Կեղծողներն ու ճնշողներն այս անգամ այլ տրամադրություն են ունենալու

Կեղծողներն ու ճնշողներն այս անգամ այլ տրամադրություն են ունենալու

Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված ՀԱԿ-ՀԺԿ միասնական շտաբը թեւակոխել է ակտիվ քարոզչության բուռն շրջան: Երեկ երկու թիմերի ներկայացուցիչների գլխավորությամբ «ոչ»-ականներն Աշտարակում են եղել: «Մենք արդեն 40 համայնքներում ենք եղել: Ես կարող եմ փաստել, որ բոլոր վայրերում ակտիվ «ոչ»-ի տրամադրություններ են: Մարդիկ մինչեւ մեր քարոզչությունն արդեն իսկ տրամադրված են, որ «ոչ»-ն իշխանափոխության հասնող առաջին քայլն է»,- Աշտարակի հանդիպումից հետո իր տպավորություններով մեզ հետ կիսվեց ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը. հիմնականում նա եւ պատգամավոր Արամ Մանուկյանն են մարզային այցելությունները գլխավորում: «Ճիշտն ասած՝ մեզ քարոզելու քիչ բան է մնում, բոլորը «ոչ» ասելուն են տրամադրված, մնում է կարողանանք թույլ չտալ, որ կեղծեն ընտրությունները»:



Այդ ուղղությամբ համատեղ շտաբն ինտենսիվ աշխատանքներ է տանում՝ հանձնաժողովականներ, վստահված անձինք պատրաստում։ Մեր զրուցակիցն ասում էր, որ բոլոր տեղամասերում իրենք մարդիկ կունենան։ Իսկ նրանք կդիմանա՞ն իշխանության ճնշումներին կամ չեն «ծախվի» ՀՀԿ-ին։ «Ճնշումներ, իհարկե, լինելու են, բայց իրավիճակն է մի փոքր այլ՝ կոնկրետ անձի ընտրություն չէ, եւ կարծում եմ, որ ճնշողների մեջ էլ տրամադրություններն այլ են լինելու: Կեղծողների անձնական շահագրգռվածությունն էլ է տարբեր լինելու»: Չնայած ՀԱԿ-ՀԺԿ միասնական շտաբը սերտ համագործակցում է հանրաքվեի տապալման հարցում, սակայն, Մինասյանի վստահեցմամբ, դեռեւս միասնական գործողություններ չեն ծրագրել, առավել եւս՝ հետընտրական.



«Մենք համոզված ենք, որ կարողանալու ենք այնպես անել, որպեսզի «ոչ»-ը պահպանվի»: Նոյեմբերի 20-ին միասնական շտաբը հանրահավաք կանցկացնի, լիդերների մասնակցության հարցը կորոշեն իրենք՝ լիդերները, հիմա դեռ ոչինչ հայտնի չէ:
«Հայաստան» ժողովրդավարական նախաձեռնությունը նույնպես ձեռքերը ծալած չի նստել:



Այս մեկում ՀԱԿ նախկին անդամներն են, մտավորականներ, երիտասարդներ, Գառնիկ Մարգարյանը, Մանուել Գասպարյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը: Հիմա, Գիմիշյանի խոսքով, խումբն իր կառույցներն է ընդլայնում, մարդկանց ներգրավում. «Քաղաքական խորհուրդը նյութեր է նախապատրաստում, որպեսզի տեղադրեն մայրաքաղաքում քարոզչության համար տեղադրված ցուցատախտակների վրա։ Դրանք տարբեր ոլորտներին են վերաբերելու՝ արտաքին կառավարում, արժեհամակարգ, եկեղեցի եւ այլն: Հուսով ենք՝ չեն պոկի. եթե պոկեն, կթարմացնենք»: Դահլիճային հանդիպումնե՞ր են իրականացնում։ «Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում ենք անցկացրել, փոքրում է սպասվում, նախապատրաստվում ենք մեծ հավաք իրականացնել Մելիք-Ադամյանում, տեսնենք ինչ կստացվի»: Այս ճակատից որեւէ ուժ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ունենալու իրավունք չունի, բայց, Գիմիշյանի փոխանցմամբ, աշխատում են դիտորդական խմբեր ձեւավորելու ուղղությամբ: «Նոր Հայաստան» փրկության ճակատի հետ էլ են հանդիպումներ ունենում, համագործակցության եզրեր փորձում գտնել. «Մենք կողմնակից ենք առանց ցնցումների գործընթացներ իրականացնել, որովհետեւ չի կարելի աշխարհաքաղաքական վիճակում երկրի ներքին դրությունն ապակայունացնել: Երկրորդ մոտեցումն է, որ այսպես շարունակվել հնարավոր չէ: Եթե ընդհանուր մոտեցումներ ձեւավորվեն, որ մեր մոտեցումներին չհակասեն, կլինի մաքսիմալ համագործակցություն:



Մենք նախատեսում ենք ժողովրդի վստահության կառավարություն ձեւավորել։ Դա ենթադրում է, որ եթե ժողովուրդը կանգնի, ապա պարտադրենք իշխանություններին բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակության համար ընդունելի գործադիր իշխանություն ձեւավորել: Նախագահը մնում է իր տեղում, բայց ժողովրդի ճնշման ներքո, ոչ ընդհարումների, այլ սոսկ կանգնելու միջոցով իշխանությանը կարելի է պարտադրել որոշակի զիջումներ»: Սոս Գիմիշյանի համոզմամբ, նոր Սահմանադրության ընդունմամբ կյանքը չի ավարտվելու, վստահության կառավարություն ձեւավորելով՝ գոնե հնարավոր կլինի որոշակի փոփոխությունների հասնել:



Դեռեւս 88-ին ձեւավորված Մտավորականների ֆորումի ավագանին եւս որոշել է վերսկսել իր գործունեությունը, ասաց Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը: Նա նշեց, որ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների ձեւավորված «Հայաստան» ժողովրդավարական նախաձեռնությունը, որում ներկայացված է նաեւ իր կուսակցությունը, պատրաստվում է հանդիպել մտավորականների հետ:



Հիշեցնենք, որ Մտավորականների ֆորումը 2005-ի սահմանադրական հանրաքվեից առաջ էլ էր ակտիվորեն քարոզում բոյկոտել Սահմանադրության ընդունումը: «Հիմա շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ են մտածում մեր մտավորականները, ինչ դիրքորոշում ունեն: Ես գիտեմ, որ նրանք նախապատրաստվում են կուսակցություններին հրավիրել զրույցի, թե երբ, դեռ հայտնի չէ», ասաց Գիմիշյանը: