Սկսել են պարտիզանական ձեւերով աշխատել

Սկսել են պարտիզանական ձեւերով աշխատել

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի էստակադայի ապամոնտաժումը շարունակում է մնալ օրակարգային խնդիր։ Անգամ change.org կայքում օնլայն ստորագրահավաք է սկսվել ընդդեմ «Զվարթնոցի» շենքի քանդման աշխատանքների, որը եթե անգամ ոչինչ էլ չփոխի, գոնե ուղղակիորեն արտահայտում է այս օրերին հանրության մեջ առկա դժգոհությունները։ 



Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանից հետաքրքրվեցինք, թե չե՞ն պատրաստվում հարցը նորից քննարկման դնել Հանրային խորհրդում, հատկապես հիմա, երբ «Զվարթնոցի» ապամոնտաժման հարցն ակտուալ է դարձել։ Մանասյանը նկատեց, որ ինքը նույնպես հանձնաժողովի անդամների հետ միասին մտածում է այս հարցի շուրջ, բայց մյուս կողմից էլ «Զվարթնոցի» հարցն արդեն 2 անգամ քննարկել են, 2 անգամ էլ մերժել են ապամոնտաժման հարցը, իսկ ավելի հստակ՝ առաջիկայում պարզ կդառնա։ «Ուղղակի, գիտեք, մարդը կարծես դառնում է անուժ... բացի մեր ենթահանձնաժողովի քննարկումներից, այդ հարցը քննարկվել է նաեւ Հանրային խորհրդի լիագումար նիստում, էլի մերժվել է, էլի գրել ենք, որ սխալ է քանդելը»,-նշեց նա, միաժամանակ նկատելով, որ ամեն քննարկումից հետո փոքր, բայց ինչ-որ մի զիջումի գնում է կոնցեսիոները՝ «Զվարթնոց» օդանավակայանը տնօրինող Էդուարդո Էռնեկյանը։



Գագիկ Մանասյանը չի կարող ասել, թե քննարկումները, լինի դա Հանրային խորհրդում, թե քաղաքաշինության նախարարությունում, ինչ-որ բան կփոխե՞ն կամ կստիպե՞ն զիջումների գնալ կոնցեսիոներին. «Վերջին լիագումար նիստին հրավիրված էր իրենց ներկայացուցիչը՝ արգենտինացին, խոսեցինք, պայմանավորվեցինք, ինչ-որ մի բան փոխվում է, բայց հարցն ամբողջական լուծում չի ստանում, լուծումն էլ նա է, որ չքանդեն, բայց մարդիկ միշտ ինչ-որ մի ձեւ գտնում են»։ Իր խոսքում անդրադառնալով գաղտնի ձեւով տրվող թույլտվություններին եւ նույնքան էլ գաղտագողի քանդման երեւույթներին, Մանասյանը նշեց, որ դա վտանգավոր գործելաոճ է եւ ոչ հարիր քաղաքակրթության օրենքներին. «Բայց ի՞նչ անենք, մարդիկ սկսել են պարտիզանական ձեւերով աշխատել, չգիտես ինչ է... ես իրոք անզորության մի զգացումի մեջ եմ, չես իմանում ինչ անես..., էլ ի՞նչ կարող ես անել»։



Մանասյանը նկատում է, որ մի միտում է ձեւավորվել՝ հուշարձանների մի մասը հանում են հուշարձանների պահպանության պետական ցանկից եւ հետո քանդման կանաչ լույս տալիս, ինչը նախապես պլանավորված հատուկ գործելաոճ է. «Որովհետեւ, եթե նրանք հուշարձանների պահպանման ցուցակում են լինում, պետությունը դառնում է այդ հուշարձանի գոյության երաշխավորը, դրա համար, որպեսզի հասնեն իրենց նպատակին, սկզբից հանում են ցուցակից՝ 1-2 տարի առաջ, հետո նոր հասնում են դրան։ Օրինակ, մեր առաջին քննարկման ժամանակ մենք կետ դրեցինք, որ «Զվարթնոցը» վերականգնեն հուշարձանների պահպանման պետական ցանկում, բայց նրանք դիտավորյալ չեն անում, որովհետեւ եթե դա անում ես, կոնկրետ մաշկույթի նախարարությունն ու կառավարությունն ընկնում են կրակը, այդ հուշարձանն արդեն օրենքով է պահպանվում, իսկ օրենքը չկատարելն արդեն հանցագործություն է՝ քրեորեն։ Այդ պարագայում ցանկացած հասարակական կազմակերպություն, նույնիսկ սովորական քաղաքացի կարող է դատի տալ ու շահել»։



Ինչ վերաբերում է մշակույթի նախարարությանը, ապա, ըստ Մանասյանի, մշակույթի նախարարությունն այդ օղակներից մեկն է, որ համաձայնություն է տալիս. «Այսինքն՝ եթե կառավարությունն ինչ-որ որոշում է ընդունում, մշակույթի նախարարությունը կառավարության մի մասն է եւ ո՞նց կարող է, ասենք, համաձայն չլինել»։



Մանասյանը հիշում է, որ, այնուամենայնիվ, Հանրային խորհրդի քննարկումների արդյունքում կարողացան «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը փրկել՝ հույս հայտնելով, որ «Զվարթնոցի» դեպքում նույնպես մի դրական լուծում կարձանագրեն․ «Թե չէ՝ այսպես չի լինի, ինչքան բան կա, որ այսօր գոյություն չունի, Երիտասարդական պալատ... օրինակները շատ են. մի հատ մարդ բերես ու ասես՝ Երեւանը երկու հազար յոթ հարյուր քանի տարեկան է, մենակ ծիծաղ կշարժի, չկա մի բան, որ ապացուցես Երեւանի հնությունը։ Սենց քանդելով ո՞ւր ենք հասնելու՝ չգիտեմ, հիմա էլ արդեն 19-20-րդ դարից բան չի մնա»։