Սարից իջա ես դպրոց

Սարից իջա ես դպրոց

Տաշիր քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտներից մեկի ծնողը բողոքում էր, որ անգլերենի ուսուցիչ Մկրտչյանը սխալ արտասանած բառի, առաջադրանքը թերի կատարելու եւ այլնի համար երեխաներին ծեծում է, վիրավորում «դեբիլ», «տավար», «հավ» եւ նման անվայել բառերով: Ծեծն էլ պարզապես դաստիարակչական ապտակ չէ, ծալում է ձեռքի 5 մատը, բռունցք անում, միջնամատը մի փոքր դուրս պահում ու իջնում գլխներին: Մի խոսքով, խնդրեց նյութ պատրաստել: Ասացի, որ նյութ գրելու փոխարեն զանգեն դպրոցի տնօրեն Մելոյանին եւ ծնողական ժողով պարտադրեն, համոզեն ուսուցչուհուն, որ չնայած անգլերեն գիտի, բայց անգլիախոս ջունգլիներից չի իջել, եւ վաղուց Հայաստանում տերթոդիկյան մեթոդները չեն գործում: Ասաց, որ չի ստացվի, նույն ուսուցչուհին 15 տարի առաջ էլ իր եղբորն է դաս տվել, ու 5 մատի կոմբինացիան էն ժամանակ էլ էր անխափան աշխատում: Նյութ չգրեցի, ու անգլերենի դասատու Մկրտչյանը Տաշիրի թիվ 2 դպրոցում շարունակում է վայրենությունը: Երեխան էլ ուսուցչուհու «նոպաներից» հետո գալիս է տուն ու ասում, որ էլ դպրոց չի գնալու:
Այս դեպքն առիթ դարձավ, որ հիշեմ մի քանի դեպք եւս. Գավառի դպրոցներից մեկի, կարծեմ 5-րդ դասարանում, ուսուցչուհին հարցնում է, թե ով է ստեղծել տիեզերանավը: Երեխաներից մեկը ձեռք է բարձրացնում ու ասում՝ Աստված: Դա առիթ է հանդիսանում, որ ուսուցիչը խեղճ աղջկա մազերը հավաքի բռի մեջ ու ծեփի աջ ու ձախ:



09.12.2014թ. - Սեւանի ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի աչքը ֆիզիկայի դասաժամին կախիչով վնասելու դեպքով հարուցվում է քրեական գործ, ֆիզիկայի ուսուցչուհին էլ մինչեւ քննության ավարտն ազատվում է աշխատանքից: Ըստ տնօրենի՝ ֆիզիկայի դասի վերջում երեխան որոշում է առանց հարցնելու հագնել վերարկուն, մտնում է կախիչի հետեւը, ուսուցիչը չի նկատում, մոտենում է կախիչին, երեխան փորձում է փախչել, եւ աչքը դիպչում է կախիչին։ Ծնողի պատմելով էլ, ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանն այնպես է հրել երեխային, որ հագուստի կախիչի սուր կողմը վնասել է երեխայի աչքը: Իսկ թե ինչով ավարտվեց, տեղյակ չենք:



29.04.2014թ. - Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Կիսաբաց դռնից հետեւելով պարապմունքին՝ օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին եւ անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից եւ միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բացահայտվել են նաեւ սննդի պահման պայմանների խախտումներ: Վարչապետը հրապարակումից հետո անակնկալ այցելեց դպրոց, դժգոհեց, որ աշխատողին, ազատելու փոխարեն, նկատողություն են տվել:



04.02.2014թ. - Անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Facebook-ի իր էջում գրել էր, որ իրենց՝ թիվ 139 դպրոցի ռազմագիտության ուսուցիչն իրեն ծեծի է ենթարկել: Շահենն էլ պատասխանել է:



18.01.2013թ. - Մամուլը գրեց, որ Երեւանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը: Մանկապարտեզի տնօրենն ասել էր, որ դաստիարակին իր այդ պահվածքի համար խիստ նկատողություն է հայտարարել:



25.12.2012թ. - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում հայտնաբերել էր Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից մեկ շաբաթ առաջ փախած 9-ամյա Տ. Պ․-ին, ով պատմել էր, որ գիշերօթիկի աշխատակիցներից մեկը փայտով հարվածել է նրան: «Ընկեր Լիլիթը կարատեի փետով խփել ա գլխիս, ու ինքն ինձ միշտ ծեծում ա… դրա համար էլ փախել եմ»:



09.11.2010թ. - Տնտեսագիտական համալսարանում, ըստ մամուլի, մաթեմատիկայի դասախոս, կարիերայի բաժնի վարիչ Սերգեյ Հովասափյանը ծեծել էր առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին՝ ծածկագրից օգտվելու համար: Կատարվածը մեծ աղմուկ էր հանել, ուսանողներին մեղմելու համար բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը ռեկտորատի նիստ էր գումարել, որտեղ որոշվել էր Սերգեյ Հովասափյանին հեռացնել դասախոսական գործունեությունից:



17.10.2010թ. - YouTube-ում տարածվեց տեսանյութ, թե ինչպես է գազազած ուսուցչուհին ծեծի ենթարկում աշակերտներին, նրանց անկյուն կանգնեցնում, նվաստացնում եւ ստորացնում: Պարզվեց՝ Արաբկիր համայնքի 129 դպրոցում է, ուսուցչուհին դասավանդել է մաթեմատիկա, բայց տեսանյութը տարածվելուց մեկ շաբաթ առաջ դիմում է ներկայացրել ու ազատվել աշխատանքից` առողջական խնդիրների պատճառով:



11.10.2010թ. - YouTube-ում եւս մեկ տեսանյութ հայտնվեց, թե ինչպես է ուսուցիչը ծեծում աշակերտին՝ հայհոյանքներ տեղալով. «Կտամ գլուխդ կցխվի, այ տվար…, կտամ մատներս կմտեն մեջդ, այ ուռու գլոխ…»։ Տեղի էր ունեցել Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում: YouTube-ի աստղ դարձած պատմության ուսուցիչ Էդուարդ Եվգենիի Գեւորգիզովը սեփական դիմումի համաձայն լքեց դպրոցը: Սա կատարվեց աղմուկից հետո, տնօրենը միայն խիստ նկատողություն էր տվել:



Սրանք բացառիկ դեպքեր չեն:



2010թ. օգոստոսի 18-ին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման ստորագրեց «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին»: Ուսուցիչներն սկսեցին սեպտեմբերի 1-ին հանդիսավոր երդվել․ «Ես, ընտրելով մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության չափազանց պատասխանատու եւ պատվաբեր ճանապարհը…»։ Կարիք չկա ամբողջությամբ շարադրելու կիսագրագետ այդ տեքստը: Պարզապես նշենք, որ դրանում երեխային կրթել-դաստիարակելը ծեծով կազմակերպելու մասին խոսք չկա:
Սա էլ դեռ քիչ էր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսը կատարեց կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողություն:
Տեսնես Մկրտչյանին, Հովասափյանին, Մարգարյանին ու մյուսներին կաթողիկոսն օրհնե՞ց:



Իմիջիայլոց, այնպես չէ, թե միայն հայկական կրթօջախներում կան նման վայրենություններ։ Մի քանի ուշագրավ օրինակ բերենք.



13.10.2015թ. - Ղազախստանում կալանավորվեց մաթեմատիկայի ուսուցչուհին, ով կտրել էր աշակերտներից մեկի մազերն ու ճակատին գրիչով գրել՝ «ծույլիկ»: Ուսուցչուհին աշակերտներին խոստացել էր լռության դիմաց առաջին քառորդի վերջում բոլորին հանրահաշվից բարձր գնահատականներ նշանակել:



21.05.2015թ. - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում միջնակարգ դպրոցի տնօրեն Սուլեյման Յիյիթը, քաշելով աշակերտի ականջը, գլխով մաքրել էր գրատախտակը: Աշակերտներից մեկը տեսագրել էր դեպքը: Ավելորդ է ասելը, որ նա կորցրեց աշխատանքը:



12.06.2013թ. - Նյու Յորքի մասնավոր դպրոցներից մեկում անգլերենի ուսուցիչը, որպես տնային աշխատանք, 14-ամյա աշակերտներին առաջարկել էր պատկերացնել, թե իրենք պատրաստվում են ինքնասպանություն կատարել եւ «մահվանից առաջ նամակներ» գրել: Դպրոցը ոչինչ չձեռնարկեց:



18.10.2012թ. - Եգիպտոսի Լուքսոր քաղաքի դպրոցներից մեկում տարրական դասարանների ուսուցչուհին նախ տուգանվեց, ապա ազատվեց աշխատանքից. նա պահանջել էր, որ երեխաներն իր պես՝ հիջաբով դպրոց գան, եւ կտրել էր հանձնարարությունը չկատարած երկու աշակերտուհիների հյուսքերը:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ