Եվ եղեվ «Յառաջ»

Եվ եղեվ «Յառաջ»

Արփիկ Միսաքեանի հիշատակի առթիվ



Արփիկ Միսաքյանի անունը եթե շատերին հայտնի է որպես «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսաքյանի դուստր ու նրա գործի նվիրյալ շարունակող, ապա այս հանգամանքը բավական է, որ լույս սփռի նրա անցած բեղուն ստեղծագործական կյանքի ու գործունեության վրա: Շուրջ կեսդարյա հիրավի նրա տքնանքը օրաթերթը խմբագրելու տարիներին ասվածի վկայություններից է: Կար ժամանակ, երբ «Յառաջը» համարվում էր ամենայն սփյուռքահայոց թերթ, հաղորդակցման միջավայր: Այս անվանումն ամենեւին պատահական չէր, քանի որ Հայաստան-Սփյուռք շաղկապող այն հուսալի կամուրջն էր օրաթերթը՝ ամենատարբեր առումներով, ազգային, մշակութային ընդգրկումներով, իսկ խմբագրատունը Հայաստանի յուրօրինակ դեսպանատուն էր դարձել թե Հայաստանից այցելած մտավորականների եւ թե սփյուռքահայ այն ազգային, մշակութային գործիչների, գրողների համար, որոնք ոչ միայն տպագրվում էին «Յառաջ»-ում, այլեւ խմբագրատան մշտական սպասելի այցելուներն էին՝ Վիլյամ Սարոյանից մինչեւ Վահե Օշական, որոնք Արփիկ Միսաքյանի ծանրակշիռ խոսքին,- թե հայաստանյան եւ թե սփյուռքյան իրադարձություններին վերաբերող,- կարոտ էին եւ նրանից էին անմիջականորեն ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները, եւ որոնք հիմնականում, որպես կանոն, չափազանց իրական էին, սրտացավ, հոգեբանորեն արդարացված: Քանզի չէր կարող Արփիկ Միսաքյանը կեղծել, այս կամ այն երեւույթի իրական պատճառների մասին չբարձրաձայնել՝ հոգու մտոք ու իրեն հույժ բնորոշ ազնվությամբ, բացասրտությամբ, Հայի, Հայաստանի ու Սփյուռքի իրականության մասին իր անսպասելի մեկնաբանումներով, ինչպիսին իր գրած առաջնորդողներն էին տասնամյակներ շարունակ:



Օրաթերթի խմբագրի այն ինքնօրինակ տաղանդը, որով օժտված էր Արփիկ Միսաքյանը, զարմանահարուց էր եւ ընդօրինակելի: Եվ դա էր պատճառը, որ Սփյուռքի ամենատարբեր գաղթօջախներ առաքվող «Յառաջ»-ը համահայկական միջավայր էր ստեղծել, քանի որ անսքող լուսաբանվում էր հայությանը հուզող ամեն խնդիր. ինչպես ասում են՝ խմբագրի ձեռքը միշտ հայության զարկերակի վրա էր:



Արփիկ Միսաքյանի անունը սերտորեն է առնչվում ֆրանսահայ մեծանուն գրող Շահան Շահնուրի հետ. նրա շնորհիվ Շահնուրը «երկրորդ շնչառություն» ստացավ, եւ ֆրանսագիր Արմեն Լյուպենն սկսեց հայերեն գրել: Շահնուրի կյանքի ծերանոցային տարիների միակ ապավենն ինքն էր՝ մինչեւ գրողի մահը, երբ դստեր խոնարհ հոգածությամբ որոշեց Շահնուրի եւ Շավարշի վերջին հանգրվանը միատեղել Պեր Լաշեզում վեր խոյացող Շ դամբանաքարի տեղադրմամբ...



Այսօր Սփյուռքը «անձինք նուիրեալք»-ի հանդեպ կարոտ ունի՝ օրավուր նրանց շարքը նոսրանում է. Արփիկ Միսաքյանն այդ վերջին մոհիկաններից էր, նրանցից շատերը, «ինչպէս արծիւ մը թէ ընդ օդս սլանայ՝ թէ ժայռի մը կատարը հանգչի՝ միշտ խորաթափանց նայուածքը ամեն կողմ կը յածէ» (Եղիազար Մուրատեան), գուցեեւ այն աշխարհից հսկելու հայոց անդորրը...



Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ