Եթե չձևավորվի միասնական ճակատ, պայքարը կտապալվի

Եթե չձևավորվի միասնական ճակատ, պայքարը կտապալվի

Ընդդիմադիրների երկար փնտրտուքներից ու բանակցություններից հետո սահմանադրական փոփոխությունների դեմ միանգամից մի քանի ճակատիկներ են ձեւավորվել: Սկզբում՝ «Փրկության ճակատ», իսկ շաբաթ օրը՝ «ոչ»-ի, մոտ օրերս պայքարի մեկնարկի մասին վերջնական հայտարարությամբ հանդես կգա նաեւ «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը: Սակայն այս ճակատներում տեղ չեն գտել բազմաթիվ ուժեր, որոնք մինչ այդ նույնպես հայտարարել են սահմանադրական գործընթացի դեմ պայքարելու մասին: Օրինակ, ՕԵԿ-ը, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Արամ Կարապետյանի «Նոր ժամանակները», Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» եւ այլն:



Այս բոլոր ճակատների կռվանը սահմանադրական բարեփոխումների գործընթացն է, բայց բոլորի միասնության եւ մեկ ճակատով պայքարի գնալու խոչընդոտները հիմնականում նրանց ամբիցիաներն են։ Ոմանք կարծում են, որ իրենք չպետք է միանան «ոչ»-ի ճակատին, որի մասին ի սկզբանե հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը, ոմանք էլ պահանջների ձեւակերպման, մոտեցումների հարցում այլ տեսակետ ունեն:



Անցած հինգշաբթի հայտարարված «Փրկության ճակատի» նախաձեռնողները «Ժառանգություն», Պարույր Հայրիկյանի ԱԻՄ կուսակցություններն էին, Հիմնադիր խորհրդարանը, «Ոտքի, Հայաստանը» եւ Քաղաքագետների միությունը: Բայց նրանք չեն կարողանում համաձայնության գալ «փրկության» միջոցների, մարտավարության շուրջ: Զարմանալիորեն, նույն մարդիկ միացել են շաբաթ օրը ձեւավորված «ոչ»-ի ճակատի հայտարարությանը: «Ոչ»-ի գաղափարակիրները կարծում են, որ Սերժ Սարգսյանը եւ նրա վարչախումբը խորհրդարանական համակարգի անցնելու քողի տակ ձեռնարկել են սահմանադրական փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը եւ հավերժացնել իրենց իշխանությունը․ «Նկատի ունենալով, որ նման հեռանկարն սպառնում է երկրի անվտանգությանն ու կայունությանը եւ վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ իբրեւ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության կայացումը, հայտարարում ենք, որ մեր առջեւ նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը եւ իշխող վարչախմբի վերարտադրությունը»: Այս հայտարարությանն են միացել նաեւ ՀԱԿ, «Ժառանգություն»,



Հայաստանի ժողովրդական, «Հայազն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները եւ այլ հասարակական-քաղաքական ուժեր ու ՀԿ-ներ՝ մոտ մեկ տասնյակից ավելի:
Երեկ «Փրկության ճակատը» կրկին նիստ է հրավիրել, մի քանի ժամ քննարկել, բայց դարձյալ համաձայնության չեն եկել ընդհանուր հայտարարության շուրջ: Ի՞նչն է խանգարում միասնական ճակատի ձեւավորմանը, նիստից հետո հարցրինք «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին։ «Ոչ մի բանը: Միակ խանգարիչ հանգամանքը ժամանակն է, որը կհարթվի»: Մարտիրոսյանն ասաց, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ երկու ճակատները միավորվեն, մոտեցումները մեկտեղվեն։ «Եվ մոտեցումների խնդիր գոյություն ունի, եւ անձերի, եւ քաղաքական ուժերի խնդիր գոյություն ունի,- անկեղծացավ նա։- Սա հո իշխանություն չի՞, որ բոլորը գան միավորվեն կերակրատաշտակին»: Իր տպավորությամբ, բոլորը «կարծես թե» կողմ են իշխանափոխության պահանջին եւ բարեփոխումների կասեցման գործընթացը դրա բաղկացուցիչ մաս են համարում: Նկատեցինք, որ ոչ «Փրկության ճակատն» է իշխանափոխության մասին հայտարարություն ընդունել, ոչ էլ «ոչ»-ի։ «Դրա համար եմ ասում, որ միասնական օրակարգի մասին խոսելը դեռ վաղ է: Այդ հայտարարությունը, կարելի է ասել՝ նախնական օրակարգն է, որը կարող է փոխվել»: Մարտիրոսյանը չասաց, թե ովքեր կամ որ ուժերն են դեմ եղել իշխանափոխության պահանջին:



 



Ոչ թե ճակատ, այլ ճակատներ  



Բարեփոխումների գործընթացին դեմ է նաեւ «Հայաստան» ժողովրդավարական նախաձեռնությունը, որը ձեւավորվել է ՀԱԿ նախկին անդամների, մտավորականների, երիտասարդների կողմից: Այս նախաձեռնության մեջ են Գառնիկ Մարգարյանը, Մանուել Գասպարյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, ով դրական է համարում, որ սահմանադրության դեմ մի քանի ճակատով է գործընթաց սկսվել. «Ամենակարեւորը, որ հետագայում միասնական պայքար ձեւավորվի»: Գիմիշյանը կարծում է, որ չպետք է իշխանափոխության պահանջ դնել ու գործընթացը վերածել աթոռակռվի: Իրենց նախաձեռնության պահանջն այլ է՝ ոչ թե կառավարման մոդելի ընտրությունն են կռվան դարձնում, այլ արժեհամակարգի կորուստը, որը բերելու է նոր սահմանադրությունը. «Հայ մարդը վերանում է նոր սահմանադրությամբ, Հայաստանը վերանում է, էլ ի՞նչ կարեւոր է, թե ով է ղեկավարում երկիրը: Ժողովուրդը նաեւ զզվել է իշխանափոխության պայքարից, ու հիմա պահանջը պետք է գլոբալ դնել»: Գիմիշյանն ասում է նաեւ, որ «ոչ»-ի ճակատի հետ համագործակցության խնդիր իրենց նախաձեռնությունը չի տեսնում, նույնիսկ անհրաժեշտ է համարում:



«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն էլ առաջիններից է, ով արտահայտվել է փոփոխությունների դեմ, բայց այսօր որեւէ ճակատում չկա, ինչո՞ւ։ «Ես ի սկզբանե եմ կոչ արել, մոռանալով անձնական տարաձայնությունները, միանալ «ոչ»-ի ճակատում: Այս ընթացքում քննարկումներ եմ ունեցել տարբեր քաղաքական գործիչների, այդ թվում՝ Հայրիկյանի հետ, բայց վերջերս իմացա, որ խումբ է ձեւավորվել, զանգեցի, որ իմանամ ինչի մասին է խոսքը, ես հասկացա հետեւյալը․ որ, ցավոք սրտի, մեր որոշ ուժերի այրերը դեռեւս համարում են, որ իրենք եւ քննիչ են, եւ դատախազ, եւ դատավոր, եւ եթե ձեւավորվում է ինչ-որ ճակատ, իրենք իրավասու են ասելու, թե ով կարող է մասնակցել, ով չի կարող»։ Իսագուլյանը չցանկացավ ասել, թե ովքեր են դեմ եղել իր մասնակցությանը եւ ինչ հիմնավորմամբ, միայն ցավ հայտնեց, որ ձեւավորվել է ոչ թե միասնական ճակատ, այլ՝ ճակատիկներ, որոնք, ըստ նրա, շատ արագ կկոտրվեն: «Ես մեկ անգամ էլ կոչ եմ անում մի կողմ դնել անձնական տարաձայնությունները, միմյանց նկատմամբ համակրանքներն ու հակակրանքները եւ ձեւավորել ընդհանուր ճակատ, կամ էլ կարելի է ասել, որ նրանք ամեն ինչ անում են, որ այս գործը տապալվի»:



«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանն էլ փոխանցեց, որ չնայած իրենք դեմ են փոփոխություններին, բայց չեն կարող միանալ մի դաշինքի, որտեղ ԵՏՄ-ին կողմ ուժեր կան: «Հանրապետությունը» միայնակ կշրջի մարզերում եւ կքարոզի իր «ոչ»-ը: