Օրվա համայնքը` Ձյունաշող. բնակիչները քիչ են, խնդիրները՝ շատ

Օրվա համայնքը` Ձյունաշող. բնակիչները քիչ են, խնդիրները՝ շատ

Լոռու մարզի Ձյունաշող գյուղն ունի 50 տնտեսություն`100 բնակչով: Մարզկենտրոնից գտնվում է 67 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1870 թվականին, վերաբնակեցվել է 1989թ. Ադրբեջանից բռնագաղթված հայերի կողմից: Կլիմայի ցուրտ լինելու պատճառով հողագործությամբ զբաղվելը եկամտաբեր չէ, քարուքանդ ու անբարեկարգ ճանապարհների պատճառով սեզոնին դժվարանում է նաև կաթնամթերքի իրացման խնդիրը: Լուրջ է դառնում նաև կաթի գնի հարցը` մեկ լիտր կաթը մթերվում է 80-100 դրամով:



Այստեղ բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու: Համայնքում մասամբ զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Համայնքն ունի դպրոց, որը վերանորոգման խիստ կարիք ունի: Արտագաղթը գյուղից ևս մեծ թիվ է կազմում: Գազաֆիկացված չլինելու պատճառով բնակչությունը բնակարանները տաքացնում են աթարով ու վառելափայտով, մինչդեռ վառելափայտի գինը ևս բարձր է գյուղում: Ջրագծերի ներքին ցանցի խնդիր ևս կա համայնքում: Ու ինչպես արդեն նշվեց, գյուղամիջյան ու ներհամայնքային ճանապարհների անբարեկարգ վիճակը խոչընդոտ է հանդիսանում նախ բերքի իրացման, հետո՝ առևտրային գործունեություն իրականացնելու: Մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար Hraparak.am-ը փորձեց կապ հաստատել Ձյունաշողի գյուղապետի հետ, մինչդեռ գյուղապետին ուղղված մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:



Շարքը` Ալեն Գրիգորյանի