Սև բերդը տոնածառ չէ, Սայաթ-նովան էլ կինտո չէ

Սև բերդը տոնածառ չէ, Սայաթ-նովան էլ կինտո չէ

Սեւ Բերդն այլեւս հուշարձան չէ. այլեւս գրոշի արժեք չունի ՀՀ կառավարության 2004թ․ սեպտեմբերի 9-ի թիվ 1270-Ն նորմատիվ որոշումը՝ իր պետական ցուցակով հանդերձ, որտեղ Սեւ Բերդը նշված է որպես 19-րդ դարի հանրապետական նշանակության հուշարձան:



Այն վաղուց արդեն մասնավոր սեփականություն է. նախկին սեփականատեր գործարար, մտավորական, բարձր ինտելեկտի տեր երջանկահիշատակ Հայկ Հայրապետյանը Սեւ Բերդում մասնակի փոփոխություններ անելու եւ տարածքը որպես տուրիստական կենտրոն աշխարհին ներկայացնելու համար կատարել էր հսկայածավալ աշխատանք, որոնք բացառում էին հուշարձանի աղճատումը, առավել եւս՝ ոչնչացումը: Նրա մահվանից հետո ընտանիքը կառույցը վաճառեց Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին:
Եթե վերջինս առաջնորդվեր այն սկզբունքներով եւ քաղաքաշինական պատշաճ նորմերով, ինչով առաջնորդվում էր Հայկը, եթե քաղաքաշինության եւ մշակույթի նախարարությունները, իրենց նախարարներով հանդերձ, լինեին իրենց տեղում, Գյումրին այսօր զրկված չէր լինի իր քաղաքաշինական բրենդից:



Բերդի ներսում արված փոփոխությունները՝ երկաթե կոնստրուկցիաները, միջավայրի խաթարումները բավական են, որ նույնիսկ եթե աշխարհի ամենապրոֆեսիոնալ վերականգնողները հրավիրվեն, Բերդն այլեւս քաղաքակիրթ աշխարհի աչքին կունենա անարժեք մոթելի համարում: Իսկ երեկոյան, երբ մութն ընկնելուն պես վառվում են Բերդին փաթաթած լույսերը խավարի մեջ, ակամա այն համեմատում ես Պիգալ հրապարակի գունազարդված կանանց հետ, ովքեր զբաղված են հաճախորդ հրավիրելով:
Այս ամենով հանդերձ, կա նախաձեռնություն՝ դիմել միջազգային մի շարք կառույցների։ Մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ հանդիսացող հայ արվեստագետների օգնությամբ, հենց այդ կառույցի միջամտությանը, որպեսզի սահմանվի սեփականատիրոջ իրավասությունների շրջանակը հուշարձանի նկատմամբ՝ իր բոլոր ֆինանսական հետեւանքներով:



Այդ գործընթացից հետո հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել նաեւ լիազոր գերատեսչություններին՝ հանձինս գործող նախարարներ Հասմիկ Պողոսյանի եւ Նարեկ Սարգսյանի:



Սայաթ-Նովան էլ կինտո չէ



Հայտնի մուշուրբան փոխարինվեց տեղական բյուջեի հաշվին ՀՀ 7 միլիոն դրամի փոշիացումով կանգնեցված հուշարձանով, առավել չկայացած ու հոգնած կերպարով, ում Սայաթ-Նովա լինելու միակ հիշեցումը քամանչան է... Արտուշ Պապոյանը, ով հեղինակել է նաեւ Մխիթար Գոշի կիսանդրին (տեղադրված է դատախազության շենքի առաջ), այլեւս ապացուցել է, որ հաջողության գրավականն այսօր անտեղյակությունն ու ապաշնորհությունն է:



Պարոն Աղվան Հովսեփ­յանը, ով այդ ժամանակ գլխավոր դատախազն էր եւ միշտ հասարակությանը ներկայացել է որպես արվեստին մոտ կանգնած մարդ, գոնե պիտի իմանար, որ Գոշ անվանել են Մխիթարին՝ Դատաստանագրքի հանճարեղ հեղինակին, նրա անբեղ-անմորուս լինելու պատճառով (բարբառով՝ քյոսա), իսկ դատախազության դռան կիսանդրին աչքի է ընկնում իր փարթամ մորուքով:



Սայաթ-Նովայի «քանդակի» բացման օրը գյումրեցիները նշանավորեցին հումորով: Երբ քանդակի վրայից քաղաքապետ Բալասանյանն իջեցրեց սավանը, քանդակի գրկին դրված դույլով ջրից դուրս էին թռչում ձկները: Գյումրեցիներն անմիջապես արձանը նմանեցրին կինտոյի։ Իսկ երբ մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը Սայաթ-Նովայի անունից «ուղերձ» կարդաց, ժողովուրդն արձագանքեց. «Ծո, գիտեինք օր Կիրակոսյան Հասմիկը փարավոնի ժամանակ ապրել է, բայց օր Սայաթ-Նովայի վախտն էլ է ապրել, չիդեինք»:



Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Գյումրի