Պատկերացնել, որ իրավիճակը կկայունանա նման թեժ օրերից հետո, դժվար է

Պատկերացնել, որ իրավիճակը կկայունանա նման թեժ օրերից հետո, դժվար է

Անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, երաժիշտ, երգահան Վահան Արծրունին մեզ հետ զրույցում նշեց՝ առաջին տպավորությունն այն էր, որ պատերազմական նոր փուլի մեջ ենք մտնում, եւ դեպքերի ընթացքն անգամ ռազմական գործից ոչ այնքան քաջատեղյակ մարդուն հուշում էր, որ սա պատրաստված գործողություն էր, սակայն. «Կարելի է միայն ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել, անհասկանալի է, թե մարդկային պարզ տրամաբանության, թե ռազմական գիտության տեսանկյունից ինչ էին ուզում սրանով ցույց տալ։ Ակնհայտ էր, որ հայկական կողմը հակահարձակում պետք է գործեր, եւ պատասխանը շատ ուժգին է լինելու, ինչին էլ որ մենք ականատես եղանք։ Իսկ հրադադարի համաձայնությունը, որ ձեռք բերվեց ռազմական շտաբի պետերի մակարդակով, նշանակում է, որ այդ առումով որոշակի որակական նոր փուլի մեջ ենք մտել, որովհետեւ այս պարագայում հստակ նեղ ռազմական մակարդակի վրա ընթացող պրոցեսների հետ գործ ունենք»։ 



Այն, որ հրադադարից հետո էլ ականատես ենք լինում, թե այդ պայմանավորվածությունն ինչպես է խախտվում, ըստ Արծրունու, չի կարող չխախտվել, որովհետեւ, երբ երկու կողմից էլ զինված մարդիկ են կանգնած, այլ բան հնարավոր չէ. «Բնական է, որ անկայուն վիճակ պետք է լինի, պատկերացնել, որ իրավիճակը կկայունանա նման թեժ օրերից հետո, դժվար է։ Մարդ, որը եղել է ծառայության մեջ, հատկապես պատերազմական շրջանում, քաջ գիտակցում է, որ նման բաներն արագ չեն մարում։ Իսկ այս ընթացքում առավել քան կարեւոր են դիվանագիտական եւ միջազգային հարթության մեջ ծավալվող պրոցեսները»։



Հետեւելով միջազգային անդրադարձներին, Ամերիկայի, Ռուսաստանի վերաբերմունքին, ինչպես նաեւ ելնելով փորձագետների, լրագրողների, քաղաքագետների դատողություններից՝ Վահան Արծրունին ենթադրում է, որ այդ կարծիքների բեւեռացումը, որ անհրաժեշտ էր այս 25 տարիների ընթացքում, վերջապես տեղի ունեցավ․ «Այսինքն՝ արդեն հստակ ձեւակերպում կա, հստակ բնորոշում, թե ով է թշնամին, ում հետաքրքրությունն է այստեղ առաջնայինը, ինչն է պատճառը, որը հետեւանքը եւ, ամենակարեւորը՝ ԱՄՆ կոնգրեսականների հնչեցրած ձեւաչափը, որ այս խնդիրը պետք է լուծվի ազգային ինքնորոշման սկզբունքից ելնելով։ Սա համարում եմ շատ կարեւոր հանգամանք, որը մենք այս պահին պարզապես բոլոր դիվանագիտական ճանապարհներով եւ միջոցներով պետք է օգտագործենք ի նպաստ այս հարցի լուծման»։



Ըստ նրա, հիմա եկել է արտաքին գործերի նախարարության ճիշտ գործելու պահը։ Պետք է օգտագործել բոլոր լծակները, նաեւ Սփյուռքի լոբբինգը՝ ի նպաստ Արցախի անկախության։ «Այսինքն՝ այս իրավիճակը ոչ թե մարեցնել բերել նույն՝ ապրիլի 1-ի ելակետին, այլ այս իրավիճակը պետք է բերի հարաբերությունների նոր որակ, ապագայի նոր տեսլական»,-նշեց նա՝ ընդգծելով, որ արված հայտարարությունների մակարդակով դրա նախադրյալները տեսնում է. «Երբ նման հարձակողական գործողություններ են տեղի ունենում եւ դադարում, իսկ մենք ոչ մի թիզ չենք զիջել մեր հողից եւ հետ ենք մղել ու շպրտել հարձակվող կողմին, դա նշանակում է, որ հաղթանակը մերն է, որովհետեւ մենք ստատուս քվոն պաշտպանել ենք, այսինքն՝ ոչ մի բան չի փոխվել, բայց ամբողջ աշխարհի համար ակնհայտ է, թե ով է սկսել, ինչ նպատակներով, եւ ինչ իդեալներ ենք մենք պաշտպանում՝ կանգնած այդ սահմաններին, այսինքն՝ սա ամենամեծ ձեռքբերումն է, եւ այս բարձունքից մենք պետք է բարձր դիվանագիտություն վարենք»։



Ինչ վերաբերում է հարցին, որ մենք, այնուամենայնիվ, 5 դիրք զիջել ենք, ինչքան էլ որ ասում են՝ եղածը 200 մ է եւ ռազմավարական տեսանկյունից որեւէ պատկեր չի փոխում, ապա, ըստ Արծրունու, դիրք տալը միանշանակ ցավոտ է, բայց «երբ տեսնում ես, որ 200-300 մ-ի խնդիրն է, եւ ընդհանուր առմամբ դիրքերի գիծը մեր ձեռքին է, այս պարագայում եւ այս շրջանում դրա մասին խոսելը մի քիչ սխալ կլինի, որովհետեւ հիմա այլ ընթացքներ են կարեւոր։ Հետո, տեղանքին ծանոթ լինելով, կարծում եմ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում այդ դիրքերը հետ կվերցվեն»։ Նա ընդգծեց, որ մեծ ձեռքբերում է համարում մեր երկրի ներսում ընդհանուր ազգային ոգու դրսեւորման այս նոր որակը։



Այն, որ վերջին 20 տարիների ընթացքում մեզ անընդհատ հավատացրել են, որ Հայաստանի զինուժը համալրված է նորագույն զինտեխնիկայով, մինչդեռ երեկ Բեռլինում նախագահը խոստովանում է, որ մենք կռվում ենք 80-ականների զենքերով, արդյոք չի՞ նշանակում, որ այս տարիների ընթացքում ժողովրդին առնվազն մոլորության մեջ են պահել։ Վահան Արծրունու կարծիքով, սա գաղտնի ինֆորմացիայի ոլորտ է, ուստի ցանկանում է զերծ մնալ դատողություններից, բայց պետք է նկատի ունենալ, որ մենք ունենք զենքի տեսակներ, որոնք պարզապես չեն գործածվել այս մի քանի օրերի ընթացքում․ «Սա էլ է ապագայի խնդիր՝ ճշգրիտ տակտիկա ունենալ նաեւ այս հարցում, որ ժամանակին անպայման պետք է մոդեռնիզացվի զինտեխնիկան, եւ երկրի ապագան շաղկապված է այս մոտեցումների հետ՝ ինչ սպառազինություն, ինչ տեսակներ ձեռք բերել, որոնք առավել էֆեկտիվ են լեռնային պայմաններում»։



Ըստ Արծրունու, վերջին ռազմական զարգացումների էպիզոդը մենք պետք է ճշգրիտ օգտագործենք առաջին հերթին մեր ստրատեգիական գործընկերոջ եւ այն կառույցների, դաշինքների նկատմամբ, որտեղ Հայաստանը մասնակից է, որպեսզի կարողանանք նաեւ պարտադրել ոչ թե իրենց, այլ մեր քաղաքականությունը, հատկապես Ադրբեջանի եւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ «Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ Ղարաբաղի կոնֆլիկտը լոկալ, միջպետական կոնֆլիկտ չէ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Համենայնդեպս, լուրջ փորձագետների կողմից այն դիտարկվում է որպես միջազգային ուժերի հարաբերությունների բալանսի վրա ներազդող լրջագույն հանգամանք։ Սա մենք պետք է օգտագործենք ի շահ մեզ։ Վերջին զարգացումները լրջագույն գործոն են նաեւ ներսի հարաբերությունների որակի վրա, այսինքն՝ ճշգրտելու, թե ինչպես ենք մեզ վերաբերվում, եւ հստակեցնելու մեր քաղաքականությունը մեր դաշնակից երկրների նկատմամբ, եւ, օրինակ, այն հանգամանքը, որ Ռուսաստանը զենք էր վաճառել Ադրբեջանին, հենց ռուս փորձագետների եւ հանրության կողմից բացասական է ընկալվել»,-իր խոսքը եզրափակեց Վահան Արծրունին։



Սոնա
ԱԴԱՄՅԱՆ