Մուկուչյանը որպես քաղաքացի ընթերցել է նոր սահմանադրությունը, որպես ԿԸՀ նախագահ՝ ոչ

Մուկուչյանը որպես քաղաքացի ընթերցել է նոր սահմանադրությունը, որպես ԿԸՀ նախագահ՝ ոչ

Դեկտեմբերի 6-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սպասվող թեժ ընտրությունները փաստորեն համընկնում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրվանը (որքանով որ ժամկետների առումով հայտնի է մամուլին)։ Hraparak.am-ը կապ հաստատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ՝ պարզելու արդյոք հնարավո՞ր է նույն օրը տեղի ունենա և՛ քաղաքապետի ընտրություններ, և՛ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։



«Նախ ընտրությունները նշանակվում են, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, նշանակվում են մարզպետների կողմից։ Կոնկրետ, թե ձեր ինֆորմացիան որտեղից է, ես չգիտեմ, որ այդ օրը նշանակվել են նշված քաղաքում քաղաքապետի ընտրություններ, որովհետև մենք դեռևս տեղեկացված չենք, որ Կոտայքի մարզում այդ օրը որ համայնքներում են նշանակվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Եվ երկրորդը՝ եթե հանրաքվեի օրը նաև տեղի է ունենում այլ ընտրություններ, ապա նման հնարավորություն օրենսդրությամբ ամրագրված է։ Մենք չենք ստացել մարզպետից համապատասխան իրավական ակտ, հետևաբար չենք կարող ասել»,-ասաց ԿԸՀ նախագահը։



Ի դեպ, Տիգրան Մուկուչյանն այն բացառիկ պաշտոնյաներից է, ով մինչև այժմ «չի կոտրվել», համառորեն չի բարձրաձայնում իր կարծիքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ․ «Մենք ունենք մեր գործառույթը, մենք մնում ենք միանշանակ հավատարիմ մեր գործառույթին, կատարելով ընտրական օրենսգրքի պահանջները, որովհետև օրենքը հստակ սահմանել է, որ մենք ինչ գործառույթ ունենք իրականացնելու և մյուս կողմից՝ մենք իրավունք չունենք քաղաքական դիրքորոշում ներկայացնել որևէ խնդրի վերաբերյալ»։ Պարոն Մուկուչյան, իսկ գոնե կարդացե՞լ եք սահմանադրության նոր փաստաթուղթը, ԿԸՀ-ի վերաբերյալ ի՞նչ փոփոխություններ եք նկատել․ «Ես որպես քաղաքացի դա ընթերցել եմ, բայց որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ բնականաբար ես ներկայացնում եմ հանձնաժողովի տեսակետ, պաշտոնական անձ, ԿԸՀ նախագահի կարծիք, ես արդեն ասացի, որ իրավունք չունենք»․-եզրափակեց Տիգրան Մուկուչյանը։