Բիբինը հաղթեց… եվ վե՞րջ

Բիբինը հաղթեց… եվ վե՞րջ

Ի՞նչ կկարողանա հակադրել ՀՀ կառավարությունն էլեկտրաէներգիայի թանկացմանն այն իմաստով, որ դա կործանարար չդառնա Հայաստանի բնակչության մոտ կեսի համար: Որքան հասկանում ենք, Հովիկ Աբրահամյանը փոխհատուցելու ոչ միջոց ունի եւ ոչ էլ ցանկություն, որովհետեւ էլեկտրաէներգիայի թանկացումն ամեն ինչի թանկացում է ենթադրում, իսկ ամեն ինչ փոխհատուցելը հրաշապատում հեքիաթների ժանրից է:
Բայց, մյուս կողմից էլ, կառավարության ոչինչ չանելը վերջինիս սպառնում է միանգամայն իրապատում հրաժարականով, որովհետեւ առաջիկա աշնանը, օրվա լույս ժամանակահատվածի կրճատման եւ ջերմաստիճանի նվազմանը զուգընթաց, կտրուկ աճելու է էլեկտրաէներգիայի պահանջարկը, հետեւաբար՝ նաեւ մարդկանց դժգոհությունը:



Իսկ եթե այդ դժգոհությունը նույնիսկ բունտի էլ չհանգեցնի, այսինքն՝ մի հոծ զանգված էլ հեռանա Հայաստանից, ապա գործող կառավարությունը դարձյալ հիմքեր չի ունենալու ինքնագովությամբ զբաղվելու եւ, թվանկարչության հաշվին, իր տեղում մնալու:
Նկատենք նաեւ, որ խնդիրն այս դեպքում զուտ տնտեսական չէ: Այ, օրինակ, բարոյական ի՞նչ իրավունքով է մի կառավարություն մնալու իր տեղում, որ ոչինչ չկարողացավ անել ՀԷՑ-ի դեմ: Չենք ասում` ելներ պայքարի: Բայց բանակցել, վնասները վերականգնելու ծրագիր մշակել, ոլորտի օպտիմալացման միջոցով ՀԷՑ-ի հետագա «վնասները» կանխարգելել եւ այլն, կարո՞ղ էին: Բոլորն ասում են` կորուստները վատ մենեջմենթի արդյունք է: Եթե այդպես է, ապա հնարավոր չէ՞ր Բիբինի համար լավ մենեջմենթ ապահովել, մի քանի խելացի մարդ տրամադրել, որ ոլորտը ոտքի կանգնեցնեին: Հասկանալի է, չէ՞, որ եթե Բիբինը շարունակի աշխատել վատ մենեջմենթով, մի քանի ամիս հետո նորից գալու է Ռոբերտ Նազարյանի մոտ ու թանկացման նոր հայտ բերի: Ուստի ճիշտ չի լինի նրան ինքնուրույն թողնելը, մանավանդ, որ վատ բնավորություն ունի` արհամարհել ՀՀ պետական կառույցները:



Կկարողանա՞, արդյոք, Բիբինից քշված ՀՀ կառավարությունն ինչ-որ կերպ փրկել իր հեղինակությունը` զսպելով սանձարձակ գնաճը, որ օգոստոսի 1-ից է գլուխ բարձրացնելու: Ուզում ենք հասկանալ` այդ հավելյալ 6.93 դրամից ի՞նչ է մնալու պետությանը, որ նա էլ կարողանա գնաճ զսպել կամ, առհասարակ, որեւէ գործով զբաղվել` իր քաղաքացիների կենսամակարդակի անկումը կանխելու համար: Այս մասին մեր իշխանավորները համեստորեն լռում են, որպեսզի այն տպավորությունը չստեղծվի, թե Հայաստանն էլ փայ ունի այս թանկացումից: Մինչդեռ անհնար է, որ այդ 6,93 դրամն ամբողջությամբ Բիբինը վերցնի: Հետեւաբար` կարելի էր խոստանալ, որ մեր իսկ վճարած հավելյալ գումարներից գոնե կենսաթոշակ կավելացնեն: Բայց ոչ, լռվել մնացել են, խոսում են ինչ-ինչ թիրախային խմբերի օգնելու մասին, որ հետո գումարների ծայրը տանեն-կորցնեն չգիտեմ որ չինովնիկի գրպանում:



Սերժ Սարգսյանի փոխարեն լինեի` կկարգադրեի ՀԷՑ-ի վնասները փակել իմ եւ մյուս բոլոր պատասխանատուների հաշվին: Առնվազն կարելի էր մտածել, որ ժողովուրդը մեղավոր չէ այս իրավիճակի համար, եւ գոնե այս հարցում ոչ ոք իրավունք չուներ դիպչելու նրա առանց այն էլ համեստ օրապահիկին: Ուրիշ ժամանակ ասում են` մեզ ուժեղ նախագահ է պետք: Մի՞թե իսկական տեղը չէր այդ նախագահի ուժը ցույց տալու եւ ապաշնորհ կառավարիչներին ստիպելու` փակել այդ 24 միլիարդ դրամը, որպեսզի ավելի շրջահայաց դառնան Բիբինի ու նրա նմանների գործունեության հետ կապված հարցերում:



Արդեն թեւավոր խոսք է դարձել` «Բիբինն ո՞վ դառավ, որ…»-ը: Հիմա ես հարցնում եմ. «Շարմազանովն ո՞վ դառավ, որ նախագահի փոխարեն հայտարարի, որ հենց ժողովուրդը պետք է փակի այդ 24 միլիարդը»: Մինչ այս պահը գոնե Սերժ Սարգսյանը մի կես բերան անգամ չի արտահայտվել այս թեմայով: Ինչո՞ւ: Մի՞թե այսօր ավելի կարեւոր գործ կա, քան Հայաստանի բնակչության մնացորդացը Հայաստանում պահելը:



ՀՅԴ-ն, կարծես, օրենքի նախագիծ է մշակել, որ էլեկտրաէներգիայի նոր սակագինը ներառվի սպառողական զամբյուղի մեջ, եւ, ըստ այդմ, մեծացվի զամբյուղը: Վատ գաղափար չէ, եթե հաշվի առնվեն նաեւ կենսական անհրաժեշտության մյուս ապրանքների թանկացումները: Շարմազանովին եւ նրա ՀՀԿ-ական գործընկերներին, իհարկե, նոր սպառողական զամբյուղը կարող է շատ ճոխ թվալ, բայց, ի՞նչ կարող ես անել, երբ օբյեկտիվորեն գոյություն ունի մի մինիմում, որից ներքեւ մարդն այլեւս ի վիճակի չէ գոյատեւել: Եվ հիմա, եթե ավելի պատկերավոր ասենք, Բիբինը մտել է մեր սպառողական զամբյուղի մեջ եւ այնտեղից յուրաքանչյուր մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի համար տարել հավելյալ 6,93 դրամ, այսինքն` մեր բազմահազար քաղաքացիների դրել կենսական առումով անապահով վիճակի մեջ: Հարցնում եմ` ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա դրա համար, թե՞ շարունակելու ենք Բիբինին հայհոյելով ման գալ ու ոչինչ չանել գոնե կառավարության իմիջը փրկելու համար: