Ադրբեջանում զորավարժություններ են սկսվել

Ադրբեջանում զորավարժություններ են սկսվել

Ադրբեջանական բանակն այսօր լայնամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություններ է սկսել։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։



Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 13-ը։ Դրանց կմասնակցի 65 հազար մարդ, մոտ 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 հրթիռային և հրետանային սարքավորում, մինչև 40 ինքնաթիռ, 50 ուղղաթիռ, 20 նավ և այլ համակարգեր։ Օգտագործվելու են նաև անօդաչու թռչող սարքեր։



Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանատարության ներքո անցկացվող զորավարժությունների նպատակը բոլոր տեսակի զորքերի մարտունակությունը ստուգելն է։



Հրամանատարա-շտաբային զորավարժությունների ընթացքում իրականացնելու են զորքերը լիակատար մարտունակության բերելու և այլ վարժություններ։ Բացի այդ, զորավարժությունների ընթացքում ստուգվելու է ռազմական միավորումների ու զորամասերի պատրաստվածությունը՝ զորահավաք իրականացնելու հարցում, որոնց մասնակցելու են նաև ավելի քան 6000 պահեստային զինծառայողներ։