Ասելու են ստորագրեք, որ «Մենք տերն ենք, դուք ծառան» (տեսանյութ)

Ասելու են ստորագրեք, որ «Մենք տերն ենք, դուք ծառան» (տեսանյութ)

Ոչ-ի կողմնակից Ազատ Արշակյանը Հրազդանում նշեց, որ կցանկանար հրազդանցիների հետ հանդիպել գրքույկները կարդալուց հետո միայն, որպեսզի վերջիններս հստակ հարցեր ունենային ուղղելու քարոզարշավի մասնակիցներին:



«100 տարի, 1000 տարի, 70 տարի աշխատել են, կուտակել են հարստություն: Այն ժամանակ դա, բացի փոքր մասնավոր կյանքից, բնակարանից, սառնարանից, կարի մեքենայից, մնացած ամեն ինչը պետական էր: Բոլորինս էր, պետական հանրային սեփականություն էր: 25 տարվա մեջ 300 հոգի, 3 մլն հայաստանցիների ունեցվածքը տեղափոխեցին իրենց գրպանները: Հայաստանի քաղաքացիները դարձել են ծառա: Մարդիկ ենք ուղարկում ազգային ժողով, մի քանի հոգի բարձրաձայնում են, ասում են այս ինչ եք անում, դադարեցրեք՝ դուրները չի գալիս: Սահմանադրությունը ընդունելով՝ դուք զրկվում ենք իրենց պատժելու իրավունքից: Նախագահ, քաղաքապետ, գյուղապետ չեք կարող ընտրել, դրանցից ոչ մեկին իր վատ աշխատելու համար ետ կանչելու իրավունք չունեք: Ասելու են ստորագրեք, որ մենք տերն ենք, դուք ծառան: Այո գրեք ստորագրեք, հետո չասեք մենք ինչի ենք լավ ապրում, դուք վատ, դուք եք ասել, որ ուզում ենք վատ ապրել, իսկ մենք լավ եւ շատ լավ»:



Բնակիչների համար երկու կողմի ելույթները այնքան էլ համոզիչ չէին: Բնակիչներից մեկը հարց ուղղեց «այո» կողմին. Հրազդանը հզոր արդյունաբերական քաղաք է, եւ այսօր գործարանները չեն աշխատում, մարդիկ աշխատանք չունեն: Հրազդանի ցեմենտի գործարանը չի աշխատում, գումարային մեծ խճճվածություն կա, կարո՞ղ եք հարթել եւ որեւէ աջակցություն ցույց տալ: Եվ ի վերջո՝ երկու կողմն էլ խոսում եք, բայց մենք դեռ չենք կողմնորոշվել «այո՞»-ն է լավ մեզ համար, թե՞ «ոչ»-ը»:



«Սահմանադրության մեջ գրված չի ցեմենտի գործարանը կբացվի, պետք է տեսնենք այս սահմանադրությունը արդյունավետ մեխանիզմներ է նախատեսում տնտըեսական գործունեության ազատության»-պատասխանեց «այո»-ի կողմնակից Հրայր Թովմասյանը:



«Այո»-ի մյուս կողմանկից Արման Սաղաթելյան էլ հավելեց. «Սահմանադրությունը այն աստիճանի փաստաթուղթ է, որ ժողովրդին տալ չի կարելի: Ավաղ ամբողջ հանրությունը ստիպված է թաթախվել այս ամենի մեջ, ավաղ նա պետք է գա որոշակի որոշման եւ պետք է անի իր քվեարկությունը: Կանեք դա հավատալ- չհավատալով, ինչ կասի դրան Բագրատյանը կամ Թովմասյանը կամ Սաղաթելյանը, դուք ունեք այլ ընտրանք, փորձեք կարդալ ու հասկանալ: Տեղեկացված իրազեկ մարդուն խաբել հնարավոր չէ»:



Նելլի Կարապետյան