Կփորձեն միայն լիբերալներով միավորվել

Կփորձեն միայն լիբերալներով միավորվել

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կոչն ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին՝ ձեւավորել լայն կոալիցիա եւ միասնաբար մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, քաղաքավարի մերժում ստացավ բազմաթիվ ուժերի կողմից: Բագրատյանի հայտարարությունից հետո սկսեցին խոսել դաշինքների ու կոալիցիաների արհեստական լինելու, նախընտրական միավորումների անարդյունավետության մասին, ՀԱԿ պատգամավորի նախանշած ցանկում «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ, ՀԺԿ ցանկի լիբերալներից հայտարարություններ եղան, թե չեն պատրաստվում կոալիցիա կազմել ԵՏՄ-ի անդամակցության ջատագով ուժերի հետ: ՀՀՇ վարչության անդամ Ալիկ Արզումանյանը երեկ «նեղացրեց» ցանկը։ «Մենք մշտապես կողմ ենք եղել, որ նույն գաղափարախոսության շուրջ գործող մարդիկ միավորվեն, եւ մենք աշխատելու ենք լիբերալ դաշտը միավորել»,- Tert.am-ին փոխանցել է նա: Ըստ Ալեքսանդր Արզումանյանի՝ Հրանտ Բագրատյանի թվարկած ցուցակում կան կուսակցություններ, որոնց հետ համագործակցելն անհնարին է: «Այդ ցուցակում կան կուսակցություններ, որոնց հետ մենք ունենք անհաղթահարելի հակասություններ, եւ այդ առումով շատ հնացած մոդել է, երբ բոլորս միավորվում ենք ընդդեմ՝ անկախ գաղափարախոսությունից։ Դա Հայաստանում չի աշխատել եւ դժվար էլ աշխատի»,-ասել ու նկատել է. «Դե, էդ է, Բագրատյանը նույն խմբակցությունում է, ՀԱԿ-ից էլ թող դուրս չգար, ինչո՞ւ դուրս եկավ, հենա միավորվել էր»։ Արզումանյանը ՀԱԿ-ին լիբերալ ուժ չի համարում: 



ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանն էլ մանրամասնեց, թե արդեն որոշ ուժերի հետ «կոնսուլտացիոն» բնույթի հանդիպումներ են ունեցել, անուններ չհրապարակեց, բացառությամբ Հրանտ Բագրատյանի, չխոսեց նաեւ այն ուժերի մասին, որոնց հետ համագործակցությունը բացառում են, միայն ասաց, որ միավորումը լինելու է բացառապես գաղափարական հենքի վրա. «Կյանքը ցույց է տվել, որ նախընտրական դաշինքները մշտապես փլուզվել են»: Այսինքն՝ ՀՀՇ-ն ցանկանում է միավորել ԵՏՄ-ին դեմ ուժերի՞ն։ «Դեմ-ի ու կողմ-ի խնդիր չէ, արտաքին քաղաքական մոտեցման հարց է, մենք եւ դաշտում գործող ազատական կուսակցությունների մեծամասնությունը կողմ է եվրաինտեգրմանը, ոչ միայն ներկա մակարդակում գոյություն ունեցող հարաբերությունները, այլ հարաբերությունների ավելի խորացում, ընդհուպ՝ ինտեգրում եվրակառույցներին։ Մենք արտաքին քաղաքականությունն այդպես ենք պատկերացնում, իհարկե, դա չի նշանակում Ռուսաստանի հետ կապերի խզում, մենք կողմ ենք Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններին, մենք երբեք չենք ասել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման կողմնակից ենք, բայց հայ-ռուսական ներկա մակարդակը, որը հարաբերություն անվանելն անգամ ճիշտ չէ, մեզ չի գոհացնում»:



Կողմ ըլլալով՝ դեմ են



«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն առաջարկում է նախ ճշգրտել՝ ո՞վքեր են իրական լիբերալները, «նրանք ի՞նչ սոուսով են ուտվում, որ դրանից հետո կարողանանք պատկերացնել»։ Աբրահամյանը հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը եվրոպական արժեքներ կրող ուժ է. «Խնդիրն այստեղ Ռուսաստանը եւ մեկ ուրիշը չէ»: Նա հիշեցրեց կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հայտարարությունը, որ չեն համագործակցի այն ուժերի հետ, ովքեր կողմնակից են ԵՏՄ-ին, եւ չեն համագործակցի այն ուժերի հետ, ովքեր Մարտի 1-ից հետո իշխանության մաս են կազմել, կոալիցիա են կազմել: «Մնացած բոլորի հետ պատրաստ ենք համագործակցության»,- կրկնեց Աբրահամյանը:



«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ կան լիբերալների բազում տեսակներ. «Ազգային, ինչպիսին «Ժառանգությունն» է, ծայրահեղ, իշխանական, ոչ իշխանական ընդդիմադիր: Այնպես որ, հազար տեսակ հարց կա, միանշանակ չէ, որ լիբերալ են, ուրեմն պետք է համագործակցենք»: Մարտիրոսյանը խոստացավ՝ ժամանակը կգա, ինքն անուններ կմատնանշի, թե որ ուժերի հետ չեն համաձայնի համագործակցել: Թեպետ հասկանալի է, որ խոսքը գոնե «Ազատ դեմոկրատների» մասին է, որի հետ անցած ընտրություններին գնացին դաշինքով, բայց հետո եղավ այն, ինչ եղավ: Ի դեպ, Մարտիրոսյանը հարգանքով է վերաբերվում Բագրատյանի առաջարկին, բայց տեղեկացնում է, որ կուսակցությունները դեռ չեն քննարկել. «Կքննարկենք, երբ պարոն Բագրատյանը մանրամասն բացատրի, ասաց, չէ՞, հանդիպելու է քաղաքական ուժերին, օրինակ, ինձ համար ցուցակների վիճակահանության տարբերակով ձեւավորումն ընդունելի չէ»:



«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ, վարչության անդամ Անժելա Խաչատրյանն էլ ասաց, որ չնայած իրենց կարծիքով ընդդիմադիր դաշտի համախմբումը դրական երեւույթ է, բայց հավելեց, որ համախմբվող ուժերը պետք է նույն պատկերացումն ունենան եւ ներքաղաքական, եւ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Նրա խոսքով, «Ազատ դեմոկրատները» Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությանը համարում են գործընկեր կուսակցություն: «Ոչ միայն Բագրատյանի, այլեւ այլ քաղաքական ուժերի ու անհատների հետ քննարկումներ եղել են ու կան, մենք ուզում ենք համախմբենք իրապես ազատական մտածողությամբ անհատների եւ ուժերի», սակայն հիշեցրեց ԱԴ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի կողմից շաբաթներ առաջ արված հայտարարությունը, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով։ «Բայց մենք նորմալ ենք համարում ազատական անձանց համախմբումը մեր ցուցակի շուրջ, եւ այդ թեմայի շուրջ քննարկումներ ընթանում են»,- ասաց Անժելա Խաչատրյանը: Մեր տեղեկություններով, Քոքոբելյանը ցանկանում է ճանաչված դեմքերի բերել ցուցակ, արդեն հայտնի են նրանցից ոմանց անունները՝ Դավիթ Շահնազարյան, Հրանտ Բագրատյան, քաղաքագետ Ստեփան Գրիրորյան, Ազատ Արշակյան, «Հանրապետության» ղեկավար Արամ Սարգսյան: