Քաղաքականությունում, ինչպես «զոնում». 2015-ը՝ գողական տարի

Քաղաքականությունում, ինչպես «զոնում». 2015-ը՝ գողական տարի

Նման մասշտաբի «սխոդկա» քրեագետները գրանցել էին մոտ կես դար առաջ՝ Ռոստովում, երբ դարաշրջանը գողականներինն էր։ Հաջորդը Հայաստանում էր՝ հենց տարեմուտին, Սուրբ ծննդի օրը հանցագործ աշխարհի հարյուրից ավելի կնքահայրերն ապահով Հայաստանը դարձրին իրենց դարակազմիկ հավաքատեղի:



Տարին` գողականով



Ծաղկաձորյան «սխոդկան» անցավ առանց պատկան մարմինների անհարկի միջամտության, որովհետեւ նրանց պայմանավորվածությունն ավելի բարձր օղակների հետ էր եղել, որոնք աղուհացով ընդունել ու ճամփել էին «օրենքովներին»: Այս լույսի ներքո Ամանորի «հերոս» հռչակվեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը, գողերի աղմուկ հանած հավաքը ոչ միայն չկանխվեց, այլեւ ոստիկանության կողմից գրեթե արդարացվեց:
Որն էր Հայաստանի շահը՝ հայտնի դարձավ միայն անցնող տարվա ընթացքում, քաղաքական կարեւորագույն հարցերը լուծվեցին ոչ թե գրված, այլ չգրված օրենքներով, որոշ թեմաների «խառնվեցին» հենց գողականները: Ամենաշռնդալիցը փետրվարյան «սխոդկան» էր, վարչապետ Հովիկ Աբրահամյանի ապարանքում էր, որտեղ տեղական ու դրսի քերոբները կարդացին Գագիկ Ծառուկյանի դատավճիռը․ նրանք ազատազրկվեցին ցմահ ապաքաղաքական կյանքի՝ գլխատելով ընդդիմությանը: Մարտի 4-ին քրեական աշխարհի 3 ներկայացուցիչների գնդակահարությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ զուտ քրեական ռազբորկա չէր: Երրորդմասցի Լյովիկի սպանության սանկցիան տրվել էր քաղաքական շրջանակներում, Հովիկ Աբրահամյանի միջամտությունը չչեզոքացրեց Օշականցի Գեւորիկի եւ Երրորդմասցու միջեւ մեկ տարի առաջ սկիզբ առած ռազբորկան: Այս սպանությունն իրականում իշխանության թեւերի հավասարությունը պահպանելու զգուշացում որակվեց: «Խարոշիների» ու թաղային հեղինակությունների միջոցով կայացավ նաեւ 2015-ի քաղաքական ամենակարեւոր իրադարձությունը՝ սահմանադրական հանրաքվեն. դրանով «զոն» նայողի հավերժ իշխանության հարցը լուծեցին:



Ճիշտը մի հատ չէ



«Օրենքով» գողերը մեր իշխանավորներից շատ բան ունեն սովորելու, օրինակ, որ «ճիշտը» մի հատ չէ, ու կարելի է մի բան ասել, հետո հետ կանգնել ասածից, դա «զապադլո» չէ, եթե «օբշյակի» շահերին է սպասարկում: Հայաստանում, ինչպես հայտնի հեքիաթում, դժբախտաբար, ոչ թե «Պինոքիոյի», երբ կիլոմետրանոց քթերով քաղաքական գործիչների ու պետական այրերի պակաս չէր զգացվի, այլ «Սուտասանի» «ով այնպիսի սուտ ասի, որ տիրանա թագավորության կեսին» սկզբունքով է: Փետրվարից Սերժ Սարգսյանի ցուցումով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում ստուգումների վերջնական արդյունքների մասին ամփոփ տեղեկությունների համաձայն, այդպես էլ էական խախտումներ չհայտնաբերվեցին: Ստացվեց, որ Ս. Սարգսյանի մտահոգությունները եւ հնչեցրած հայտարարությունն օդում առկախված լուրերի՝ Գագիկ Ծառուկյանի չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցներից ու երիտասարդներից գողացված փողերի հաշվին արված բարեգործության մասին, բացարձակ ապատեղեկատվություն էր: Երկրի ղեկավարը ստո՞ւմ էր՝ վարկաբեկելով Գագիկ Ծառուկյանին եւ արատավորելով նրա բարի համբավը, թե՞ նրան էին մոլորության մեջ գցել՝ Գ. Ծառուկյանի բիզնես-գործունեության մասին ապատեղեկատվություն տրամադրելով, կամ էլ գուցե ստեցին վերջում՝ արդարացնելով Գագիկ Ծառուկյանին: Հիմա էլ օդից կախված է մնում Սերժ Սարգսյանի մեկ այլ հավաստիացում՝ ինքը հրաժարվելու է ղեկավար պաշտոններից՝ ԱԺ նախագահի, վարչապետի, որի մասին անձամբ է խոստացել, թե՞ հետ է կանգնելու իր խոսքերից:



«Շեֆից» հետ չմնաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նա պաշտոնապես հայտարարել էր, որ ԱԺ-ում կստեղծվի Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ։ «2015 թվականը մոտենում է ավարտին, իսկ ԱԺ փոխխոսնակի այս խոստումներն իրականություն չդարձան: Մեզ համար ցավալի է, որ ԱԺ փոխխոսնակը մոռանում է այդ խոստումների մասին: Առավել ցավալի է, որ այդ խոստումներն արվել են ՀՀ նախագահի անունից»,- Շարմազանովին օրերս հիշեցրեց «Սինջար եզդիների ազգային միավորման» նախագահ Բորիս Մուրազին՝ նրա ասածը որակելով որպես սուտ խոստումներ: Խոսքի արժեքը չգնահատեցին նաեւ չիշխանության ներկայացուցիչները՝ մի քանի ժամկետ իշխանափոխություն հետաձգած Հիմնադիր խորհրդարանից, Րաֆֆի Հովհաննիսյանից, ՀԱԿ-ից մինչեւ «կրուտիտի» մաստեր ԲՀԿ-ականները, որոնք անամոթաբար հետ կանգնեցին սահմանադրական փոփոխությունների մասին նախկին կարծիքից՝ փորձելով արդարացնել ընդդիմությունից դեռեւս չճշտված կողմնորոշման «սեռափոխությունը»:



Հերոսներ ու հակահերոսներ



Իշխանությանը չհաջողվեց իր «գերբով» կնքել բոլորին, բայց ցեցը գցեց շատերի տունը՝ էլ ավելի պառակտելով ընդդիմության դաշտը: ՀԱԿ-ում «դավաճան» ու «հաճախորդ» հռչակեցին մինուճար տիկնոջը՝ Բաղրամյան 26 այցելելու, բարեփոխումներին կողմ լինելու համար: Լյուդմիլա Սարգսյանն ու ՀԱԿ-ն արագ մաքրեցին իրենց հաշիվները, տիկինը հիմա բացահայտ «խաղում» է իշխանության կանոններով, անգամ կողմ քվեարկեց վատ տարի խոստացող վարչապետի բյուջեի նախագծին: Գլուխ բարձրացավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած կոնֆլիկտը, փոփոխությունների դեմ առաջամարտիկ ՀԱԿ-ին ուղղված Փաշինյանի ակնարկը «լկտիաբար» ստում են նրանք, ովքեր ասում են, որ սահմանադրական փոփոխությունների տապալումը կկանխի Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, համացանցը պաշարվեց ՀԱԿ համակիրներով, Փաշինյանին ուղղված գրոհը երկար ժամանակ չէր նահանջում: «Ժառանգությունում» էլ կրքերը հասան գագաթնակետին, Ռուբիկ Հակոբյանը հոգեպես վերադարձավ արմատներին՝ դուրս գալով ընդդիմադիր կուսակցությունից։ Ամենաանհաշտ խմբակցության մենատիրուհին դարձավ Զարուհի Փոստանջյանը, նա ողջ տարին ոսկոր դարձավ իշխանության կոկորդում, խորհրդարանականների գլխացավանքը, մի վայրկյանում ոտքի էր հանում Սերժ Սարգսյանին «քծնող գնդին»՝ ՀՀԿ տիկնանց, բացահայտում իշխանության թաքնված պաշտպաններին ու հունից հանում անգամ գեներալիտետին ու տարվա «բռնաբար» Շմայսին՝ խորհրդարանում ունենալով միակ դաշնակցի՝ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը:



Միջկուսակցական բախումների պակաս էլ չզգացվեց, նախկին դաշնակիցները չարաբաստիկ մի նիստի արդյունքում դարձան թշնամի ու մինչեւ հիմա իրար միս են կրծում. ՀԱԿ-ը համառորեն պնդում է, որ ԲՀԿ-ն ջախջախվել է փետրվարից հետո ու իշխանության հետ է համագործակցում, ԲՀԿ-ն էլ նույն բանում է ՀԱԿ-ին մեղադրում:



Քծնանք, որը սահման չունի



Քծնանքը, որպես քաղաքական կատեգորիա, այս տարի էլ մնաց կայուն դիրքերում, վերադասին քծնելու բոլոր մաստերկալասները սերտած մանր ու միջին քաղաքական դեմքերը բաց չթողեցին «շեֆին» հաճոյանալու պատեհ-անպատեհ առիթները: Դեռեւս տարվա սկզբում «թագավորն» ապրած կենա Ծառուկյանին Նաիրա Զոհրաբյանով փոխարինելուց հետո ԲՀԿ-ականների քծնական ելույթներից մի քիչ վախի դոզան նվազեց. «Տիկին Զոհրաբյանն անվերապահ ճիշտ է», տիկին Զոհրաբյանը՝ այսպես, Զոհրաբյանը՝ այնպես. գրեթե բոլոր ԲՀԿ-ականների ելույթներն սկսվում են կուսակցապետի խոսքերին հղումով՝ իբրեւ վերին ատյանի ճշմարտություն: Իսկ ՀՀԿ-ում քծնելը վերածվել է անձի պաշտամունքի: Տարվա անգերազանցելի քծնանքը, անկասկած, ՀՀԿ-ական, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանինն էր։ «Ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը: Մի հատ նայեք կենսագրությունը՝ Ղարաբաղից սկսած, Հայաստանով վերջացրած: Մի՞թե այդպիսի հարուստ կենսագրություն ունեցող քաղաքական գործիչը պետք է գնա-նստի իրենց տանը»,- ընդդիմադիրների ելույթներից վրդովված՝ խորհրդարանի ամբիոնը ջարդում էր Մարգարիտ Եսայանն այնպես, որ ձայնը լսելի լինի մի կանգառ վերեւ՝ Բաղրամյան 26-ում:



Տարին առանձնահատուկ էր, որովհետեւ մարդիկ հաճոյանում էին նաեւ ուրիշների «շեֆերին», Լյուդմիլա Սարգսյանը կառավարությանն ու Հովիկ Աբրահամյանին է գովաբանելով ման գալիս, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ իշխանությունից շատերին, իսկ այս կատեգորիայում անկրկնելին Ռուբիկ Հակոբյանի ելույթն էր՝ Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ, մի քանիօրյա անկուսակցականի ու ապագայում հյուպատոսական աշխատանքի անցնելու խոսակցությունների ժամանակահատվածում Հակոբյանը մինչեւ անգամ առաջարկեց ծափահարել իշխանություններին: «Հարգելի» իշխանություններին ուղղված ելույթով նա հիշեցրեց 1995-ի կեղծիքով պարտադրված Սահմանադրության մասին, ասաց, որ նրանք, ովքեր այն ժամանակ դա արեցին, հիմա սեւերի ու սպիտակների են բաժանում ամեն ինչ: Նա դիմեց ընդդիմությանը. «Այս իշխանություններին պետք է ամեն օր ծափահարեք, դուք, որ այդ ավանդությամբ ընդունեցիք Սահմանադրությունը: Լավագույնս ձեր հորդորները կատարում են: Ասում էիք՝ պետք է կեղծելով վերարտադրվենք, մարդիկ անում են՝ ի՞նչ եք ուզում: Դուք մի հատ դարակազմիկ եզրույթ ունեիք, որ պոլիփետ լինի՝ ՀՀՇ լինի: Այս մարդիկ կատարելության են հասցրել դա: Սա ենթադրում է, որ ինչքան հանցագործ, ժուլիկ լինի՝ խցկվի իշխանություն: Հիմա անում են, ի՞նչ եք ուզում: Դուք լավագույն դաշնակիցն եք այսօրվա իշխանությունների»:



ՀԳ. Իսկ քաղաքական խարդավանքների վկա հայ հասարակությունն այս տարի էլ ավելի հեռացավ ոչ միայն իշխանությունից, այլեւ ընդդիմությունից, վկան Ազատության հրապարակի մի քանի տասնյակ միտինգներն են: Բոլոր տեսակի ընտրություններից, խաղերից հոգնած-զզված մարդիկ սովորեցին ոչ միայն «քցել» իշխանություններին, այլեւ հույսը դնել միայն իրենց վրա: