Քաղաքական ռետրո

Քաղաքական ռետրո

1989թ. դեկտեմբերի 1-ի կեսգիշերին հայտնի նստաշրջանն ընդհատվեց: Բաղրամյան փողոցում, Շահումյանի անվան պալատի մատույցներում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքված՝ պահանջում էին անհապաղ հրապարակել ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ վերամիավորման որոշումը, սպառնում, որ ոչ ոքի թույլ չեն տա հեռանալ: Տեւական բանակցություններից հետո համաձայնություն ձեռք բերվեց, որ Արցախի ազգային խորհրդի անդամներին մի քանի ժամ հանգստանալու հնարավորություն տրվի:



Մարդկային պատը կարգապահորեն ճեղքվեց, նեղ անցուղի բացվեց: Առավել հուզիչ էր, երբ յուրաքանչյուր ոք պարտքն էր համարում սեղմել արցախցիներիս ձեռքը, գրկել, համբուրել, մի քանի բառ ասել: Շատերն արտասվում էին: Հուզված էինք բոլորս: Հերթական ձեռքսեղմումն ինձ երկար թվաց: Այն է՝ ուզում էի ազատվել գրկախառնությունից, որ ընկերներիս հասնեմ, դիմացինս նախ ծիծաղեց, ապա ավելի ամուր սեղմեց ձեռքս եւ մի կողմ քաշեց:



Քրոջս ամուսինն էր: Ես նրանց տեղյակ չէի պահել, որ Երեւանում եմ: Օդանավակայանից ուղիղ գնացել էինք հյուրանոց, ապա՝ Շահումյանի անվան պալատ: Համատեղ նիստը, պարզվեց, ուղիղ հեռարձակվել է, եւ քրոջս տղան, որ այն ժամանակ 6-7 տարեկան էր, էկրանից ինձ ճանաչել եւ հորը խնդրել էր, որ քեռուն գտնի, իրենց տուն տանի:
Այդ գիշեր մենք չքնեցինք: Խոսում, խոսում էինք: Նրանք վարձով էին ապրում՝ Ալիխանյան փողոցի փակուղում: Տանտերն էլ միացել էր մեզ: Երանելի ժամեր անցկացրինք՝ խանդավառված, որ Արցախը միավորվում է Հայաստանին, մեր երազանքներն իրականություն են դառնում:



…Կես տարի անց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր էի: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվել էր ԳԽ նախագահ: Նիստերից մեկի ընդմիջմանն ասացին, որ նա հանդիպելու է Արցախից ընտրվածներիս հետ: Հավաքվեցինք: Նա կեսբերան ողջունեց, հավուր պատշաճի մի քանի խոսք ասաց, ապա անցավ հիմնական թեմային եւ խնդիրը ձեւակերպեց այնպես, որ Հայաստանի նոր իշխանությունները Ստեփանակերտում «պարտնյորներ չունեն», որպեսզի հարաբերությունները կարգավորվեն, հարկ է, որ ԼՂԻՄ-ում «վերականգնվի սահմանադրական իշխանությունը»:



Ռոմանտիզմի ժամանակներն անցել էին, Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղում պարտնյորներ էր փնտրում…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ