Անշառ Լուկաշենկոն

Անշառ Լուկաշենկոն

Տիկնայք եւ պարոնայք, վերջին նորությունները՝ Բելառուսը նոր նախագահ ունի, 21 տարի անց կրկին երկրի նավախելին է Ալեքսանդր Լուկաշենկոն, ուռա…



Ժամանակակից Բելառուսում այսպիսի նախադասությունների պակաս չկա: Օրեր առաջ բելառուս ժողովուրդն «ընտրեց» իր հերթական նախագահին, իսկ հերթական նախագահը հին նախագահն է: Ասում են՝ խարիզմատիկ էությամբ, պուտինյան Ռուսաստանի հավատարիմ բարեկամ, սակայն Արեւմուտքի հանդեպ ոչ թշնամաբար, այլեւ բարեկամաբար, վերջերս նույնիսկ ջերմ եղբայրական սիրով տրամադրված Լուկաշենկոն իր կողմից վաղուց սեփականաշնորհած երկիրը սովետական ռետրո տարածքի է վերածել, ուր ժողովրդի մի ստվար հատված գոհ է եւ ղեկավարման կարգերից, եւ պետության տնտեսությունից, եւ նրա արտաքին քաղաքականությունից: Ստանալով կամ թեկուզ հավաքագրելով ձայների 83.49 տոկոսը, հաղթանակ տանելով բելառուսական ընդդիմության ներկայացուցիչ Տատյանա Կորոտկեւիչին, որն ստացել էր ձայների 4.42 տոկոսը, Լուկաշենկոն հինգերորդ անգամ դառնում է Բելառուսի նախագահ, եւ այս գործընթացը կարծես թե անկասելի է եւ, իհարկե, ունենալու է իր շարունակությունը:



Բելառուսական պետական լրատվամիջոցները փառաբանում են միապետին՝ նրա հաղթանակը կապելով վերջին տասնամյակներում կատարված ահռելի փոփոխությունների հետ, որոնք բարեկարգել են ժողովրդի սոցիալ-տնտեսական կեցությունը, ուստի պատահական չէ, որ գործող նախագահն ստացել է ձայների նման քանակ, եւ, իհարկե, պատահական տեղից չի ծնվում այն հավատը, որ մարդիկ ունեն այս անմահ ղեկավարի հանդեպ: Իհարկե, պետական սիստեմին ծառայող լրատվամիջոցները, որոնք նախագահական ընտրությունները ներկայացնում են որպես դեմոկրատական արժեքներ, ազատ ընտրության իրավունքի նորմերը պահպանած բացառիկ մի եղելությունը քաջ գիտակցում են, որ երկրի սահմաններից դուրս եւ նույնիսկ երկրի ներսում իրենց սարքած թատրոնին ոչ ոք չի հավատում: Եթե Լուկաշենկոն 21 տարի է՝ չի հեռանում ասպարեզից, ստրկացրել ու առգրավել է կառավարման հնարավոր բոլոր ռեսուրսները, ուրեմն այս պատմությունը շարունակվելուց բացի ուրիշ տարբերակ չունի:



Միջազգային կազմակերպությունները, դիտորդները, ընդդիմության սակավ ներկայացուցիչները բարձրաձայնում են համատարած ընտրախախտումների, անօրինությունների մասին, ոմանք կոչ են անում բոյկոտել ընտրությունները: Բայց սա ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքն է: Մի քանի շաբաթ անց Բելառուսը կապրի իր նախկին ռիթմով, բոյկոտողները կամ կպատժվեն, կամ կանցնեն ընդհատակ: Լուկաշենկոյի «բարի ժպիտով», «խարիզմատիկ կառույցով» միապետական, տոտալիտար իշխանությունը, որի մասին գիտի աշխարհը, իրականում կարծես լեգիտիմացվում է հենց այդ աշխարհի կողմից, եւ քանի դեռ տնտեսական, ռազմավարական փոխհարաբերությունների մեծ հնարավորություններ կան, Լուկաշենկոյի 21-ամյա ռեժիմը ոչ Արեւմուտքին կնեղացնի, ոչ էլ, առավել եւս՝ Ռուսաստանին: Մի քանի օր առաջ գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ շնորհեցին ռուսագիր բելառուս Սվետլանա Ալեքսիեւիչին, որը, ըստ Շվեդական ակադեմիայի, իր պոլիֆոնիկ արձակով անմահացնում է մարդկային տառապանքները: Գուցե ժամանակն է, որ նոբելյան հանձնախումբն ուշադրություն դարձնի Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ հենց նրան մրցանակ շնորհի: Մարդը 21 տարի է՝ «խաղաղությամբ», «անշառ» ղեկավարում է իր երկիրը: Ի՞նչ վատ նախադեպ է: