Անկոչ հյուրերով հրավիրված ասուլիս՝ Օպերային թատրոնում

Անկոչ հյուրերով հրավիրված ասուլիս՝ Օպերային թատրոնում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում խմորումները շարունակվում են գլխավոր դիրիժորի կրճատված հաստիքի (Կարեն Դուրգարյանի) շուրջ։ Այն բանից հետո, երբ նախօրեին թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը պաշտոնապես մամուլում հայտարարել էր, որ «Օրկեստրից բաց նամակ նախագահի անունով չի եղել, եւ ոչ մեկ դրա տակ չի ստորագրել», թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստների անունից մի շարք լրատվամիջոցների հրավեր եկավ՝ գալ օպերային թատրոն եւ ստանալ նվագախմբի պաշտոնական պատասխանը։ Բայց լրագրողների մուտքն օպերային թատրոն չթույլատրվեց՝ այն պատճառաբանությամբ, որ տնօրինությանը չի զգուշացվել, հետեւաբար, ոչ մեկին չեն կարող ներս թողնել։ Թատրոնի ծառայողական մուտքի մոտ կանգնած Գեղամ Գրիգորյանի օգնական Կարեն Շահինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ի՞նչ իրավունք ունեն հրավիրել ձեզ մամուլի ասուլիս, սա պետական հիմնարկ է, տնօրինություն կա, դիմել են, ասել ենք՝ ո՞չ։ Չեն գալիս 15 րոպե առաջ ու ասում՝ մենք եկել ենք մամուլի ասուլիս, ձեւ կա, թող 4 օր առաջ, 2 օր առաջ դիմեին, ոչ թե սպասեին՝ տնօրենին վիրահատություն անեն ու այդ վիրահատության օրը ձեզ հրավիրեն։ Դա շնորհք չէ, նույն օրկեստրից հարցրեք, թե քանի՞ հոգի գիտեին մամուլի ասուլիսի մասին»։ Ապա խորհուրդ տվեց հարցնել քիչ հեռվում կանգնած նվագախմբի տնօրեն Գարեգին Սիմոնյանին, թե տեղյա՞կ էր մամուլի ասուլիսի մասին։ Վերջինս մի քիչ շփոթված ասաց, որ կոնկրետ ինքն այդ օրն է իմացել։ Այսինքն՝ գաղտնի՞ են պահել իրենից։ Նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այդ պահին այդտեղ խոսելու թեմա չկա։ 



Ինչ վերաբերում է նվագախմբին, ապա երաժիշտներից մի քանիսը, որոնք փորձից նոր էին դուրս եկել, ասացին, որ չէին մտածում, թե տնօրինությունը թույլ չի տա, որ մամուլի ասուլիս անեն թատրոնում՝ նշելով, որ նվագախումբը ներսում է սպասում լրագրողներին. «Ցանկալի չէ, որ նվագախումբը դուրս գա»,-նկատեց երաժիշտներից Շմավոն Գրիգորյանը։ Թե ինչու, ըստ նրա, տարբեր հանգամանքներից ելնելով. «Եթե չեն թողնում, ուրեմն մի բան գիտեն, ուրեմն պետք չէ, փաստորեն, մենք անզոր ենք...»։



Այն հարցին, թե ինչու նվագախմբին չեն թողնում դուրս գալ եւ խոսել լրագրողների հետ, Շահինյանը զարմացավ՝ ո՞վ չի թողնում, անձամբ ինքը թողնում է՝ «կանչեք թող խոսեն»։ Երաժիշտներից մեկը նկատեց, թե իրենք այստեղ են աշխատում ու չեն մտածել, որ հատուկ թույլտվություն է պետք դրա համար, եւ եթե այդպես է, ապա հիմա են դիմում թույլտվության համար։ Սակայն պարզվեց, որ հիմա էլ չեն կարող, որովհետեւ, ըստ Շահինյանի, դրա համար հատուկ պայմաններ պետք է ապահովեն։
Եթե ասելիք կա, հնարավոր չէ՞ այն հիմա ասել, թեկուզ դրսում, երբ լրագրողները հավաքվել են, բայց, Շմավոն Գրիգորյանի դիտարկմամբ, ներսում հավաքվելու նպատակն այն էր, որ ցույց տան՝ Դուրգարյանի համախոհները 5 հոգի չեն եւ չեն ուզում բոլորին հանեն դուրս, որպեսզի միտինգի չնմանվի։ Թե ինչքան են Դուրգարյանի համախոհները, ապա, ըստ նրա, մոտ 140 հոգի՝ նվագախումբն ու երգչախումբը։



Ինչ վերաբերում է նախագահին ուղղված նամակին, ապա, ըստ Շահինյանի, նման բան չի եղել, եղել է միայն Գեղամ Գրիգորյանին ուղղված նամակ. «Տնօրենն ասեց, որ եկել էին ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները՝ քննիչները, բերել էին ստորագրությունները, որոնց մեջ կային նաեւ երգչախմբից ստորագրություններ, բայց երգչախմբից մարդիկ մոտենում ասում էին՝ մենք նախագահին նամակ չենք գրել, մենք գրել ենք նամակ Գեղամ Գրիգորյանին, եւ այդ նամակը կա, բայց Գեղամ Գրիգորյանն ու երկրի նախագահը տարբեր մարդիկ են։ Գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելը չէր նշանակում Կարեն Դուրգարյանի փայտիկը ձեռքից վերցնել, իրեն առաջարկվել է՝ աշխատավարձդ մնում է նույնը, բոլոր ներկայացումները քոնն են, շարունակում ես քո աշխատանքը, դու դիրիժոր ես, ոչ թե ծնվել ես գլխավոր դիրիժոր»։ Ավելին, Շահինյանի խոսքերով, նույնիսկ «մարդասիրական» մոտեցում են ցուցաբերել, որպեսզի նրա ինքնասիրությանը չկպնեն, ասելով, որ որոշ ժամանակ չի լինի գլխավոր դիրիժորի հաստիք. «Գուցե մեր ազգի համար ավելի լավ է, որ հիմա էլ աշխարհում իրեն ճանաչեն, իսկ իր թատրոնի դռները բաց են իր առաջ»։ Ներկա էր նաեւ Դուրգարյանի եղբայրը, որը պաշտոնապես հայտարարեց, որ Դուրգարյանը չի արտագաղթել եւ հյուրախաղերով գտնվում է դրսում, 10-20 օրից կվերադառնա։



Ի վերջո, եղե՞լ է նամակ՝ ուղղված նախագահին, թե՞ ոչ։ Ներկաներից մեկը՝ Լիլիթ Բաղդասարյան անունով, որը ներկայացավ որպես տնտեսագետ եւ «մարդ, որի սիրտը ցավում է օպերայի համար», տեղեկացրեց, որ նախագահին նվագախմբի մի քանի երաժիշտներ են դիմել՝ կից ներկայացնելով ամիսներ առաջ Գեղամ Գրիգորյանին ուղղված նամակն ու ստորագրությունները. «Եթե անհրաժեշտություն լինի, մենք նորից կարող ենք հավաքել ստորագրություններ եւ դիմել հենց նախագահին»։ Մեր այն դիտարկմանը, թե այս նամակը, որի մասին անընդհատ խոսում են, թվագրված է 2015թ. սեպտեմբերի 29-ին, իսկ այդ ժամանակ ոչ գլխավոր դիրիժորի հաստիքն էր կրճատված, ոչ էլ Դուրգարյանին հանելու խնդիր կար, մեր զրուցակիցը նշեց, որ Գեղամ Գրիգորյանի գալու առաջին օրից Դուրգարյանին հանելու խնդիրը եղել է, եւ իրենք հենց դա կանխելու համար են սեպտեմբերին դիմել Գեղամ Գրիգորյանին։ Ներկաները հերքեցին մեր այն ինֆորմացիան, որ հենց Օպերայի երաժիշտներն են ասում, որ այդ ստորագրությունները կեղծ են, եւ դրանք 2 տարի առաջ աշխատավարձերի բարձրացման պահանջով դրված ստորագրություններն են։



Նկատենք միայն, որ թե Շմավոն Գրիգորյանը, թե Լիլիթ Բաղդասարյանն աշխատում են Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամում, որի հիմնադիր տնօրենը Կարեն Դուրգարյանն է, եւ հիմնադրամի ճակատագիրն այս պահին նույնպես անհայտ է։