Ո՛չ ենք ասում. Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

Ո՛չ ենք ասում. Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման եթերում



Սիրելի հայրենակիցներ,



Շուրջ քսանհինգ տարի է, ինչ ապրում ենք անկախ Հայաստանի Հանրապետությունում: «Անկախ» բառը շատ կարևոր է բոլորիս համար, մենք գիտակցում ենք «անկախ» բառի արժեքը, սակայն եկանք մի հանգրվանի, որ այս անկախությունն այդքան ուժեղ չէ: «Անկախություն»-ը պաշտպանության կարիք ունի, անկախության գաղափարը օրվա իշխանությունները դրել են սեղանի վրա և ամեն օր այս անկախության հետ, անկախության շուրջ առևտուր են անցկացնում: Ի՞նչ է տեղի ունեցել այսօր Հայաստանի Հանրապետությունում:



Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունների ապօրինության հետևանքով քաղաքացու և իշխանության հարաբերությունների մեջ տեղի է ունեցել հսկայական խզում: Որևիցե քաղաքացի այսօր Հայաստանի Հանրապետությունում չի վստահում գործող իշխանություններին, չի վստահում Սերժ Սարգսյանին, չի վստահում Հանրապետական կուսակցությանը: Ինչո՞ւ չի վստահում: Որովհետև տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը իրեն խաբել է: Այսօր էլ այդ խաբելուն ուղղված մի նոր գործընթաց է նախաձեռնվում, անունն՝ իբրև թե «Սահմանադրական բարեփոխումներ»: Ի՞նչ է ուզում անել Սերժ Սարգսյանը: Ուզում է հասկացնել բոլորին, որ ինքն է հանդիսանում բևեռը, ինքն է հանդիսանում այն ուժային կենտրոնը, որի շուրջ պետք է բոլորը գան և համախմբվեն, որի «կրոնը» պետք է ընդունեն բոլորը: Մինչդեռ մենք հասկանում ենք, ու այդ «կրոնը», որը կոչվում է Սերժ Սարգսյան և Հանրապետական կուսակցություն, մեր կողմից ընդունելի չէ, որովհետև այդ դավանանքի ներքո մեզ մշտապես խաբել են:



Որո՞նք են լինելու մեր քայլերը, ո՞րն է լինելու մեր օրակարգը, որո՞նք են այն գործիքները, որով մենք պետք է պայքարենք այս ամենի դեմ:



Առաջին հերթին մեր ամենակարևոր գործիքը դա միասնությունն է: Միասնություն «Ոչ»-ի ճակատի ներքո: Ո՛չ ենք ասում ոչ միայն այս «Սահմանադրական բարեփոխումներ» գործընթացին, այլ նաև ոչ ենք ասում Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանությանը, որի միջոցով մենք հասնում ենք նրան, որ կարողանում ենք հիմնադրել իրապես ժողովրդավար իշխանություն, որը պատկանելու է յուրաքանչյուրիս և որի միջոցով հնարավորություն ենք ունենալու իրականացնել մեր երկրի և´ կայացումը, և´ նաև ապագա բարեկեցությունը: