Ազատ արձակված վարազները վերադարձել են կենդանաբանական այգի

Ազատ արձակված վարազները վերադարձել են կենդանաբանական այգի

Ուսսուրիյսկի «Կանաչ կղզի» կենդանաբանական այգու վարազները վերադարձել են, երբ նրանց ազատ են արձակել քաղաքի հարակից անտառներում, տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում կատարելով քաղաքային իշխանությունների մամլո ծառայությանը: 



Վարազներին փորձել են ազատություն տալ հեղեղված վանդակներից մի կերպ փրկելուց հետո: Սակայն նրանք գտել են հետդարձի ճանապարհը և վերադարձել «տուն», որտեղից ԱԻՆ աշխատակիցներն արդեն տարհանել են բոլոր կենդանիներին: 



«Այժմ վարազներին տեղավորել են կենդանաբանական այգու իրենց նախկին հարևանների՝ արջերի մոտ»,- պատմել են մամլո ծառայությունում: Այդ երկու վարազներից բացի ժամանակավոր կացարանում պահվում են նաև 13 արջ և 3 շնագայլ: 



«Կանաչ կղզի» կենդանաբանական այգին, որ գտնվում էր Ռազդոլնայա գետի ափին, ողողվել էր օգոստոսի 30-ին, երբ «Գոնի» թայֆունի հետևանքով փլուզվել էր գետի վրա կառուցված ջրամբարի պատնեշը: Գազանանոցը հայտնվել էր մոտ 1.5 մետր բարձրությամբ ջրի տակ: Արդյունքում ջրահեղձ էին եղել հիմալայան արջը, փորսուղը և մեկ շնագայլ: Եվս մեկ արջի չէր հաջողվել փրկել տարհանումից հետո: