Մի՞թե այդքան զզվելի եվ ծիծաղելի ենք դարձել, որ անգամ ԱԱ եվ քննչական մարմիններին չենք հավատում

Մի՞թե այդքան զզվելի եվ ծիծաղելի ենք դարձել, որ անգամ ԱԱ եվ քննչական մարմիններին չենք հավատում

Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի խոստովանական ցուցմունքից հետո Սյունիքից համառորեն լուրեր են հասնում, որ Աթաջանյաններն ահուսարսափի մեջ են ապրում, սպառնալիքների մթնոլորտում, հատկապես նախօրեին Գարենի որդու՝ Մհեր Աթաջանյանի խանութի վրա հարձակումից հետո, որը կազմակերպել էր Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը։ «Լավ եմ արել, պիտի մի քանի գլուխ ջարդեի՝ մի քանի ապակի եմ ջարդել»,- երեկ մեզ հետ զրույցում պարծեցել էր նա: Ի՞նչ նոր արշավանքներ է կազմակերպել մարզպետի թիմը, եւ ո՞վ է հաջորդը մարզպետի պատիվը պահելու: Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք մարզպետի խորհրդական, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ:



- Մարզպետ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդը, Գարեն Աթաջանյանի մեղքը դեռ չապացուցված, փորձեց հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի հետ, մարզպետի թիմին, կարելի է ասել, ամեն բան հայտնի է, Դուք վստա՞հ եք, որ նա է մահափորձ կատարել:



- Հիմարություն է Զարզանդի քայլը, միայն դա կարող եմ ասել:



- Իսկ գուցե Զարզանդն իրականություն դարձրեց ձեր թիմի ընդհանուր որոշումը, եւ այդպիսով փորձ է արվում վախեցնե՞լ Աթաջանյաններին:



- Իհարկե, ընդհանուր մոտեցումը չէ, եւ Սուրիկ Խաչատրյանն ինքը չի իմացել այդ մասին, գիշերն է եկել, եւ դժվար թե Սուրիկ Խաչատրյանը, բացի պարսավանքից եւ դժգոհությունից, որեւէ բան արտահայտի: Ի՞նչ կարիք կա, իրավապահներն զբաղվում են այդ հարցով, եւ հարցը չպետք է հասնի վենդետայի: Ընդ որում, խանութի տերը՝ Մհերը, եւ Զարզանդը մտերիմ ընկերներ են: Իմ այն հարցին, թե Զարզանդ, ինչո՞ւ ես դա կատարել, ասաց՝ ես էլ չպատկերացրեցի, ջղայնությունը մտավ մեջս՝ արեցի:



- Բա որ էլի ջղայնությունը մտնի Զարզանդի մեջ, ու այս անգամ ոչ թե ապակի կոտրի, այլ, ինչպես ինքն էր ասել՝ գլուխ:



- Չէ, չէ, Սուրիկ Խաչատրյանը կսանձի նրան, չի թողնի, որ տարօրինակ որեւէ քայլ կատարի, նա կպատժվի: Իհարկե, չեմ կարող ասել, թե Խաչատրյանը կոնկրետ ինչ կանի, դեռ չեմ խոսել հետը, ես Սիսիանում եմ, իսկ նա գիշերն է վերադարձել Հայաստան: Բայց Զարզանդը շատ վախենում էր եւ ասում, որ Սուրիկ Խաչատրյանն իրեն կպատժի:



- Զարզանդն ասում էր, որ Կապանում բոլորն են զայրացած, ոչ միայն ինքը:



- Այո, բոլորը զայրացած են մարզպետի դեմ կատարված մահափորձից, եւ ողջ Սյունիքն ուղղակի վատ է վերաբերվում այդ երեւույթին:



- Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկա օրերին Կապանի եւ ընդհանրապես Սյունիքի վրդովված բնակիչներն էլ փորձեն Աթաջանյանների հետ հաշվեհարդար տեսնել: Բոլորի դեմը չեք կարող, չէ՞, առնել, իրենք էլ սպառնալիքների մթնոլորտում են ապրում:



- Չէ, չէ, բանը դրան չի հասնի, վրդովմունքը, ատելությունը, վենդետան տարբեր բաներ են:
Բոլորի համար թեպետ ոչ մեկը չի կարող պատասխան տալ, բայց վրդովվածը եւ թշնամական վերաբերմունքը, քայլերը տարբեր բաներ են: Հարյուրավոր մարդկանց հետ եմ խոսել, իրենք արտահայտել են իրենց վրդովմունքը, մանավանդ որ Գարեն Աթաջանյանին մարզպետը տասնյակ անգամներ լավություններ է արել: Աթաջանյանների ընտանիքն սպառնալիքների մթնոլորտում չի ապրում, նրանց ընտանիքի տղաներն ազատ պտտվում են իրենց մեքենաներով, իսկ Մհեր Աթաջանյանն էլ ասել էր՝ ի՞նչ ա եղել, դուռ ա ջարդվել՝ ջարդվել ա:



- Իսկ լավություն անողի դեմ ինչո՞ւ պիտի մահափորձ կազմակերպեն:



- Դա հետաքննությունը կպարզի: Խաչատրյանն աշխատել է Աթաջանյանի ավագ եղբոր՝ Կապանի նախկին քաղաքապետ, հանգուցյալ Գագիկ Աթաջանյանի հետ, ով եղել է անգամ Սուրիկ Խաչատրյանի օգնականը: Սուրիկ Խաչատրյանը մի քանի անգամ ընդառաջել է Գագիկ Աթաջանյանի դստերը: …Չգիտեմ ինչ հարցով, բայց բոլորն են ասում, որ ընդառաջել է:



- Իսկ սյունեցիները չե՞ն հավատում այն խոսակցություններին, որ Խաչատրյանն ինքն է կազմակերպել իր դեմ մահափորձը՝ մեղմելու այդ օրերին իր անվան շուրջ Զաքարյան եղբայրների հետ կատարված միջադեպից բարձրացված աղմուկը:



- Լսեք, դա արդեն անցյալ է եւ շատ զզվելի ստահոդ լուր: Ինչպե՞ս կարող է մարդն ինքն իր դեմ մահափորձ կատարել, եւ հետո ԱԱԾ-ն բռնի մարդկանց, որոնք կատարել են:



- Նախ՝ ձերբակալվածների մեղքը դեռ ապացուցված չէ, երկրորդ․ մամուլն այս տարիներին բազմաթիվ դեպքեր է արձանագրել, որ Խաչատրյանների թույլ տված արարքների համար այլ քավության նոխազներ են ընտրվել:



- Գրելը քիչ է, փաստ բերեք, որ ինչ-որ մեկը պատժվել է ինչ-որ մեկի համար, դա արդեն զզվելի ֆանտազիայի ժանրից է: Այդպիսի բան չկա, յուրաքանչյուր ոք պատասխան է տալիս իր արարքի համար: Եվ մի՞թե այդքան զզվելի եւ ծիծաղելի ենք դարձել, որ անգամ ԱԱ եւ քննչական մարմիններին չենք հավատում: Ի՞նչ է, հավատանք լրագրողների՞ն, որոնք այդ հարցով նպատակաուղղված եւ միտումնավոր սուտ են տարածում:



- Իսկ Ավետիք Բուդաղյանի սպանության համար ո՞վ պատասխան տվեց, Խաչատրյանի որդու մասնակցությամբ Զաքարյան եղբայրներին խոշտանգեցին, ո՞վ է պատասխանը տալու: Երբ օրենքը չի գործում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ, կասկածելի մահափորձի գործով…



- Եթե Դուք մեկ անգամ էլ ասեք «կասկածելի մահափորձ», ես Ձեզ հետ այլեւս չեմ խոսի: Երբ մարդու մեքենայի վրա 22 գնդակով խոցում են, եւ բռնվում են չորս հոգի, որոնցից մեկը խոստովանել է իր արարքը, էլ կասկածելին ո՞րն է: Օրենքը գործում է նրա նկատմամբ, եթե նրա շրջապատից որեւէ մեկը որեւէ բան է կատարում, ուրեմն օրենքի ողջ խստությամբ պատիժ է հասնում: Զաքարյան եղբայրների գործով էլ չորս հոգի կալանավորված են: Ի՞նչ պետք է անեին, բռնեն նրան ազգուտակով ձերբակալե՞ն, որ ինչ-որ մեկն իրեն բավարարվա՞ծ զգա:



- Իսկ Արա Բուդաղյանն ի՞նչ առնչություն ունի Աթաջանյանների հետ:



- Չգիտեմ, չեմ կարող ասել, միայն այն, որ Աթաջանյանն անցնում է այս գործով, դա արդեն որեւէ բանականության չի ենթարկվում: Հասկանո՞ւմ եք, ինչո՞ւ պետք է նա այդպիսի բան աներ, մարդ, որն անընդհատ նրան ընդառաջել է, լավ բաներ արել, հիմա նրա դեմ մահափորձ կազմակերպել կամ ընդգրկված լինել, դա բանականությանը չի ենթարկվում:
Նա նորմալ բիզնես ուներ, հացի փուռ եւ հաց էր մատակարարում զորամասերին, նորմալ աշխատում էր, նորմալ հարաբերություններ ուներ Խաչատրյանի հետ:



- Իսկ հնարավո՞ր է, որ բիզնեսի հետ կապված է տարաձայնություն առաջացել նրանց միջեւ, օրինակ՝ ցանկացել են խլել նրանց բիզնեսը:



- Ի՞նչ բիզնես խլելու մասին է խոսքը, գնալու են խանո՞ւթը խլեն, թե՞ հացի փուռը: Դուք լավ չեք ճանաչում Սուրիկ Խաչատրյան մարզպետին եւ մարդուն, ինքն ընկած՝ գիշեր-ցերեկ մարդ է ման գալիս, գործարար է ման գալիս, որպեսզի Սյունիքում գոնե 1-2 աշխատատեղ բացվի, ինքն ամեն ինչ անում է, որ Սյունիքը ծաղկի, ինքն ապրում է Սյունիքով:



- Եթե Սուրիկ Խաչատրյանը միշտ լավություն է արել, նա էլ՝ նորմալ հարաբերություն պահպանել, անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է նման բան տեղի ունենար, ինչպես Դուք եք համոզված:



- Օրինակ, կարող է էդ Գարին մի ընենց ստոր արարք է արել, որը մարդկային բանականությունը չի բռնում:



- Այդ դեպքում դերերով պետք է փոխվեին, ու Սուրիկ Խաչատրյանը նրա դեմ մահափորձ կազմակերպեր:



- Ուրեմն Սուրիկ Խաչատրյանն այնքան լավն է, որ չի ցանկացել որեւէ մեկին վատություն անել, իսկ էդ Գարին էնքան վատն է, որ թաքնվել է բարեկամական քողի տակ, ոչխարի բրդի տակ գայլ է թաքնված եղել: