմայի համար այդ արտահայտությունը), ուրեմն գումարը կգտնվի:



Հենց այդպիսի կինոնկարից է զգուշանում Թուրքիան և ամեն ինչ անում այդպիսի ծրագրերը վիժեցնելու համար: Դրա համար, եթե, Աստված տա ու որոշվի այդ ֆիլմի նկարահանումը գլուխ բերել, ապա պետք է հնարավորինս գաղտնի պահել, մինչև ֆիլմը պատրաստ լինի, որից հետո Թուրքիան, ինչպիսի հիստերիա էլ բարձրացնի, ստիպված լինի ճշմարտությանը բաց աչքերով նայել:



Սոնա ՄԱՆՈՒԿՅԱՆ