Լևոն Զուրաբյանը շատ էլ չի սխալվել

Լևոն Զուրաբյանը շատ էլ չի սխալվել

Սիրելի լրատվամիջոցներ, մի քիչ կամաց, խնդրում եմ, ի՞նչ եք կպել՝ կաշառք հա, կաշառք, կաշառք, հա կաշառք… Ուրիշ բառ չկա՞ դրան փոխարինող: Եթե չեք գտնում, գոնե «նյաշառք» գրեք կամ ավելի մեղմ՝ «նյաղարիչ»: Բոլորս էլ հասկանում ենք, որ Լևոն Զուրաբյանը պարտավոր էր իրերն իրենց անունով կոչել: Բայց դա չի նշանակում՝ երբ ընդդիմադիր գործիչը երկու ոտքով էն բանի մեջ է հայտնվել, պետք է դանակավորը շատանա: Դիցուք ես Լևոն Զուրաբյանի կողմից եմ հիմա: Մարդը շատ էլ ճիշտ է ասել՝ Գագիկ Հարությունյանը… Եվրոպայից մարդ չկա, չէ՞… Գագիկ Հարությունյանը, այո, «նյաշառել» է Վենետիկի հանձնաժողովին: Ես նույնիսկ փաստեր ունեմ:



Ո՞ր նորմալ մարդը, ասացեք խնդրեմ, Հայաստանից կհասնի Եվրոպա դատարկ գր… ներողություն, ճամպրուկներով: Մի քթոց ծիրան, մի քանի կտոր բաստուրմա, շուջուխ, կոնյակ՝ մի քանի շիշ, լավաշ (թոնրի), եթե սիրում են՝ մածուն: Այսօր Զուրաբյանին հետապնդողները թող մի հատ հիշեն՝ իրենք դատարկ երբևէ, որևէ մեկի մոտ գնացե՞լ են: Իսկ ինչո՞ւ են մտածում, որ Գագիկ Հարությունյանը հայ չէ և մեր ադաթներին էլ չի տիրապետում: Հովիկ Աբրահամյանը, կարծում եք, Մեդվեդևի մոտ դատա՞րկ է գնում: Չհավատաք: Եթե ուզում եք՝ եկեք խոռով հարցնենք.



-Պարոն վարչապետ, Դուք իսկի ոչ մեկին «նյաշառք» տված չկա՞ք:



Տեսնո՞ւմ եք, լռում է: Ուրեմն տվել է: Գագիկ Հարությունյանն էլ է տվել: Նա էլ է լռում: Որ տվել են էդ «նյաշառքը», ո՞նց ասեն չենք տվել: Կամ էլ պետք է հրաժարվեն իրենց ազգությունից:



Վենետիկի հանձնաժողովը եկել էր Հայաստան, չէ՞: Ասա՝ հա: Հա: Հա ու ջան: Այդ հանձնաժողովին վերաբերմունք ցուց տվող չի՞ եղել: Եթե հայ ենք, ուրեմն եղել է՝ Սևան, Գառնի, Գեղարդ, Էջմիածին, կուլտուրական միջոցառումներ, բանկետ, մեծարման րոպեներ և այլն և այլն: Ինձ ասեք հիմա՝ բա ո՞ր շանորդին այսքան բանից հետո անուն կդներ սահմանադրական բարեփոխումներին:



Ո՞րն է ուրեմն Զուրաբյանի մեղքը, որ մերոնք քիչ էին, Վենետիկի հանձնաժողովի նախագահն էլ էն կողմից է պատիվ պահանջում՝ ոնց կլինի՝ մեզ կաշառակեր ես անվանել: Լևոն Զուրաբյանը, պարոնայք, «կաշառք», «կաշառք տալ», «կաշառք վերցնել» արտահայտությունների տակ հասկանում է այն ամենը, ինչ մենք ասացինք վերևում, այսինքն մի քիչ ավելի ջերմ մարդկային հարաբերությունները, այսինքն՝ «նյաշառքը»: Եվ հիմա, երբ մամուլով, դատախազությունով բանով խառնվել եք իրար, տպավորություն է ստեղծվում, որ այդ բառի տակ փողից դենը ուրիշ բան չեք պատկերացնում: Դուք պարզապես իրավունք չունեք կանխամտածված ձևով Լևոն Զուրաբյանին մեղադրել ձեր իմացած կաշառքի շրջանակներում:



Լրագրողների համար էլ խնդրանքս կրկնեմ՝ գրեք «նյաշառք», այդպես հնարավորինս քիչ մարդ քիչ բան կիմանա:



Ավարտեմ մի հին պատմությամբ: Մարշալ Բաղրամյանը, մի անգամ, Ստալինի աշխատասենյակից դուրս գալիս քթի տակ ասում է. "Բեղավոր սատանա": Դռների մոտ սպասող Բերիան լսում է, բայց ոչինչ չի ասում Բաղրամյանին: Քիչ անց, Բաղրամյանին կանչում են Ստալինի մոտ: Բաղրամյանը ներս է մտնում ու տեսնում Բերիային՝ Ստալիի սեղանի մոտ նստած: Ստալինն իր սատանայական աչքերը հառում է Բաղրամյանի դեմքին ու, բառերը հատ-հատ արտաբերելով՝ հարցնում.



-Ընկեր Բաղրամյան, Դուք այստեղից դուրս գալիս, դռների մեջ արտասանել եք "բեղավոր սատանա" բառերը: Ո՞ւմ նկատի ունեիք:



-Հիտլերին, ընկեր Ստալին,- պատասխանում է Բաղրամյանը արագ:



Լռում են: Մեկ էլ Ստալինը քահ-քահ ծիծաղելով դիմում է Բերիային.



-Իսկ Դո՞ւք, ընկեր Բերիա…



Ասելս այն է, որ մարդուն որևէ բառ ու արտահայտություն վերագրելուց և դրա համար մեղադելուց առաջ կարելի է մի քիչ էլ մտածել: Դե հիմա գնացեք, էն եվրոպացուն էլի «նյաշառք» տվեք ու համոզեք, որ Զուրաբյանը էն չի ասել, ինչ ինքն է մտածում:



Ազատություն Յուրի Դետոչկինին… Է՜, ինչ եմ ասում, Լևոն Զուրաբյանին: