Կլեոպատրան ու ՀՀԿ-ի փորձը

Կլեոպատրան ու ՀՀԿ-ի փորձը

ԱԺ նիստում հատուկ ընթացակարգով բյուջեի կեսից պատգամավորների քննարկմանը ներկայացված Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը պատգամավորներին քարի դարից հասցրեց մինչեւ բրոնզե դար ու Կլեոպատրայի ժամանակաշրջան: Պատգամավորն առաջարկում է ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացակարգում որոշ փոփոխություններ, մասնավորապես գրավոր հարցերի դեպքում ընթերցել դրանցից միայն երկուսը, իսկ բանավոր հարցերի դեպքում հարցը հնչեցնելու համար ոչ թե 3, այլ 2 րոպե, արձագանքի համար նույնպես՝ 2 րոպե սահմանել:



Ըստ նախագծի հեղինակի՝ սա կնպաստի, որ ավելի շատ հարցեր հնչեցվեն: Եթե հիմա 10-11 պատգամավոր է կարողանում հարց ուղղել, ապա փոփոխության դեպքում կլինի 15-16: Հիմնական զեկուցող Թևան Պողոսյանը նկատեց, որ բոլոր խմբակցությունների հետ քննարկումներ են եղել, բացի ՕԵԿ-ից բոլորի հավանությանն է արժանացել , որի պատճառը կարծես կարծես թե հասկանալի է: Աժ նիստերը Արթուր Բաղդասարյանի Հ3 հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակումը բացել է ՕԵԿ-ականների լեզուն, այս խմբակցության պատգամավորները առանց բացառության խոսում են քննարկվող յուրաքանչյուր օրենքի նախագծի մասին, բոցաշունչ ելույթներ ունենում, տեղ-տեղ անցավ անցնում իշխանության որոշ օղակների ու հատկապես Կառավարության վրայով, նրանք դարձել են իսկական հեռուստաաստղեր՝ այդկերպ հետապնդելով անիիրական մի նպատակ՝ վերագտնել ժողովրդի կորցրած վստահությունը: Նրանք չեն ցանկանա հրաժարվել թեկուզ ավել խոսելու մեկ րոպեից:



Պարզվեց նաեւ, որ ՀՀԿ-ում էլ չեն ողջունում Թեւան Պողոսյանի նախաձեռնությունը: Հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ նախագիծը մանրամասն քննարկել են հանձնաժողովում. «Եթե խորհրդարանում չլինի կոնսենսուս այս հարցով, հակված չենք, որ կյանքի կոչվի այն, որովհետև իսկապես փորձում ենք ձեռք տալ մի խնդրի, որը մեր պառլամենտարիզմի է վերաբերում, կուզենայի, որ բոլոր խմբակցություններն իրենց դիրքորոշւմները հայտնեն, որ իմանանք` ինչ են անում»:Թեպետ Սահակյանը վերջում եզրահանգեց. «Մենք հակված չենք, որ այս նախագիծը կյանքի կոչվի»: Հովհաննես Սահակյանին արձագանքեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նախկին ընդդիմադիր ձայնով Զոհրաբյանը հոխորտաց ՀՀԿ-ին այնպես չմտածել, որ իրենք հավերժ մեծամասնություն են լինելու և իրենք են որոշելու: ԲՀԿ-ական պատգամավորը ևս այն կարծիքին էր, որ փոփոխությունը դրական է, քանի որ շատ դեպքերում հարց տվողը պատմական էքսկուրսի է վերածում հարցը՝ «բրոնզի դարից սկսած հասնում քարի դար»:
«Կլեոպատրայի ժամանակահատվածից էլ են մեջբերումներ արվում»,-հակադարձեց Հովհաննես Սահակյանը՝ նուրբ ակնարկներ հղելով Կլեոպատրայի սանրվածքով պատգամավորուհու ուղղությամբ: «Փաստորեն, ՀՀԿ-ն Կլեոպատրայի ժամանակաշրջանի ուսումնսիրության լուրջ փորձ ունի» կրկին ժայթքեց Զոհրաբյանը:



Սահակյանը կոչ արեց համակերպվել այն մտքի հետ, որ այս պահին ՀՀԿ-ն է քաղաքական մեծամասնություն. «Իսկ թե հավերժ լինելու է, թե չէ, դա դուք չեք որոշում, ժողովուրդն է որոշելու»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նույնպես կողմ արտահայտվեց: Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ նոր Սահմանադրությունը եթե անցավ, ընդհանրապես արգելվելու է գրավոր հարցերն ընթերցելը, ուստի եթե հիմա էլ բլոկ չանեն, Սահմանադրությունը անցավ՝ դեկտեմբերի 7-ից հակասություն է լինելու այս օրենքի եւ Սահմանադրության մեջ:



Նախագիծը վաղը կդրվի քվեարկության:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ