Արմեն Երիցյանը «փրկում» է բոլորին՝ ոստիկանապետից մինչև վարչապետ և նախագահ

Արմեն Երիցյանը «փրկում» է բոլորին՝ ոստիկանապետից մինչև վարչապետ և նախագահ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, կարծես, կառավարության «Պիտուշոկը» լինի, բոլոր արտակարգ վիճակներից, անհարմար և կնճռոտ հարցերի տակից նա հաջողությամբ կարողանում է դուրս գալ, փրկելով ոչ միայն իր դեմքը, որին մշտապես «քաղաքակիրթ» կիսաժպիտ է, այլև իր վարչապետի, իր նախկին ծառայակից ոստիկանների, իր հետ միևնույն նավակում հայտնված մարզպետների, գյուղապետերի, որոնց մեղքով, օրինակ, հեռավոր մարզերում բնակվող երեխաները դպրոց հասնելու համար մեկ ժամ շուտ պետք է դուրս գան տանից։ Որպես նախկին ոստիկան, Արմեն Երիցյանը բարձր գնահատական է տալիս իր կոլեգաների աշխատանքին։ Կառավարության նիստից հետո նա ասաց, որ շատ նորմալ է գնահատում հունիսի 23-ի ոստիկաննների գործողությունները։ «Ոչ մի ուժ էլ չի կիրառվել։ Ես համարում եմ, որ ոստիկանությունն իր առաջ դրած խնդիրը կատարել է», - ասում է Արմեն Երիցյանը։ Համայնքների խոշորացման հետ կապված հույս է տալիս, որ լավ կլինի։ Ոչի՞նչ, որ բնակիչների զգալի մասը դեմ է քվեարկել այդ նախագծին։ «Ոչ թե զգալի, այլ փոքրիկ»,  - ճշտում է Արմեն Երիցյանը և հույս է տալիս, որ դպրոցներ և մանկապարտեզներ չեն փակվի։ Մյուս լրագրողին հասցնում է պատասխանել, որ մի գյուղից մյուսը տրանսպորտի հարցը կնայվի և անպայման կլուծվի։ Մեկ այլ չորրոդ իշխանավոր փորձում է կոտրել նախարարի լավատեսությունը, հիշեցնում է նրան, որ ախր, Լարսում կրկին ճանապարհ է փակվել, տրանսպորտի ոլորտից վերադարձնում է դեպի սողանքների հարազատ թեմա։ «Այսօր մի պահ եղել է ճանապարհին սողանք և փակվել է ճանապարհը, աշխատում են բացել», - խուճապը մարում է նախարարը։ «Գազալցակայաններում մեքենաներ են պայթում, հրդեհներ են, պայթյուններ, նոր դեպք է եղել», - շարունակում են տագնապ սփռել լրագրողները։ «Այդ ուղղությամբ մենք աշխատանք տանում ենք, - չի հանձնվում նախարարը, - բայց այնպես չէ, որ ԱԻՆ-ը ամեն օր պետք է լինի այդ գազալցակայաններում։ ՀՀ մեքենաների մի 60-70 տոկոսը, եթե ոչ ավելին, գազով են աշխատում, դրա համար խնդիրներն ավելի շատ են լինում գազի հետ»։ «Ու՞մ բացթողումն է», - ձվում մազ է փնտրում մի անհանգիստ լրագրող։ «Լցակայանները շատ են լիցքավորում, որ իրենց մոտ գնան, քանի որ գազալցակայանների թիվը շատացել է, 196- ի փոխարեն 250, 220 են լցնում», - հանգստացնում է նրան նախարարը։ Վերջապես մեկը հանդգնում է առանցքային հարց տալ։ «Իսկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի լցակայանները ստուգե՞լ եք»։ «Չկա այդպիսի գազալցակայան, որ մենք չստուգենք, - պատմում է նախարարը, և մի պահ մեզ զգում ենք հեքիաթային մի երկրում, մինչև որ Արմեն Երիցյանը բոլոր երազողներին գետին է իջեցնում․ «Ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի»։ «Լավ, իսկ որպես մարզերի վրա ազդեցիկ լծակներ ստացած նախարար, ինչպե՞ս եք օգտագործելու դրանք առաջիկա ընտրություններում», - չի նահանջում մի լավատես լրագրող, որը դեռ հույս ունի, թե դրական դեմքի արտահայտությամբ մի պաշտոնյա մի օր խոստովանություն է անելու տեսախցիկների առաջ։  Եւ ստանում է անկեղծ պատասխան․ «Ինչպես միշտ մենք նորմալ ընտրություներ կանցկացնենք»։