Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ն ուղարկում է պատմության գիրկը, իսկ խարա՞նը

Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ն ուղարկում է պատմության գիրկը, իսկ խարա՞նը

Արթուր Բաղդասարյանը որոշել է «ոչնչացնել» հին Արթուր Բաղդասարյանին ու նոր Արթուր Բաղդասարյանին կյանք տալ՝ հույս ունենալով, որ կազատվի նախկինի բեռից: Առաջիկայում նա պատմության գիրկը կուղարկի իր ստեղծած «Օրինաց երկիրը», իսկ ՕԵԿ «հուղարկավորությունից» հետո էլ կուսակցություն կդարձնի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը: Այս միավորումը կյանքի կոչվեց իշխանական նավը լքելուց հետո, երբ Արթուր Բաղդասարյանը փորձեց Գագիկ Ծառուկյանի պես իր առանցքի շուրջ համախմբել ընդդիմադիր դաշտը, միայն թե հաջողեց լուսանցքային ընդդիմության հարցում, «Հայկական վերածնունդ»-ում 150-ից ավելի հասարակական միավորումներ են հանգրվանել, մեկ տասնյակից ավելի չլսված ու չտեսնված կուսակցություններ:



Երեկ նորաստեղծ միավորումը հաղորդագրություն տարածեց, որ կառավարման խորհրդի նիստ է եղել, ու որոշում է կայացվել փետրվարի 20-ին անցկացնել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը:
Տեղեկություններ կան, որ մինչեւ համագումարը նոր կուսակցությունը, սահմանված կարգի համաձայն, կգրանցվի նաեւ Պետռեգիստրում: Ի դեպ, նույն անվանումով Սփյուռքում բավական ընդդիմադիր կազմակերպություն է գործում. հավանաբար, Արթուր Բաղդասարյանը փորձում է դրա անվան տակ շփոթ ստեղծել:



ՀՎ մամլո խոսնակ Վահե Մոսինյանը երեկ մեզ հետ զրույցում շտապեց վստահեցնել։ «ՕԵԿ-ը կամ միության մաս կազմող որեւէ կուսակցություն չի լուծարվելու, այլ դրանք հիմք են դնելու նոր կուսակցության, իրավաբանական տեսանկյունից նորը դառնալու է այդ կուսակցությունների շարունակությունը»,- ասաց նա: Մինչդեռ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով պարզ հայերենով ասվում է. կուսակցությունը «նախատեսում է այնպիսի անձանց անդամակցությունը, որոնք, սույն օրենքին համապատասխան, չեն կարող լինել կուսակցության անդամ»:



Թեպետ «Հայկական վերածննդին» անդամակցող կուսակցությունները վաղուց, ըստ էության, լուծարված են, դրանք ուղղակի գոյություն չունեն, մի մասը՝ դե ֆակտո, մյուս մասը՝ դե յուրե: Օրինակ՝ ում է հայտնի «Իմ տունը Հայաստանն է» անունով կուսակցությունը կամ «Միավորված հայեր»-ը, «Ազգի փրկություն»-ը եւ այլն:



Սակայն երեկ պարզեցինք, որ ոչ բոլորն են համաձայնել լուծարել իրենց կուսակցությունները եւ դառնալ նորի հիմնադիր անդամ: Խորհրդի նիստին մասնակցել են ներկայացուցիչներ «Վերածննդի» մաս կազմող միավորներից, ՕԵԿ բոլոր պատգամավորները, բացի Լեւոն Դոխոլյանից, որը գործուղման է։ Նիստը վարել է Արթուր Բաղդասարյանը։ Մասնակցել են նաեւ «Միավորված հայեր», «Հայկանդուխտ», Լիբերալ ժողովրդավարական կուսակցություն, «Հայոց հայրենիք» եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավարները: Մեր տեղեկություններով, միայն վերջինի ղեկավար Մովսես Շահվերդյանը չի ցանկացել լուծարել իր ՀԱՍԿ-ը: Ինչո՞ւ չեք ցանկանում լուծարվել, մանավանդ, որ քաղաքական ակտիվ դերակատարում չունեք։ Մեր հարցից Շահվերդյանը նեղացավ ու պատմական էքսկուրս կատարեց․ «Դուք երեւի չեք հիշում, բայց մեր կուսակցությունն էր, որ առաջացրեց էս ամբողջ թոհուբոհը, 1998-ին, համագումարում, մենք առաջադրեցինք Կարեն Դեմիրճյան նախագահի թեկնածությունը եւ մենք պաշտպանեցինք: Մեր ծրագրերը կապված էին նրա գործունեության հետ, բայց պայմանավորվածությունն ավարտին չհասավ հոկտեմբերի 27-ի պատճառով, եւ դրանից հետո մեզ համար վատ ժամանակներ եղան»: Շահվերդյանը հիշեցրեց, որ համապետական բոլոր ընտրություններին իրենք ակտիվ մասնակցություն են ունեցել։ «Րաֆֆի Հովհաննիսյանին, բացի իր կուսակցությունից, մենակ մենք էինք պաշտպանում»։ Ապա հիշեց, որ «Ծառուկյանի կողքին էին»: Այսինքն, բոլորի անավարտ թողած գործի շարունակությո՞ւնն է ստանձնել Արթուր Բաղդասարյանը. «Մենք անընդհատ գործընկեր ենք փնտրում արենայում, տեսնում ենք՝ ով է ավելի ակտիվ, որ համագործակցենք, թե ինչ կստացվի՝ դեռ վաղ է ասել»: Իսկ կստացվի՞, նկատի ունենալով Արթուր Բաղդասարյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքը։ «Մենք էլ հենց դա ենք անելու, որ հանրային կարծիքի վրա ազդենք եւ քաղաքական ուժի դոմինանտ դերի խնդիրը լուծենք»: Հիշեցնենք, որ ՀԱՍ կուսակցությունը ձեւավորվել է 2004-ին, Մովսես Շահվերդյանը վստահեցնում է, որ 3-4 հազար կուսակիցներ ունեն, երկու տարին մեկ էլ համագումար են արել, այս տարի էլ է սպասվում:



Խոսեցինք նաեւ «Ազգի փրկություն» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Սարգիս Կարապետյանի հետ: Այս կուսակցության անունը «Հայկական վերածնունդի» կայքում նույնպես ներառված է շարժման մաս կազմող 11 կուսակցությունների ցանկում: Կարապետյանն ասաց, որ որոշել էր կուսակցությունը լուծարել, բայց փոշմանել է. «Իմ ընկերներն ասեցին՝ մի լուծարի, դեռ գործ ունենք Հայաստանում, հայ ժողովրդի համար»:



Ի՞նչ պիտի անեք կուսակցությունով։ «Մեր կուսակցությունում բոլորը կռված տղերք են, հայրենասեր մարդիկ»։ Կարապետյանը չցանկացավ անուններ թվարկել, լրագրողները, նրա կարծիքով, «ազգի խառնակիչներ» են, երբ զրույցի կեսից բացահայտեցինք, որ ազգափրկիչ կուսակցությունը ինքնըստինքյան լուծարվել է․ «2004-ին երբ ստեղծվեցինք, 2 հազար հոգի էինք, հիմա մնացել ենք 750, բոլորն արտագաղթել են»:



Հավատո՞ւմ եք, որ Արթուր Բաղդասարյանը ձեր կուսակցության անվանը հարիր առաքելություն կկատարի եւ կփրկի ազգը. մեր հարցից Կարապետյանն ավելի բռնկվեց. «Ի՞նչ կապ ունի Արթուր Բաղդասարյանին հավատալը… դեռ ոչ կուսակցություն կա, ոչ համագործակցություն, ես դեռ չեմ համագործակցել… Ի՞նչ «Հայկական վերածնունդ», էդ «Օրինաց երկիրն» է էդ գործը կոորդինացնում… մենք հավաքվել ենք ընդամենը, իրար ճանաչել, փորձել հասկանալ, թե ինչ է հնարավոր անել երկրի ներսում: Հիմա էլ ես կսպասեմ, կնայեմ, եթե էդ մարդիկ լավ գործ կատարեցին երկրի համար, լավ ծրագիր կատարեցին, բնականաբար, նորմալ մարդն իր կողքին պետք է լինի, թեկուզ կողքին էլ չլինի, բայց համագործակցի»: Սարգիս Կարապետյանն ազգին փրկելու մեկ ճանապարհ գիտի. «Սա բռնապետություն է, մինչեւ չվերացնես, չի փրկվի, 20 տարի հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է կատարվում: Ես գիտեմ, որ 90 թվականից մինչեւ հիմա ցեղասպանությունն սկսել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, էդ գլուխգործոցը, էդ դավաճան Հուդան, հիմա էլ իրա ենթականերն են շարունակում: Ես գիտեմ՝ մինչեւ իրան չվերացնենք, հայ ժողովրդին փրկել հնարավոր չէ»: