Բագրատյանն ստեղծագործում է նաեւ քաղաքականության մեջ

Բագրատյանն ստեղծագործում է նաեւ քաղաքականության մեջ

2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտի միավորման որոշակիություն դեռեւս չի նշմարվում: Մոտ տասն օր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը միավորվելու կոչ հնչեցրեց՝ ուղղված ընդդիմությանը։ Սակայն հնարավոր դաշնակիցներ դեռ չեն նշմարվում։ Ավելին, պոտենցիալ միավորվողները տարբեր «պրետենզիաներ» են ներկայացնում: «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ, ՀԺԿ. սա է Բագրատյանի առաջ քաշած ցանկը, որոնց նախկին վարչապետն առաջարկում է լայն կոալիցիա ձեւավորել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու նպատակով։ Բագրատյանի խոսքով, միայնակ մնացողները դատապարտված են ձախողման:



Բագրատյանը հրաժարվեց երեկ պարզաբանել, թե որ ուժերի հետ է հանդիպել, քննարկել առաջարկը եւ ինչ ակնկալիքներ ունի դաշինքի մասով: Թեեւ, մեր տեղեկություններով, այս օրերին նա շատերին է այցելել, բանակցել։ Փոխարենը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ Բագրատյանի հետ այդ հարցով խորհրդարանում զրույց են ունեցել ու պատրաստվում են առաջիկայում հանդիպել, հանգամանալից քննարկել, հանդիպման օրը դեռ որոշված չէ։ «Հիմա առաջարկի նրբություններին, մանրամասներին ծանոթ չեմ եւ չեմ կարող կարծիք կազմել, որովհետեւ մանրամասները շատ կարեւոր են՝ հասկանալու համար, թե որքանով է իրագործելի այդ առաջարկը»,- հավելեց Զուրաբյանը: ՀԱԿ-ի համար անհամադրելի դաշնակիցներ Բագրատյանի ցանկում գոյություն չունեն. «Ես չեմ կարծում, որ մենք ֆիքսված կլինենք անհարմար մարդկանց հետ կապված անընդունելի դաշինքների վրա, ոչ, մենք ավելի շատ կմտածենք լուծումների հարմարության կամ անհարմարության մասին, մասնավորապես, թե ինչ սկզբունքներով է առաջարկվում համագործակցությունը կառուցել: Եթե ընդունելի սկզբունք է, կարելի է բանակցել»:



Զուրաբյանը հարկ համարեց ընդգծել, որ սահմանադրական հանրաքվեից հետո ՀԱԿ-ն «ինքնավստահ է» իրեն զգում. «Որովհետեւ մենք շատ կարեւոր փորձ ձեռք բերեցինք, որը թույլ տվեց մեզ եզրակացնելու, որ ՀԱԿ-ն ի վիճակի է միայնակ էլ խնդիրները լուծել, ինչը չի բացառում, սակայն, համագործակցությունը»: Իսկ ինչի՞ վրա է հիմնված ՀԱԿ-ի ինքնավստահությունը, չէ որ իշխանությանը հաջողվեց «փորձված մեթոդներով» ցանկալի արդյունքի հասնել, ՀԱԿ-ն էլ ոչ բոլոր հանձնաժողովներում էր ներկայացված ու «ամուր» կանգնած։ «Բայց կռիվ տվեցինք, չէ՞,- հակադարձեց պարոն Զուրաբյանը՝ հարցնելով։- Մնացած քաղաքական ուժերը կռիվ տվեցի՞ն»։ Այսինքն՝ պայքարի վճռականությունը բավարա՞ր երաշիք է համապետական ընտրություններին չձախողվելու համար։ «Ոչ միայն վճռականություն, այլ մենք ունենք որոշակի հզորություն դա անելու: Մենք ունենք հարյուրավոր մարդիկ, եթե ոչ հազարավոր, որոնք պատրաստ են գնալ՝ տեղամասերում կռիվ տալ ընտրակեղծիքների դեմ, մենք դա արել ենք, ու եթե այլ քաղաքական ուժեր նույնպես միանային այս պայքարին, արդյունքները գուցե այլ լինեին»: Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ իշխանության դեմ պայքարի դուրս եկած ՀԱԿ-ի ու քաղաքացիական սեկտորի համատեղությամբ ձեւավորված «ազնվության բանակն» առաջիկայում էլ ավելի է աճելու, հզորանալու։ «Եվ ես համոզված եմ, որ 2017-ին այդ բանակը կկարողանա ընտրակեղծարարների ձեռքը բռնել»,- ասաց Զուրաբյանը:



Ճշտեցինք՝ այսինքն այնքան էլ չեք կիսում Բագրատյանի մոտեցումը, որ միայնակ ցանկացած ուժ դատապարտված է ձախողման։ «Ոչ թե չենք կիսում, այլ միավորումը վատ չէ, բայց ինքնանպատակ չի կարող լինել, միավորումը խնդրի լուծման միջոց է, եւ թե այդ միջոցն իրականում կարող է խնդիր լուծել, թե ոչ՝ կախված է կոնկրետ լուծումներից, իսկ մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումներ քննարկել, եթե նման առաջարկ կա»:
ՀՀՇ վարչության անդամ Ալիկ Արզումանյանը լիովին կիսում է այն տեսակետը, որ «առանձին ով գնա ընտրություններին, չի հաղթի», բայց առարկություններ ունի Բագրատյանի թվարկած որոշ ուժերի հարցում։ «Բագրատյանն առաջարկում է, որ իրեն միանա նույն դաշինքը, որից ինքը հեռացել է, ինձ համար նման մոտեցումն ընկալելի չէ»,- ՀԱԿ-ին նկատի ունենալով՝ կարծիք հայտնեց Արզումանյանը։ Նա դեմ է զուտ նախընտրական դաշինքներին, որոնք, իր խոսքով, Հայաստանում չեն աշխատում, հետեւաբար, առաջարկել է միայն լիբերալ գաղափարախոսությունը կրողների միավորում նախաձեռնել. «Մենք մշտապես կողմ ենք եղել, որ նույն գաղափարախոսության շուրջ գործող մարդիկ միավորվեն, եւ մենք աշխատելու ենք լիբերալ դաշտը միավորել»:



Բագրատյանի թվարկած ցանկի որոշ ուժերի հետ ՀՀՇ-ն, ըստ Արզումանյանի, անհաղթահարելի հակասություններ ունի, օրինակ՝ ՀԱԿ-ին լիբերալ ուժ չեն համարում: Իսկ «լիբերալ ուժերի հետ աշխատում ենք եւ ընդհանրական բաների կգանք»,- վստահեցնում է նա: Թե էլ որ ուժերն են ՀՀՇ-ի համար անընդունելի, Արզումանյանը պատասխանեց. «Եթե մարդիկ լիբերալ արժեքներ են կրում, ինձ համար անհաղթահարելի… մոտեցումների հարց է: Եթե ԵՏՄ-ի ջատագով են եւ գտնում են, որ սոցիալիստական կառավարման համակարգ լինի, որ մարդու իրավունքներ չպետք է լինեն, ու մարդկանց բանտ է պետք նետել, այդ մարդկանց հետ ես ճանապարհ չունեմ, իսկ եթե առաջնորդվում են համամարդկային արժեքներով, որի վրա խարսխված է եվրոպական տիպի ժողովրդավարական մոդելը...»։



Արզումանյանը չասաց նաեւ, թե որ ուժերին է ինքը դասում դեմոկրատների շարքը:
Սակայն նույնիսկ այս դաշտում ամեն բան հարթ չէ, լիբերալների ներկայացուցիչ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը վերջերս հայտարարություն արեց, թե 2017-ին կուսակցությունն առանձին ցուցակով է մասնակցելու: Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ Արզումանյանն ասաց, թե հայտարարության մասին չի լսել։ «Բայց այդտեղ կա ներքին հակասություն, եւ, հավանաբար, իրենց հետ լավ կլինի ճշտեք, որովհետեւ եթե խոսվում է դաշինքի մասին, ապա չի կարող լինել մեկ կուսակցության ցուցակ, դա բացառում է դաշինքի գաղափարը»,- նկատեց Արզումանյանը:



ԱԴ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին էլ լսեցինք. «Որեւիցե միավորման մասին խոսելը դեռեւս վաղ է, դա պարապ մարդկանց, պարապ ժամանակի խոսակցություններ են մի պարզ պատճառով, որ միավորումները տեղի չեն ունենում բարի ցանկությունների հիմքերի վրա, միավորումները չպետք է տեղի ունենան զուտ պառլամենտ մուտք գործելու համար: Քաղաքական ուժերը քաղաքական կոնկրետ օրակարգ ունեն եւ իրենց օրակարգերի հետապնդողը պետք է լինեն: Իսկ քաղաքական օրակարգերի բացակայության դեպքում տարբեր տիպի խուրձային համախմբումներ կարող են լինել, որը մեր քաղաքական ճաշակին հարիր չէ»: Քոքոբելյանը միաժամանակ նշեց. «Մենք հստակ ունենք մեր քաղաքական օրակարգը, հստակ մոտեցումները, իսկ համագործակցության առումով բաց ենք եղել գաղափարական համագործակցությանը եւ, ինչու չէ, այն կարող ուժերի ու մարդկանց հետ, որոնք ի զորու են իրենց սկզունքներին տեր կանգնել մինչեւ վերջ, մարդկանց, որոնք հասկանալի եւ պարզ կներկայացնեն իրենց տեսլականը՝ արտաքին եւ ներքին քաղաքականության հետ կապված: Դա պրոցես է, որը պետք է հասունանա, քաղաքական գործընթաց է՝ հստակ օրակարգով»։ Իսկ Բագրատյանի կոչի վերաբերյալ նշեց. «Բագրատյանի հետ առիթ ունեցել ենք քննարկել, Բագրատյանը ստեղծագործ միտք ունեցող մարդ է եւ նաեւ քաղաքականության մեջ զերծ չի մնում ստեղծագործելուց»: «Ազատ դեմոկրատները» պատրաստ են բոլոր ուժերի հետ համագործակցության եզրեր գտնել, «բացի իշխանությունից»։