Ինչպես կորոշի նախագահը, այնպես էլ կանի

Ինչպես կորոշի նախագահը, այնպես էլ կանի

Մարզպետների պաշտոնների բաշխման «ահասարսուռ» հեռանկարները կարծում ենք այս օրերին մի լավ «վախեցրել են» մեր մարզպետներին: Հայ հեղափոխական դաշնակցությանը պաշտոնների «նվիրատվությունը» սարերի հետևում չէ, այնպես որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պատրաստվում զբաղվել մարզպետի պաշտոնին «ցտեսություն» ասելուց հետո:



«Շրջանառվող խոսակցությունները ես չեմ մեկնաբանում, ես աշխատում եմ այստեղ».- եղավ Սարգիս Սահակյանի պատասխանը: Իսկ եթե հանկարծ…«Հանկարծ ես չեմ կարող ասել, իսկ եթե հանկարծ… նայած իրավիճակներին: Ես ՀՀԿ թիմի անդամ եմ, ինչպես կորոշի նախագահը, այնպես էլ անելու եմ».- չթողնելով ավարտել մեր հարցը, պատասխանեց Սարգիս Սահակյանը: Եթե ազատվեք մարզպետի պաշտոնից ինչո՞վ եք զբաղվելու. «Ես եթե-ներին չեմ կարող պատասխանել, Ձեր եթեներին, Դուք հիմա հազար հատ եթե-ներ կարող եք ասել»:



Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է քննարկվում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու մասին խոսակցությունները, որոնց պետք է հետևի ՀՅԴ-ականներին պաշտոններ բաշխելու պրոցեսը: ՀՀԿ-ականները պնդում են, թե իրենց կոալիցիան ՀՀԿ-ի հետ գաղափարական հիմքի վրա է, այլ ոչ պաշտոնների բաշխաման, սակայն արդեն երկար ժամանակ է չեն կողմնորոշվում, թե որ պաշտոնները բաշխեն իրենց կոլեգաներին: Ըստ Hraparak.am- ի վերջին տվյալներով` ՀՅԴ-ի հետ ծավալված կոալիցիոն բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Դաշնակցությանը տալու են ՏԿՆ- ն  այն անջատելով ԱԻՆ-ից, Էկոնոմիկայի նախարարությունը և ԿԳ նախարարությունը: Ըստ այդմ` ՀՅԴ-ն ՏԿՆ պորտֆելը կտա Դավիթ Լոքյանին, Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար` Լևոն Մկրտչյանը:



Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին տրվելիք մարզպետների պորտֆելներին` ապա հստակություն կա Արագածոտնի մասով, որտեղ մարզպետ կնշանակվի Գագիկ Գյոզալյանը, Շիրակի մարզպետի պաշտոնից ՀՅԴ-ն կարծես հրաժարվում է: Մեզ հասած տեղեկություններով` ՀՅԴ-ին կտրվի նաև Արաբկիրի թաղապետի պաշտոնը, ինչպես նաև մի քանի փոխնախարարների պաշտոններ, որոնք սակայն հետագայի հարց են: