Կլինի՞ նոր Յալթա

Կլինի՞ նոր Յալթա

Ռուսաստանի նախագահի վարկանիշը ռեկորդային բարձր է՝ շուրջ 90 տոկոս: Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նպաստել են, որպեսզի Պուտինի միջազգային կշիռը նույնպես բարձրանա: Հենրի Քիսինջերը Միացյալ Նահանգներին հորդորել է Ռուսաստանի հետ կոալիցիա կազմել ընդդեմ իսլամական ահաբեկչության՝ գրեթե հակահիտլերյան կոալիցիայի նմանությամբ:



ՄԱԿ-ի հոբելյանական նստաշրջանի ելույթում Պուտինը բավական աներկմիտ խոսել էր դաշնակից երկրների Յալթայի կոնֆերանսի մասին: Ինչպես հայտնի է, Յալթայում են ձեռք բերվել հետպատերազմյան Եվրոպայում եւ աշխարհում ազդեցության գոտիների շուրջ համաձայնություններ, որ ուժի մեջ էին մինչեւ Խորհրդային Միության փլուզումը:



Ռուսաստանը չի թաքցնում, որ ձգտում է Արեւմուտքի հետ նոր պայմանավորվածությունների: Եվրոպական մի շարք առաջնորդներ հակված են ընդունել Մոսկվայի առաջարկը: Միացյալ Նահանգները շարունակում են քաղաքական ֆոն ստեղծել, որ Ռուսաստանը միայն տարածաշրջանային պետություն է:



Հենրի Քիսինջերը խորհուրդ է տալիս մի կողմ թողնել Ռուսաստանի տնտեսա-տեխնոլոգիական հետամնացության կանխադրույթը եւ Պուտինի ամբիցիաները գնահատել նրա՝ որպես միջուկային գերտերության առաջնորդի, ընկալումների կտրվածքով:



Inopressa.ru եւ inosmi.ru կայքերի փոխանցած արեւմտյան մամուլի հրապարակումներից քաղվածքներում սկսել են գերակշռել վերլուծական նյութեր, որոնք շեշտը դնում են Սիրիայում ռուսական բանակի արդիական սպառազինությունների, ճշգրիտ սարքերի, անձնակազմի գրագետ գործողությունների վրա: «Բոլոր առումներով դա գերժամանակակից պրոֆեսիոնալ բանակ է»,- Սիրիայում ռուսական զորախմբի մասին ասված է հրապարակումներից մեկում, որտեղ նաեւ ավելացված է, որ այդ ամենը «շփոթության է մատնել Միացյալ Նահանգներին եւ Մերձավոր Արեւելքում նրա դաշնակիցներին»:



Միջազգային փորձագետները տեսնում են իրադարձությունների զարգացման երկու սցենար: Առաջին դեպքում պատկերվում է, որ Ռուսաստանն ունակ չի գտնվի տնտեսապես կրելու սիրիական պատերազմի ծանրությունը եւ շուտով կհեռանա Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական թատերաբեմից՝ իր համար ապահովելով սահմանափակ ազդեցություն Սիրիայի միջերկրածովյա առափնյակում:



Երկրորդ սցենարի կողմնակիցները գտնում են, որ սիրիական պատերազմում Ռուսաստանի մասնակցությունը տարեկան կարժենա ոչ ավելի, քան մեկ միլիարդ դոլար, իսկ դա ավելի քիչ է, քան Մոսկվան ծախսում է մեկ զորավարժության ժամանակ, ուստի Պուտինը կշարունակի «նյարդերի պատերազմը»: Այս դեպքում ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները տեղի կտան:



Կլինի՞ նոր Յալթա. այս հարցին արեւմտյան վերլուծաբանների մի մասը պատասխանում է դրականորեն: Նրանք ելնում են այն բանից, որ Չինաստանը նոր մարտահրավերներ է նետում ԱՄՆ-ին՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան հսկայական տարածաշրջանում: Առանց Ռուսաստանի հետ համաձայնությունների Վաշինգտոնը չի կարող մրցակցել Չինաստանի հետ, այդ իսկ պատճառով Սպիտակ տան հաջորդ վարչակազմը Կրեմլի հետ հարաբերություններում ավելի պրագմատիկ մոտեցումներ կունենա:



Քիսինջերն ասում է, որ Պուտինը Սիրիայի պատերազմին ներգրավվել է, որպեսզի «զսպի հյուսիսկովկասյան ծայրահեղականների դեպի միջուկային զենք մղումները»: Նա կանխատեսում է, որ եթե ԱՄՆ-Ռուսաստան համաձայնություն ձեռք չբերվի, ապա Մերձավոր Արեւելքը կարող է վերածվել «միջուկային գերեզմանոցի»:



Այդ սպառնալիքն էլ, հավանաբար, կարող է միավորել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերն ԻՊ-ի դեմ պայքարում, որի հաջողության դեպքում կգա ազդեցության նոր գոտիների շուրջ համաձայնությունների ժամանակը: Մինչեւ կհայտնվի նոր սպառնալիք…



Վահրամ
ԱԹԱՆԵՍՅԱՆ