Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։



Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև երկխոսության բարձր մակարդակը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն ամուր հիմք է փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնման և խորացման համար:

Դեսպան Շարմանաշվիլին շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ էր բարեկամ Հայաստանում պաշտոնավարելը: Նա ասել է, որ պաշտոնավարման 5 տարիների ընթացքում գործադրել է առավելագույն ջանքերը՝ երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ և հետագայում ևս որպես Հայաստանի բարեկամ իր նպաստը կբերի այդ գործընթացին: Թենգիզ Շարմանաշվիլին համոզմունք է հայտնել, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների բազմաոլորտ հարաբերությունների խորացման, առևտրատնտեսական կապերի սերտացման և ընդլայնման, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: