Բոլորն էլ փողը բաժանելու են, բայց մեկն է, չէ՞, առաջ ընկնելու

Բոլորն էլ փողը բաժանելու են, բայց մեկն է, չէ՞, առաջ ընկնելու

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներին Սահմանադրության հանրաքվեի ճակատագրից ավելի հուզում է մեկ այլ հարց՝ իրենք տեղ ունենալո՞ւ են նոր Սահմանադրությամբ ձեւավորվելիք կառավարման համակարգում, թե՞ իշխանությունը, մեծամասնական ընտրակարգից հրաժարվելով, հրաժարվելու է նաեւ իրենցից: Հիմա բոլորի ուշադրությունն ուղղված է Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններին, որոնց արդյունքում վերջնական որոշում կկայացվի ՀՀԿ-ական կոճակ սեղմողների վերաբերյալ:



Խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում պատգամավորների ընտրությունը պետք է տեղի ունենա 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ գործող մեծամասնական ընտրակարգը պետք է վերանա: Իսկ մեծամասնական ընտրակարգի գոյությունը թույլ էր տալիս գործող իշխանությանը տեղերում առաջադրել հանրապետական գործարարներին, նրանց միջոցով խորհրդարանում ունենալ մեծամասնություն: Այժմ մեծամասնական ընտրակարգը վերանում է, սակայն քողարկված ձեւով այն պահպանելու հնարավորություն կարող է տալ ռեյտինգային քվեարկությունը, որն ուզում են ներմուծել Ընտրական օրենսգիրք:



Այս տարբերակի քննարկումներն սկսվել են դեռ ամիսներ առաջ, ու հիմա էլ հընթացս տարբերակներ են քննարկվում, այդուհանդերձ, իշխող մեծամասնության ներկայացուցիչները երեկ մեր զրույցում փորձում էին համոզել, որ նման քննարկումներ չկան, կլինեն միայն հանրաքվեից հետո: ՀՅԴ-ն նույնպես ակտիվ մասնակցություն է ունենալու ԸՕ-ում կատարվելիք փոփոխությունների հարցում։ Արմեն Ռուստամյանը, սակայն, նույնպես հավաստեց, որ որոշակիություն կմտնի միայն սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվելուց հետո: Ինչպե՞ս վարվել, որ եւ գայլերը կուշտ մնան, եւ ոչխարները՝ ողջ: Այսինքն՝ եւ մեծամասնականից հրաժարվեն, եւ համամասնականի շրջանակներում այն պահպանեն։ Ելքը ռեյտինգային քվեարկությունն է:



Սրա իմաստն այն է, որ ընտրողը ձայն է տալիս ոչ միայն իր նախընտրած կուսակցությանը, այլ նաեւ այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված կոնկրետ թեկնածուին՝ որոշելով, թե կուսակցության համամասնական ցուցակից ով դառնա պատգամավոր: Այս համակարգը գործում է մի քանի ժողովրդավարական երկրներում, դրա նպատակն է ստեղծել ներկուսակցական մրցակցություն ու մեծացնել ընտրողների մասնակցությունը խորհրդարանի ձեւավորման հարցում:



Բայց այս համակարգը Հայաստանում կարող է բոլորովին այլ նպատակ ունենալ, համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորները պետք է ցույց տան, թե որքան ձայն են ապահովել կուսակցության համար:



Հիմա քննարկվում է այն տարբերակը, համաձայն որի՝ ցանկացած կուսակցություն համամասնական ցուցակում իր համար եւս այլընտրանքային ցուցակներ է ձեւավորելու եւ խմբավորելու է պատգամավորներին՝ ըստ ռեգիոնալ պատկանելության: Օրինակ` ռեյտինգային քվեարկության համակարգի միջոցով կպարզվի, թե, ասենք, Շիրակի մարզում որքան ընտրող է հանուն Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի, քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի օգտին:



Միայն օդիոզ պատգամավորները չեն համարվում ՀՀԿ-ի համար ձայն բերողներ, մարզպետի կամ ՏԻՄ մյուս պաշտոնյաների «վաստակը» նույնպես նկատելի կլինի, հնարավոր է, որ մարզպետն առաջադրանք ստանա` ձայներ ապահովել, ասենք, ՀՀԿ-ական, ծնունդով գյումրեցի Մկրտիչ Մինասյանի օգտին, որն այնքան բարձր վարկանիշ չունի եւ չի կարող ձայներ ապահովել, բայց կուսակցական ղեկավարությունը խորհրդարանում նրա լինելը համարի նպատակահարմար՝ իբրեւ առավել քաղաքակիրթ պերսոնաժի: Այս ձեւով ՀՀԿ-ն կարող է, մեծամասնական ընտրակարգն անվանապես վերացնելով, իրականում այն պահպանել:



ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հորդորեց դեռ չշտապել վերջնական եզրակացությունների համար. «Տեսակետներ ամիսներ առաջ եղել են, բայց հիմա քննարկումներ չկան»: Մեր դիտարկմանը, որ ռեյտինգային քվեարկությունն ըստ էության փոխարինելու է մեծամասնական ընտրակարգին, կնշանակի, որ իշխանությունն առանց այդ պատգամավորների չի կարողանա ձայներ ստանալ. «Մենք ձայներ չենք հավաքում, ժողովուրդն է ձայները մեզ տալիս, իսկ դա կապված է ոչ թե հանրապետականների, որ ասում եք իշխանություն եւ ինչ-որ անձերի, այլ նրանից, որ ՀՀԿ-ականներն ամեն օր ժողովրդի հետ են եւ ժողովրդի մեջ»:



ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը, որը 3 անգամ մեծամասնական ընտրակարգով է ընտրվել, մեկ անգամ՝ համամասնական ցուցակով, կարծում է, որ ռեյտինգային քվեարկությունն «արդար մոտեցում» է. «Ցանկացած մարդ, առաջադրելով իր կուսակցության ծրագիրը եւ փորձելով ձայներ բերել իր կուսակցության համար, ինքն իրենով կամ բերում է ձայները, կամ վանում: Շատ հաճախ որեւէ անձի ցուցակի մեջ ընդգրկվելը կամ մեծամասնականով առաջադրվելը պրոգնոզ էր, որն օբյեկտիվ հիմքեր ավելի քիչ ուներ, քան սուբյեկտիվ պատկերացում այդ մարդու մասին: Հիմա ռեյտինգային քվեարկությամբ կընտրվի այն մարդը, որը շատ ավելի ձայներ է բերում ցուցակին, քան այն մարդը, որն ավելի քիչ կբերի»:



Բադեյանը համաձայն չէ, որ այդկերպ մեծամասնական ընտրակարգը տարրալուծվելու է համամասնականի մեջ. «Ընտրական կարգը մեր հորինվածքը չէ: Ֆինլանդիայում նույնպես ռեյտինգային քվեարկության տարբերակն է գործում, բնական է՝ դա ազնիվ է եւ արդար, եւ կամայականություններից զերծ է մնում: Որովհետեւ եթե, օրինակ, ես եմ որոշում կայացնում, թե որ մարդուն ցուցակի որ տեղը գրեմ, բնական է, որ ես կարող եմ նաեւ սխալվել: Համամասնականի ցուցակները կազմելիս մենք ի սկզբանե մեկին ռեյտինգ ենք տալիս, չիմանալով՝ այդ մարդն իրականում ռեյտինգ ունի, թե ոչ, հիմա իրականությունը պարզ կդառնա»: Արդյոք անհավասար մրցապայքարում փողը չի՞ գերակայի ինտելեկտին՝ դուրս թողնելով բազմաթիվ իրական օրենսդիրների։ «Այդպես չէ, հիմա պատկերացնենք, որ նույն ընտրատարածքում Ձեր ասած այդ փող բաժանողներն են, եւ էլ ուրիշ մարդ չկա, բոլորն էլ փողը բաժանելու են, բայց մեկն է, չէ՞, առաջ ընկնելու»,- անկեղծացավ պարոն Բադեյանը՝ ցանկանալով բացատրել, որ ժողովուրդը, այնուամենայնիվ, ընտրելու է ամենաարժանավորին: Կարելի է եզրակացնել, որ իշխանությունն ինտելեկտուալ դասի մասին ի սկզբանե կհոգա, այլապես մանդատ կստանան նրանք, ովքեր փող ունեն: