ՕԵԿ-ը ՈՉ-ի ճակատից հատուկ հրավերի՞ է սպասում

ՕԵԿ-ը ՈՉ-ի ճակատից հատուկ հրավերի՞ է սպասում

«Օրինաց երկիր» կուսակցությունը հրավեր չի ստացել ՈՉ-ի ճակատից եւ հետեւաբար կուսակցությունում չի քննարկվել այդ ճակատին միանալ-չմիանալու հարցը։ Այս մասին Hraparak.am-ին հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը։ Մեր ճշտող հարցին, այսինքն ՕԵԿ-ը սպասում է հատուկ հրավերի՞, «Իհարկե, ոչ», պատասխանել է պատգամավորը։



ՕԵԿ-ը հայտարարել է, որ դեմ է ներկայացված նախագծին, այսօր էլ դեմ քվեարկեց նախագիծը ԱԺ նիստի օրակարգ ընդգրկելու քվեարկության ժամանակ, հետեւաբար ինչն է խանգարում ինքնակամ միանալ այդ փոփոխությունները կասեցնելու գործին, որի մասին հայտարարել է ՈՉ-ի ճակատը․«Դեռ որեւէ օրակարգ չկա, որ մենք էլ միանանք»,- հակադարձել է ՕԵԿ-ականը։



ՕԵԿ-ի համար գուցե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն է խոչընդոտ հանդիսանում այդ ճակատին միանալու հարցում, որովհետեւ ՈՉ-ի գաղափարակիրները չեն բացառում դրա ներառումն իրենց օրակարգում․«Ես ասում եմ, թող քննարկեն, օրակարգ ընդունեն, մենք էլ տեսնենք, հետո որոշում կայացնենք»։



Մեկ այլ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ հիշեցրել է, որ դեռ նախագիծը քննարկվում է եւ իրենք առաջարկներ ունեն, որոնց ընդունումից կախված կարող է դիրքորոշում փոխվել։ Սակայն հաջորդ վայրկյանին Մարգարյանը հավելել է, որ իրենք չեն կարծում, թե իշխանությունները իրենց առաջարկները կընդունեն ամբողջությամբ։