Կեղծարարները արջի ծառայություն են մատուցել ոչ միայն ՀՀԿ-ի համար

Կեղծարարները արջի ծառայություն են մատուցել ոչ միայն ՀՀԿ-ի համար

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից՝ ՀՀԿ-ն կարո՞ղ է Սահմանադրության հանրաքվեն իրականացնել առանց կեղծիքների, այն դեպքում, երբ դեռ իրենց տեղում են Սուրիկ Խաչատրյանը, Մհեր Սեդրակյանը, Մանվել Գրիգորյանը․․․



Ի պատասխան՝ Վ․ Բաղդասարյանն ասաց․ «Հանրապետականը չի իրականացնում ընտրությունները, ԿԸՀ-ն է ընտրությունները կազմակերպում, և դուք այդ համոզմունքը կունենաք։ Նորից եմ կրկնում՝ մայր օրենքի ընտրությունը, եթե որևէ այլ ճանապարհով անցնի, ինձ թվում է, որ դա շատ վտանգավոր է մեր երկրի հետագա զարգացման և օրենքի կիրառության համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք, ոչ միայն Հանրապետականը, բոլոր քաղաքական ուժերը և ամբողջ հանրությունը, պետք է անենք այնպես, որպեսզի կարողանանք ընտրությունները կազմակերպել ամենաբարձր մակարդակով և թափանցիկությամբ։ Դա շատ կարևոր հանգամանք է, և այդ սկզբունքը դրվել է հենց հանրապետականների կողմից, և ինձ թվում է՝ բոլոր քաղաքական ուժերը դրան կողմնակից են»։



Hraparak.am-ը հետաքրքրվեց ՀՀԿ խմբակցության ղեկավարից՝ իսկ ովքե՞ր են այսքան տարիներ կեղծիքներ իրականացեր, փաստորեն, Կենտրոնական ընտրական հանձնաժողո՞վը։



«Դա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է, ես մի քանի անգամ ամբիոնից պատասխանել եմ այդ հարցերին։ 90-ական թվականներին իրոք կար վատ դրվածք, որը աստիճանաբար վերացնում ենք, և ամեն ինչ միանգամից չի լինում։ Ինձ թվում է, որ կգա ժամանակ, երբ մենք կունենանք իդելական ընտրական համակարգ»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։



Իսկ երբ մենք ճշգրտեցինք, թե նկատի ունեինք վերջին տասնամյակը, երբ ՀՀԿ-ն է իշխանության ղեկին, այս ընթացքում ովքե՞ր են իրականացրել կեղծիքները, «բացի ԿԸՀ-ից», Վ․ Բաղդասարյանն ասաց․ «Եթե եղել են նեգատիվ երևույթներ, դրանք պատժվել են, և դրանց անդրադարձել են իրավապահ մարմինները։ Չկան ընտրություններ, որտեղ չլինեն նեգատիվ երևույթներ։ Մենք պետք է աշխատենք աստիճանաբար դրանք վերացնել»։



-Իսկ ովքե՞ր են իրականցրել ի վերջո։



-Իրականացրել են անհատ մարդիկ, որոնք ցանկանում են ավելի շատ լավություն և արջի ծառայություն մատուցել։



-Հանրապետականի՞ն են արջի ծառայություն մատուցել։



-Տարբեր քաղաքական ուժերի։ Իսկ ո՞վ է ասում, որ այդ նեգատիվ երևույթները, որոնք որ նկատվել են, դրանք միայն ՀՀԿ-ի համար են եղել։ Տարբեր քաղաքական ուժերի համար։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ