Օսկանյանն ասում է՝ հետո

Օսկանյանն ասում է՝ հետո

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ-ի ութերորդ նստաշրջանը: Նիստին ներկա է 121 պատգամավոր: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր է դարձել Կարեն Բեքարյանը՝ փոխարինելով ՀՀԿ-ական, արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանին:



Ապա վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ քանի որ ԱԺ նիստերի գլխավոր հարցը նոր Սահմանադրության նախագիծն է, ուստի ինքն առաջարկում է ԱԺ-ում ընթացող քննարկումները հեռարձակել ուղիղ եթերով: Սա, ըստ Զուրաբյանի, հնարավարություն կտա հասարակությանը հետեւել զարգացումներին։ Գրիգորիչը մերժեց, ասելով, որ նման ռեսուրսներ եւ ֆինանսական միջոցներ չկան: «Նշանակում է, որ դավադրություն ենք անում ժողովրդի թիկունքում, եթե դուք արդար գործ ենք անում, ուրեմն դուք առաջինը պետք է շահագրգիռ լինենք, եւ չվախենաք, եւ նաեւ ռեսուրս կգտնեք»,- հակադարձեց Զուրաբյանը: Գ.Սահակյանն էլ «տակ չմնաց», ասաց, որ ընդունում է Զուրաբյանի շանտաժը:



Ապա վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, նա էլ հայտարարեց, որ ԱԺ է ներկայացվել մի նախագիծ, որը բացարձակ կապ չունի հայ ժողովրդի ազգային շահերի հետ․«Այստեղ՝ դահլիճում են գտնվում Սերժ Սարգսյանի փաստաբանները, որոնք նպատակ ունեն, ներկայացնել մի նախագիծ, որը նպատակ ունի նպաստել Ս.Սարգսյանի իշխանավարման երկարաձգությունը, մինչդեո այստեղ պետք է քննարկվեր նրա ինպիչմենտի հարցը»։ Փոստանջյանը նաեւ կոչ արեց հասարակությանը լինել ուշադիր եւ հետեւել թե ով ինչ է խոսում ԱԺ-ում: Ըստ Փոստանջյանի պետք է լծվել գործի եւ հեռացնել Սերժ Սարգսյանին իշխանությունից:Փոստանջյանին խոսքն ավարտել թույլ չտվեցին եւ անջատեցին նրա խոսափողը։



Մենք ավելի վաղ կանխատեսել էինք, որ այս նիստը դրամատիկ ընթացք է ստանալու։ Դատելով մեկնարկից, մենք չենք սխալվել։ Այս նիստի ամենաուշագրավ փաստերից մեկն էլ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ներկայությունն է, Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հետո նա ԱԺ ոչ բոլոր նիստերին է հաճախում։ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նրա դիրքորոշումը այնքան էլ հայտնի չէ․ ամիսներ առաջ նա եւ իր կուսակիցները արմատական «դեմ»-ի ճամբարում էին, իսկ հիմա ԲՀԿ-ն փոխել է դիրքորոշումը եւ աջակցում է Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը, Օսկանյանը այս միայն մեկ-երկու Ֆեյսբուքյան ստատուսով է վերջերս հանդես եկել, իսկ վերջնական դիրքորոշման մասին շարունակում է լռել։ Մենք փորձեցինք դահլիճից դուրս գալուն պես պարզել նրա դիրքորոշումը եւ հարցրեցինք նաեւ կուսակցաշինական աշխատանքների մասին, բայց Օսկանյանը միայն պատասխանեց․«Հետո, հետո»։