Հանրահավաք՝ հանուն ապագա ավազակապետության

Հանրահավաք՝ հանուն ապագա ավազակապետության

«Ոչ»-ի ճակատի մտահոգությունը ոչ այնքան սահմանադրական բարեփոխումների անցնել-չանցնելն է, որքան այս իրարանցման մեջ մի քանի շահի հավաքելը, 2017 թվականի ԱԺ ընտրություններին ըդառաջ՝ տեղից շարժվելը, կենդանության նշաններ ցույց տալը, իր մասին հիշեցնելը: Իրենք էլ հրաշալի հասկանում են, որ բարեփոխումներին «այո» կամ «ոչ» ասելը իշխանություններին «այո» կամ «ոչ»  ասել չէ: Դրանք միանգամայն տարբեր բաներ են:



Լևոն Զուրաբյանը, իսկ նա աշխարհի ամենաստախոս մարդն է, երեկ հանրահավաքում հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ից հետո, երբ ժողովուրդը ասի՝ «ոչ», ՀՀ իշխանությունները հայտնվելու են շատ ծանր իրավիճակում: Սուտ է ասում: Դեկտեմբերի 7-ին, երբ հաղթած լինի «ոչ»-ը, իշխանությունները կլինեն աղետի գոտում, սելֆիներ կանեն բնակարանամուտ նշողների հետ, կլինեն 1988-ին ավերված գյուղերում, նորանոր խոստումներ կտան վառարանների կողքին կուչ եկած ընտանիքներին, կայցելեն որևէ նորակառույց դպրոց կամ լուսավորված գյուղական փողոց: Հետո կգա դեկտեմբերի 8-ը, 9-ը, 10-ը, հետո Նոր տարին: Հետո իշխանությունները այսպես կհասնեն մինչև 2017 թվական, մի քանի պատգամավորական մանդատ կշպրտեն ընդդիմությանը (для приличия) և հանգիստ կգնան հերթական նախագահական ընտրությունների: Իսկ այնտեղ արդեն այսօրվա յաման ընդդիմադիրները կսկսեն ճամարտակել իրենց միասնական թեկնածուի հարցի շուրջ և, ընդհանուր հայտարարի չգալով, կմտածեն ինչպես հետույք մտնեն նորընտիր նախագահին, որ մնան քաղաքական դաշտում: Իսկ թե ով կլինի հաջորդ նախագահը, դա էլ կախված կլինի այն բանից, թե ում կառաջադրի Սերժ Սարգսյանը՝ որպես ժառանգորդ:



Եթե այս հեռանկարի համար է ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի, «Նոր Հայաստանի», «Չեք անցկացնի»-ի ՕԵԿ-ի պայքարը, որեմն այնքան էլ վատ պայքար չէ գործող իշխանությունների հավերժացման համար: Իսկ եթե ավելի պարզ՝ ՀԱԿ-ը և մյուսները այսօր նաև պայքարում են, որ Շմայսը լինի հաջորդ խորհրդարանում: Խելացի՞ է…



Հասարակ մի բան ասեմ: Եթե այս իշխանությունների համար «այո»-ն ու «ոչ»-ը կենաց ու մահու կռիվ լիներ, աշնան այս արևոտ օրերին ասֆալտ կանեին, ավտոբուսի կանգառներում շտաբներ կբացեին, Սերժ Սարգսյանը կգլխավորեր «այո»-ի քարոզարշավը և իր ապագան չէր վստահի Միքայել Մելքումյանին կամ Մարգարիտ Եսայանին: Պետք է հասկանալ, վերջապես, որ Սերժ Սարգսյանի վերարտադրության գործիքին էլ չէ՝ «այո» կասեն, թե՞ «ոչ», թե՞ տանը կնստեն ու չեն գնա քվեարկության: Ուրեմն կարիք չկա ժողովրդի առաջ ավելորդ ծամածռություններ անել և «ոչ»-ը ներկայացնել որպես սեփական պայքարի ու հաղթանակի արդյունք:



Սխալ է, սուտ է, երբ ասում են՝ «ոչ»-ը ոչ է իշխանություններին, իսկ «այո»-ն ՝ այո: Դրված է երկրում բան փոխել-չփոխելու հարցը, օրենքնրի գործել-չգործելու հարցը, խորհրդարանը շմայսներով լցնել-չլցնելու հարցը, ամենավերջին անգրագետներին նախարար նշանակել-չնշանակելու հարցը, մենաշնորհները պահպանել-չպահպանելու հարցը: Տեսնո՞ւմ եք ինչքան հարցեր կան: Իսկ Լևոն Զուրաբյանը սուտի բաներ է ասում, թե դրված է Սերժի հարցը:



Մենք, իհարկե, Զուրաբյանի չափ բանիմաց չենք և չենք կարող ասել որ արդեն «ոչ»-ն է հաղթել: Ինքը, մի երկու գյուղ է գնացել և «այո» չի լսել՝ ինչը լիուլի բավարարում է նրան՝ ասելու որ հաղթել է «ոչ» -ը: Իզուր չեմ վիճի: Ընդհակառակը՝ շնորհավորում եմ Զուրաբյանին, որ նաև իր պայքարի արդյունքում է ժողովուրդը «ոչ» ասում բարեփոխումներին՝ հանուն ապագա ավազակապետության:



Հ.Գ. Ուշադրություն դարձրեք լուսանկարի երկրորդ պլանում կանգնած տղամարդու պաստառին: Շմայսի անվան առաջին և վերջին տառերն են: Կարծում եք՝ պատահականությո՞ւն է: