Ես անձնական նպատակներով քաղաքական որևէ գործընթացի չեմ մասնակցել ու չեմ մասնակցի

Ես անձնական նպատակներով քաղաքական որևէ գործընթացի չեմ մասնակցել ու չեմ մասնակցի

Կուսակցությունների հայացքը միտված է 2017-ի ընտրություններին․ ստվերային բանակցություններ, դաշինքներ կազմելու, ցուցակներ ձեւավորելու, ֆինանսական աղբյուրներ գտնելու հարցեր են քննարկվում։ Մեր զրուցակիցը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն է: 



- Պարոն Մակեյան, Դուք ներկայումս «Նոր Հայաստան» շարժման խորհրդի կազմում եք, քաղաքական այս միավորը չի ցանկանում ընտրական գործընթացներին մասնակցություն ունենալ, բայց նաեւ չի կարողանում փողոցում իշխանության «հարցերը լուծել», քաղաքական առաջիկա զարգացումներն ինչպե՞ս եք պատկերացնում:



- Մենք ոչ թե մերժում ենք, այլ պատկերացնում ենք այսպես. քվեարկությանը գնալ արդեն կանխորոշված, այսինքն՝ մթնոլորտը պետք է փոխել: Իշխանությունն ամեն ընտրությունից, ինչպես նաեւ դեկտեմբերյան հանրաքվեից հետո վերջնական հասկացավ․․․, եթե հանրաքվեի ժամանակ ՀԱԿ-ն իրեն ճիշտ պահեր, իսկ մնացած ընդդիմադիրներն էլ հասկանային, որ պետք է փողոցում հարց լուծվի, ապա հանրաքվեի հարցը ոչ թե կլուծվեր իշխանության, այլ ժողովրդի ցանկալի տարբերակով: Մենք հիմա ասում ենք. քանի որ աշխարհում իրավիճակը շատ արագ է զարգանում, տարածաշրջանը շատ ռիսկային է, հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսական վիճակը, ռուս-թուրքական հարաբերությունները, մենք հասկանում ենք, որ արագընթաց զարգացումների պայմաններում ամեն վայրկյան Հայաստանում կարող է իրավիճակ փոխվել, ինչո՞ւ 1.5 տարի առաջ շահարկել այն ծրագիրը, որն իշխանությանն է ձեռնտու, մենք հնարավորինս պետք է կանխենք գործընթացը, որ իշխանությունը չհասնի հերթական ընտրություններին:



- «Նոր Հայաստանն» ամիսներ շարունակ պայքարում է, անընդհատ իշխանափոխության ժամկետներ է երկարաձգում, ինչպե՞ս պետք է հաջողեք:



- «Նոր Հայաստանը» մարտի 1-ը հրապարակեց նոր գործընթացի, նոր մոբիլիզացիայի նոր փուլ: Մենք, բնականաբար, կարծես թե պիտի խնդիրներ ունենայինք Կոնգրեսի հետ, որը Մարտի 1-ը կարծես սեփական հարստություն է դարձրել, մինչդեռ մեր ազգային ցավն է, ու, ընդհանրապես, Կոնգրեսը 18 կուսակցություններն էին, որն այն ժամանակվա համաժողովրդական շարժումն էին ձեւավորում, «Նոր Հայաստան»-ի մեծ մասն էլ այդ շարժման տուժածներն են, որոնց թվում՝ ես եւ մեր կուսակցությունը։ Մենք, բնականաբար, նպատակահարմար գտանք մարտի 1-ի օրվա ընտրությունը ոչ թե այն նպատակով, որ Կոնգրեսի հետ գնանք առճակատման կամ խնդիրներ ունենանք նրա հետ, այլ համատեղ փորձել այդ օրը դարձնել ոչ միայն հիշատակի օր, այլ պայքարի օր, քաղաքացիներն այդ օրը տուժել են, մինչդեռ որեւէ մեկը մինչ օրս պատասխան չի տվել: Այս հարցով բանակցել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, կարծես դրական տեղաշարժ կա. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է համաձայնություն տվել օրակարգին՝ որոշակի վերապահումներ ցուցաբերելով, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը, ԱԻՄ-ը, «Նոր ժամանակներ»-ի ղեկավարը, ՀԱԿ-ի հետ բանակցությունը շարունակվում է, մենք առաջարկել ենք նրանց, որ այն քաղաքական ուժերը, որոնք համաձայնություն են տվել մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին, դրանցով ձեւավորել կազմկոմիտե, որպեսզի բոլորը մասնակցեն ամբողջ գործընթացին: Մենք սպասում ենք իրենց որոշմանը, բայց կարծում ենք, որ իրենք չեն գնա այն քայլին, որ հրապարակում էլ ժողովրդին պառակտեն:



- Ի՞նչ պետք է արվի այդ օրն ու դրանից հետո, հանրահավաքին մասնակցելու համաձայնություն տված ուժերի հետ հեռահար համագործակցությո՞ւն եք պատկերացնում:



- Հիմա փորձում ենք ընդդիմադիր ուժերին համախմբել մարտի 1-ի հովանու տակ, հետո ժողովուրդը կգա, մարդիկ հարթակում կհասկանան, թե ժողովրդի ուզածն ինչ է, հետո կյանքը ցույց կտա՝ մենք միայնա՞կ կշարունակենք պայքարը, թե՞ կունենանք գործընկերներ:



- Այդուհանդերձ, միայն «Նոր Հայաստանն» է, որ ընտրություններին չմասնակցելու որոշում ունի, մյուսների քայլերն ուղղված են 2017-ի խորհրդարանական ընտրություններին:



- Բայց մենք ընտրությունների հարցը չենք քննարկել, մենք ասել ենք, որ հնարավոր ամեն ինչ պետք է անել, որ չհասնի ընտրություններին:



- Իսկ եթե չհաջողվի մինչեւ ընտրություններն իշխանափոխության հասնել, «Նոր Հայաստանը» կուսակցություն կդառնա ու կմասնակցի՞ ընտրություններին:



- Ես այդ հարցի պատասխանն այս պահին չունեմ, ու մեր քաղխորհրդի կազմը նույնպես չունի, բայց որ ինչ-որ պահի այդ հարցը կքննարկվի, վստահ եմ՝ դա կլինի, բայց վստահ եմ, որ հիմա չենք տեսնում դա օրակարգային հարց դարձնելու անհրաժեշտություն:



- Դուք անձամբ Ձեր քաղաքական ապագան ինչպե՞ս եք տեսնում, եթե «Նոր Հայաստանը» բոյկոտի ընտրությունները, հնարավո՞ր է Ձեզ տեսնենք այլ կուսակցությունների շարքերում: Նոր ձեւավորված կուսակցություններ կան՝ Էդմոն Մարուքյանի, Տիգրան Ուրիխանյանի, Նիկոլ Փաշինյանի:



- Նոյեմբերից սկսած՝ մեր կուսակցությունն ակտիվ մասնակցում է «Նոր Հայաստանի» գործընթացներին, եւ Ձեր ասած հարցը մեզ մոտ օրակարգային չէ: Քաղաքական քսանամյա իմ պատմությունը նկատի ունենալով՝ ես անձնական նպատակներով քաղաքական որեւէ գործընթացի չեմ մասնակցել ու չեմ մասնակցի, ոչ էլ ես անձամբ կփորձեմ ուղղորդել կուսակցությանն այդ նպատակով: Նեղկուսակցական ու նեղանձնական հարցերի լուծման ժամանակը Հայաստանում վաղուց անցել է: Ցանկացած առաջարկ, եթե չի բերի այն իրավիճակին, որ Հայաստանում պետք է սահմանադրական կարգ հաստատել, ես չեմ ընդունի: Երբ նավը խորտակվում է, այդ նավի վրա ցանկացած նեղ խմբակային լուծումներ տալ ու գտնել, ժամանակի կորուստ է. բոլորն են խորտակվելու:



- Կարելի՞ է ասել, որ բացառում եք այլ ուժի հետ համագործակցությունը, միեւնույն է՝ ՀՀԿ-ն իր գործն է անելու:



- Ես ոչ մի բան չեմ բացառում, եթե խնդիրը գլոբալ առումով է լուծվում, որ Հայաստանում իրավիճակ փոխվի, մենք ցանկացած իրավիճակի կգնանք, բայց եթե գնալու է լոկալ, անձնական, խմբակային շահերով, բացառում եմ:



- Ինչպե՞ս պետք է դա հասկանաք, բոլորն են հայտարարում, որ ընտրություններին գնում են իշխանություն վերցնելու:



- Դե, եթե այսքան քաղաքական փորձն այդ հնարավորությունը չի տալիս, էլ ինչի՞ մասին ենք խոսում։