Երկու օր նիստ կանեն

Երկու օր նիստ կանեն

Այս օրերին Հայաստանում է գտնվում ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովների անդամներից բաղկացած պատվիրակությունը։ Նրանք այսօր եւ վաղը՝ մայիսի 20-ին, Ազգային ժողովում կմասնակցեն վերոնշյալ հանձնաժողովների նիստին։ Մենք այդ մասին ժամանակին տեղեկացրել էինք, որ մայիսին սպասվում է նրանց այցը Հայաստան։ Նշենք. առաջին անգամ է, որ Հայաստանում նման նիստ է անցկացվում, եւ որ, առհասարակ, ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը հյուրընկալվում է մեր երկիր՝ իր նիստն այստեղ անցկացնելու։ Այս պահին երկու տասնյակից ավելի պատվիրակներ են գտնվում Հայաստանում, սակայն դեռ էլի պատվիրակների են սպասում։ Նշենք, որ դեռ ամիսներ առաջ Հայաստանում նման նիստի անցկացման եւ վերոնշյալ հանձնաժողովների Հայաստան հրավիրման ուղղությամբ ԵԽԽՎ պատվիրակների հետ աշխատանքներ էր տանում Հայաստանից ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, որպեսզի նրանք իրենց հերթական նիստն անցկացնեն Հայաստանում։ Նկատենք, որ այս տարի երկրորդ անգամ է, որ ԵԽԽՎ-ից ներկայացուցիչ է ժամանում Հայաստան։ Առաջինը եղավ ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը, մոտ մեկ ամիս առաջ։ Նա, սակայն, եկել էր սեփական նախաձեռնությամբ՝ տարածաշրջանային այցի շրջանակներում։ Քանի որ հյուրընկալող կողմը Հայաստանի Հանրապետությունն է, ուստի քննարկումներում դատաիրավական բարեփոխումներին նվիրված հարցեր կլինեն, որտեղ Հայաստանից Գեւորգ Դանիելյանը, Արա Զոհրաբյանը, Ալվինա Գյուլումյանը, ՄԻՊ տեղակալը եւ այլք կխոսեն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների մասին։ Նիստի բացումը կազդարարի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։