Շատերն էին ուզում՝ քչերին հասավ

Շատերն էին ուզում՝ քչերին հասավ

Ազգային ժողովն արտահերթ նիստում երեկ չնայած ընդունեց կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը, որով տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները տարանջատվելու են, որպեսզի Դաշնակցությանը բաժին հանեն ՏԿՆ-ն, սակայն նախագծի քննարկումն անցավ քաղաքական ուժերի իրար մերկացնելու մթնոլորտում: Ընդդիմադիրներն էլ քաչալ շուն, էլ գող փիսո, էլ «աբիժնիկներ», էլ անարժաններ կոչեցին միմյանց։ ՕԵԿ-ը նիստի հենց սկզբում բոյկոտեց, Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ չեն ուզում մասնակցել «անհասկանալի» օրակարգով նիստին: Բայց, շատ չանցած, Աղվան Վարդանյանն իր հերթին, Վահրամ Բաղդասարյանն իր հերթին՝ թարմացրին ՕԵԿ-ի հիշողությունը, թե ժամանակին ինչպես է ստեղծվել ԱԻՆ-ը՝ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ին այդ պաշտոնը տրամադրելու համար, ավելին՝ նախարար էլ նշանակվեց հենց Մհեր Շահգելդյանը:



ՀԱԿ խմբակցության ղեկավարին հետաքրքրում էր, թե ինչու չհամբերեցին երեք օր, հերթական քառօրյային։ «Հասկացանք՝ քաղաքական գործարք է, ի՞նչն էր խանգարում ամբողջ նախարարությունը տալ Դաշնակցությանը կամ երեք օր սպասել»,- հարցրեց Զուրաբյանը նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։ «Քաղաքական պայմանավորվածություններն են այդպիսին եղել, եւ որոշվել է համագործակցել` քաղաքական համագործակցության նպատակահարմարությունից ելնելով, հաշվի առնելով գործընկեր քաղաքական ուժի ռեսուրսը ու նրանց պատկերացումները»: Զուրաբյանը նախարարի պատասխանից եզրակացրեց. «Դուք գիտե՞ք, թե հենց նոր ինչ ասացիք, ասացիք, որ այդ ամբողջ նախարարությունը Դաշնակցությանը տալը շատ կլիներ: Այո, Դուք հենց նոր դա ասացիք»,-հեծանիվ հայտնաբերածի պես բացականչեց Զուրաբյանը, ինչից տեղի տվեցին Արփինե Հովհաննիսյանի նյարդերը։ «Վա՜յ, մամա ջան»,- նախարարի քրթմնջոցը լսելի դարձավ բոլորին:



«Այս նախագծի առավելությունն այն է, որ հնարավորություն է տրվում ոչ միայն նախարար նշանակել Դավիթ Լոքյանին, այլ նաեւ նախարարի պաշտոնից չհանել գործող նախարար Արմեն Երիցյանին»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանը, որին «մտահոգում» էր Արմեն Աշոտյանի ու Կարեն Ճշմարիտյանի ճակատագիրը, նրանց նկատմամբ անարդար վերաբերմունքը. «Սա, թույլ տվեք ասել, որ անթույլատրելի անարդարություն է: Ինչո՞ւ գնալ նման ոչ կառուցողական ճանապարհով, երբ մենք ունենք նախարարությունները միացնելու եւ դրանից հետո հանուն բազմամյա նպատակների դրանք կիսելու գեղեցիկ ավանդույթ: Կարելի է, օրինակ, կրթության եւ գիտության նախարարությունները կիսել ու դարձնել կրթության նախարարություն, լուսավորության նախարարություն, Աշոտյանին նշանակել լուսավորության նախարար, իսկ Լեւոն Մկրտչյանին` կրթության նախարար»: Փաշինյանը հիշեց նաեւ նույն համագործակցության շրջանակներում մարզերի կառավարման բաշխումը եւ նույն մեթոդն առաջարկեց մարզերի դեպքում: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հորդորեց. «Հարս եք բերում, պարզ է, որ գումարներ պետք է ծախսվեն, բայց դա մեր հարկատուների հաշվին է, մեր հաշվին են տեղի ունենում այս կեղծ ամուսնությունները: Ես դեմ եմ քվեարկելու, կոչ եմ անում բոլորին դեմ քվեարկել՝ ցույց տալով, որ մեր՝ հարկատուներիս գումարներն իրենց քաղաքական ամուսնությունների համար չենք պատրաստվում վատնել»:



«Ես ի սկզբանե չէի ցանկանա, որ այս նախագիծը ներկայացներ Արփինե Հովհաննիսյանը, բայց ես հիմա հասկանում եմ, թե ինչու է նա ներկայացնում, որովհետեւ նման պրոֆեսիոնալ կերպով հիմնավորել անհիմնավորելին, թերեւս, այս կառավարությունում կարող էր միայն տիկին Հովհաննիսյանը»,- նախարարին «պադդերժկա» արեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ ընթերցեց, թե ինչպես էր երկու նախարարությունների միավորումը հիմնավորում արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։ «ԲՀԿ-ն դեմ է քաղաքական այս առեւտրին ինչ-որ կերպ իր մասնակցությունը բերել: Մենք ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին ի սրտե ցանկանում ենք, որ այդ համագործակցությունը հաջողվի հանուն Հայաստանի Հանրապետության, ցանկանում ենք, որ համագործակցության արդյունքում հնարավոր լինի լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: Հետաքրքիր կլիներ լսել այս անձանց, եթե կոալիցիայում ընդգրկվեին նաեւ իրենց կուսակցությունները։ Վերջում ընդդիմադիրների «պորտը տեղը դրեցին» ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխխոսնակը ՀՅԴ-ին գործարքի գնալու մեջ մեղադրողներին, մասնավորապես, ՀԱԿ-ին, շշպռեց, որ իրենք են ժամանակին գործարքի գնացել. «Միգուցե քաղաքական գործարքներ եղել են ձեր մոտ, եւ հենց այդ գործարքի արդյունքում փոշիացաք»,- ասաց նա՝ ակնարկելով Ծառուկյանի հետ համագործակցությունը։ «Մերը երկարատեւ համագործակցություն է»,- պարծեցավ Շարմազանովը: Վահրամ Բաղդասարյանն էլ ԲՀԿ-ին ուղղեց. «Սա էն դեպքն է, էն, որ ասում են՝ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում են՝ թթու է»:



ԲՀԿ-ական Վահան Բաբայանին հարցրինք՝ համաձա՞յն եք ՀՀԿ-ում ձեւավորված տեսակետին, որ ԲՀԿ-ում շատ էին ցանկանում, բայց չձգեցին կոալիցիայի։ «Գիտեք, այդ հարցերին պետք է պատասխանել ոչ թե կենցաղային մակարդակով, ես չգիտեմ՝ այդ ակնարկը մե՞զ էր վերաբերում, թե՞ ոչ, ճշտեք Բաղդասարյանից»։ Ասում էին, որ ԲՀԿ-ն ամենաշատն էր ուզում կոալիցիա կազմել, Բաբայանը սրտնեղած պատասխանեց. «Շատերն էին ուզում կոալիցիա, էլի կուսակցություններ կան, ինչո՞ւ եք անպայման մեր վրա բերում»: