Գիրք նվիրելը դժվարությամբ, բայց մտավ մեր կենցաղ

Գիրք նվիրելը դժվարությամբ, բայց մտավ մեր կենցաղ

Փետրվարի 19-ը, որպես գիրք նվիրելու օր, մեր իրականություն ներմուծվեց 2008-ից, երբ ՀԳՄ նախկին նախագահ Լեւոն Անանյանը որոշեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը վերածել համազգային տոնի՝ միաժամանակ փորձելով վերարժեւորել գիրքը։ Այդ մասին պատմում է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու հիշում, որ առաջին տարիներին այդ գաղափարը մեծ հաջողություն չգրանցեց եւ դժվարությամբ մտավ մեր կենցաղ։ Գրականագետն այդ առումով շրջադարձային է համարում 2012-ը՝ Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելու հանգամանքը, որը մի փոքր աշխուժացրեց եւ տոնի վերածեց այդ օրը։ Այն, որ կա վերաբերմունքի փոփոխություն, եւ գիրքը համարվում է լավ նվեր, մեր օրերում արդեն փաստ է։



Գրականագետն ընդգծում է, որ դրանից բացի այսօր կա գրքերի լավ եւ մեծ տեսականի։ Ու եթե 5 տարի առաջ գրախանութներում 80 տոկոսը ռուսալեզու գրականություն էր եւ միայն 20 տոկոսը՝ հայերեն, որոնք շարված էին դարակների ներքեւում՝ անտեսված, ապա հիմա կտրուկ փոխվել է պատկերը։ Այդտեղ, ըստ նրա, մեծ է նաեւ հրատարակչությունների դերը, որոնք սկսեցին հայերեն տպագրել եւ թարգմանել բարձրորակ գրականություն։ Ինչ վերաբերում է գիրք նվիրելու օրվան, ապա անցած տարի ինքն անձամբ շրջել է բոլոր գրախանութներում եւ նույնիսկ հերթեր արձանագրել գիրք գնելու համար։ 



Անդրադառնալով «Անտարես» հրատարակչության կողմից արդեն 4 տարի շարունակ գիրք նվիրելու տոնին ընդառաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անցկացվող «լայքերով» խաղարկվող մրցույթին, նա նշեց, որ ի սկզբանե իրենց նպատակն էր գոնե մի քանի օրով ֆեյսբուքյան լրահոսը լցնել գրքերի շապիկներով, ինչը հաջողվեց․ «Մարդիկ ասում են՝ լայքահավաքություն, լայք մուրալ, բայց այդպես չէ, էլի, ամեն մի լայքով ու կիսումով դու ինձ, որպես ՀՀ քաղաքացու, որ մտահոգ է երկրի ապագայով, լավ հույս ես տալիս, որ մեր երկրում մնացել են գիրք սիրող մարդիկ, գրքի համար, ինչպես ասում են՝ վիզ դնող մարդիկ, եւ ամեն ինչ կորած չէ» ։ Արքմենիկ Նիկողոսյանը նշում է, որ այս տարի ոչ միայն 300-600 լայքի բարձրացրին գիրք ստանալու շեմը, այլեւ սկսեցին ուշադրություն դարձնել կեղծ լայքերին, որովհետեւ հաղթող գրքերի դեպքում մեծամասամբ նման միտում էր նկատվում։ Գրականագետը նշում է, որ կան գրքեր, որոնք ամեն տարի պոպուլյար են եւ ընթերցողների կողմից ցանկալի։ Դա «Փարիզի աստվածամոր տաճարն» է, «Վարպետն ու Մարգարիտան», «1984»-ը, «Կարմիրն ու սեւը», «Ստամբուլի բիճը», իսկ այս տարի ընթերցողներն ամենաշատը կիսվել են եւ ցանկացել են ունենալ «Կեցության անտանելի թեթեւությունը», «Այսպես խոսեց զրադաշտը» եւ «Վարդի անունը» գրքերը։



«Նոյյան տապան» գրատան գրքերի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանն ասում է, որ փետրվարի 19-ից արդեն 2 օր առաջ զգացվում է ակտիվություն, եւ վերջին տարիներին գնում են հատկապես հայալեզու գրքեր եւ հայ հեղինակների, պահանջված են հատկապես հանրագիտարանները, մանկապատանեկան գրականությունը, հայկական բնաշխարհի եւ միջնադարյան գանձերի մասին պատմող գրքերը։ Ինչ վերաբերում է գեղարվեստական գրականությանը, ապա վերցնում են ինչպես հայ հեղինակների գրքերը, այնպես էլ թարգմանական գրականություն։ Թե ինչքանով է գրքի օրը խթանում գրախանութներում գրքի առեւտրին, ըստ Հայ Մկրտչյանի, ամենակարեւորն այն է, որ մարդիկ, հատկապես երիտասարդները, չեն կորցնում կապը գրքի հետ։



«Բուկինիստ» գրախանութի մենեջեր Սյուզաննա Շահնազարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ գիրք նվիրելու օրվա հետ կապված այս մի քանի օրը նկատելիորեն ակտիվություն է գրանցվում գրախանութում, իսկ մարդկանց հոսքը՝ մեծանում, երբեմն չեն խուսափում նաեւ հերթերից։ Շահնազարյանն ասում է, որ տարբեր տարիքային խմբերի մոտ տարբեր գրքեր են պահանջված, բայց առաջին տեղում մանկական գրականությունն է, որին հաջորդում է գեղարվեստական գրականությունը։ Այդ օրերին ընկնում է մասնագիտական գրականության պահանջարկը, իսկ ավելի շատ վաճառվում են թարգմանական գրքերը։ Ի դեպ, այս օրերին մոտ 3 հազար անուն գիրք զեղչվել է գրախանութում։