Կորցրած և հետ բերած հենակետերի ու անհետ կորածների մասին

Կորցրած և հետ բերած հենակետերի ու անհետ կորածների մասին

Չկան կորցրած հենակետեր, մարտավարական առումով բոլորը կրակի եւ նախաձեռնողական գործողությունների վերահսկողության ներքո են գտնվում ՊԲ-ի կողմից։ Կոնֆիգուրացիայի փոփոխությունները բանակի նախաձեռնության, անմիջական կրակի ներքո են գտնվում եւ վերահսկվում են ԼՂՀ ՊԲ-ի ղեկավարության և զորամասերի կողմից»։



Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը



Հարցին՝ դիրքերի վերադասավորությունն ապրիլի 1-ի դրությա՞մբ է, արդյոք, նախարարը պատասխանեց. «Այո՛, ամբողջությամբ վերահսկողությունը ՊԲ-ի ձեռքերում է: Այսօր կրակի դադարեցման շրջանակներում պայմանավորվածության որոշակի խախտումներ են եղել ադրբեջանական կողմից, բայց այդ ամենը վերահսկելի է»:
Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հարցին, Սեյրան Օհանյանն ասաց․ «Մեր խնդիրն է այսօր վերադարձվող վիրավորներին արագ ապաքինել, եւ մենք եղել ենք շատ բուժհիմնարկներում, որտեղ զինվորներն այդ վիրավոր վիճակում ասում են՝ մեզ շուտ ոտքի կանգնեցրեք, մենք գնանք գոնե փամփուշտներ լիցքավորենք, մեր զինվորների կողքին կանգնենք եւ մեր երկիրը պահպանենք։ Իհարկե նաեւ մեր խնդիրներից մեկն է, որ մենք կարողանանք անհետ կորածների հարցը լուծել: Այդ գործում գիտեք, որ ես անհետ կորածների, պատանդների, գերիների հանձնաժողովի նախագահն եմ, համապատասխան աշխատանք տանում ենք: Այստեղ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ է հիմնական աշխատանքը տարվում, բայց կարծում եմ, որ այս իրականության մեջ, որ ադրբեջանական կողմն ավելի շատ կորուստներ ունի, արդեն մեզ համար հեշտ կլինի նաեւ պետական առումով իրենց ղեկավարության հետ բանակցություններ տանելու, փոխանակելու առումով: Ամեն ինչ կանենք, որպեսզի փոխանակենք»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ