Իսկ ժամանակին ԵԽԽՎ-ն մեզ էլ էր սիրում

Իսկ ժամանակին ԵԽԽՎ-ն մեզ էլ էր սիրում

Քանի օր է, ուրիշ բանուգործ չկա՝ Ուոլթերի հակահայկական զեկույց, հա Ուոլթերի հակահայկական զեկույց: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը վատ է աշխատել, կազմը պետք է փոխել, կախել անբաններին… եւ այսպիսի բաներ:



Ի՞նչ էիք ուզում ԵԽԽՎ-ից: Արդար զեկո՞ւյց: Այսօր չի կարող նման բան լինել:



ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Վահան Բաբայանն ասում է՝ ֆինանսավորող չկա, այլապես հնարավոր է ԵԽԽՎ-ում ավելի լավ զեկույցներ պատրաստել: Սա մոլորություն է: Նրան թվում է՝ կարելի է փող տալ ու լավ զեկույց ապահովել: Նրա խոսքով՝ մեր պատվիրակությունը պայքարում է մեծ քանակությամբ փողի, մեծ քանակությամբ արդեն իսկ վաճառված դիվանագետ պատգամավորների դեմ, իսկ հակաադրբեջանական զեկույցներ չեն հրապարակվում, որովհետեւ ֆինանսավորող չկա: Այսինքն, մենք ի՞նչ պետք է անենք. Եվրոպայից մեկին պետք է բերենք, լավ փող տանք, որ նա հակաադրբեջանական զեկո՞ւյց պատրաստի: Սա քաղաքական գործչի ասելու բա՞ն է: Ըստ նրա տրամաբանության, եթե Ռուսաստանը լավ փող տար, Ղրիմի բռնակցումը Եվրոպան կճանաչեր եւ մի բան էլ հակաուկրաինական զեկույց կհրապարակեր, թե դուք քանի գլուխ ունեք, որ Պուտինի կամքին դեմ եք գնում: Ռուսաստանը չունե՞ր այդ փողը:



Պարզվում է՝ Եվրոպան էլ սկզբունքներ ունի եւ մինչ այս պահն Ուկրաինային պաշտպանում է Ռուսաստանից ու ԵՏՄ-ից: Այլ խոսքով՝ սա կոչվում է ԵՄ քաղաքականություն, որն Ուոլթերին չէ՝ նրա պապին էլ թույլ չէր տա հակաադրբեջանական զեկույց պատրաստել հօգուտ Ղարաբաղի եւ Հայաստանի: Այնպես որ, մեր տվայտանքները միանգամայն ավելորդ են այս պարագայում:



Անշուշտ, համաձայն ենք այն մարդկանց հետ, որ ասում են, թե ԵԽԽՎ պատվիրակության կազմը պետք է փոխել: Այդ պատվիրակության կազմում շուստրիներ եւ ռուսալեզներ չպետք է լինեն: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին նրանց պիտանելիության ժամկետն ավարտվել է: Եվ հիմա այդ պատվիրակության կազմում պետք է մարդիկ ընդգրկվեն, ովքեր հասկանում են, որ ԵԽԽՎ վատ զեկույցների գլուխը սեպտեմբերի 3-ի՝ մեր որոշման տակ է թաղված: Մարդիկ, ովքեր սա չեն հասկանում կամ ցույց են տալիս, թե չեն հասկանում, ստիպված կլինեն ամեն վատ զեկույցի հետ կոկորդիլոսի արցունքներ թափել ու չոք տփել, թե տեսա՞ր ինչ եղավ:



Մինչեւ հայտնի սեպտեմբերի 3-ը, եթե հիշողություններս լարենք, ԵՄ-ն եւ ԵԽԽՎ-ն լավ զեկույցներ էին գրում մեր մասին: Այն ժամանակ փող չէինք տալիս, չէ՞: Ուրեմն ճիշտ չէ այսօր հայտարարելը, որ Հայաստանի պատվիրակությունը, ԵԽԽՎ-ում թղթի շերեփով նստած՝ կռիվ է տալիս Ադրբեջանի նավթադոլարների դեմ: Մի քիչ պետք է համեստ լինել եւ տղամարդ. մտել ես խաղի մեջ, ուրեմն՝ խաղա:



Քանի կա ու կպահպանվի ԵՄ-Ռուսաստան հակամարտությունը, Ռուսաստանի ստրատեգիական դաշնակից Հայաստանի համար հեշտ չի լինի: Սա ճանապարհ է, որ մենք ընտրել ենք ու պարտավոր ենք լինել մեր ընտրության տերը: ԵՏՄ 170 միլիոնանոց շուկա՞ էինք ուզում, հարց չկա, տվել են, սերտ կապեր Ղազախստանի եւ Ղրղզստանի հե՞տ, դարձյալ հարց չկա, լավ դիրքեր ԵՏՄ-ո՞ւմ, վարչապետի պաշտո՞ն, խնդրեմ… Բա էլ Եվրոպայից ի՞նչ ենք ուզում՝ հակաադրբեջանական զեկո՞ւյց: Մենք մոռանում ենք, որ Ադրբեջանը ԵՄ-ին չի ասել՝ ս….ր, մոռանում ենք, որ Ադրբեջանում եվրոպական ու համաշխարհային հսկայական ներդրումներ կան, այնքան փող, որ մենք ինչքան էլ տանք, մեր օգտին, որ նույնն է՝ իրենց ներդրած փողերի դեմ, զեկույց չեն գրի:



Մեր պատվիրակության անդամներն ընդհուպ լաց են լինում՝ կարծում եք հե՞շտ է ԵԽԽՎ-ում պայքարել թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ միայնակ: Հեշտ չէ: Ռուսաստանի համար, իսկ մենք դիտվում ենք հենց որպես Ռուսաստանի կամ նրա քաղաքականության մի մասը, նույնպես դժվար է: Ռուսաստանին նույնիսկ վռնդեցին ԵԽԽՎ-ից: Եվ ի՞նչ եք կարծում, մեզ համար հե՞շտ պետք է լիներ: Շրջան եք մտել, տիկնայք եւ պարոնայք, ուրեմն պետք է պարել եւ ոչ թե կոտրատվել:



«Այս բանաձեւով վեհաժողովն իր վրա է վերցնում լարվածության պատասխանատվությունը»,- հայտարարում են հայ պատվիրակներից ոմանք: Ճիշտ չէ:



ԵԽԽՎ-ն չի ունեցել եւ չի կարող ունենալ նման պատասխանատվություն: ԵԽԽՎ-ն պարզապես նման գործառույթ չունի: Մինսկի խմբի համանախագահներին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին գուցե հնարավոր է մեղադրել լարվածության աճի կամ նվազման մեջ, բայց ոչ երբեք ԵԽԽՎ-ին, որի բանաձեւերն անբարոյականությունից անդին ոչինչ չեն պարունակում: Փորձեք հիշել, թե ինչ են տվել մեզ ԵԽԽՎ հայանպաստ բանաձեւերը: Ոչինչ: ԵԽԽՎ-ն հարյուր անգամ Ալիեւին հորդորել է ազատել քաղբանտարկյալներին, իրավապաշտպաններին, լրագրողներին: Ի՞նչ արեց Ալիեւը: Նա չընկավ պանիկայի մեջ եւ պարզապես հայտարարեց՝ մեզ ԵՄ-ն պետք չէ, այդ մենք ենք ԵՄ-ին պետք: Սա, իհարկե, աղվեսություն էր նրա կողմից, բայցեւ նա վստահ է, որ ԵՄ-ադրբեջանական իսկական հարաբերությունները բոլորովին այլ հարթությունում են, եւ քաղբանտարկյալների խնդիրը չէ, որ առաջնորդում է ԵՄ-ին: Ալիեւը շատ լավ է հասկանում՝ բավական է կես քայլ անի Ռուսաստանի կողմը, եւ աշխարհի թերթերն անմիջապես կողողվեն դուբայներում դիզած իր եւ որդու հարստությունների մասին հոդվածներով: Էլ չենք խոսում հակաադրբեջանական զեկույցների մասին, որ կշտապեն թխել ԵԽԽՎ-ում եւ ՄԱԿ-ում:



Հավանաբար, կընդունվի նաեւ հակահայկական երկրորդ զեկույցը՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված: Թող ընդունեն: Հետո՞: ԵԽԽՎ-ն Սարսանգի ջրամբարի հարցը լուծո՞ղն է: Իսկ գուցե ԵԽԽՎ-ն իր զեկույցներով կկարողանա նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի հա՞րցը լուծել: Միամտություն:



Օտար լեզուների իմացությունը ցանկալի, բայց դեռեւս բավարար պայման չէ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Մեզ սառը դատող մարդիկ են պետք այնտեղ, նաեւ՝ քաջություն ունեցող՝ ասելու ողջ ճշմարտությունն այն մասին, թե ինչու էին ԵԽԽՎ-ում Հայաստանին սիրում առաջ եւ ինչու չեն սիրում այսօր: