ՄԻՊ-ը ներկայացրել է 1 ձեռքբերում եւ 2 բացթողում մշակույթի ոլորտում

ՄԻՊ-ը ներկայացրել է 1 ձեռքբերում եւ 2 բացթողում մշակույթի ոլորտում

Օրեր առաջ հրապարակվեց 2015 թվականի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան զեկույցը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, նորանշանակ ՄԻՊ-ը գրեթե ոչինչ չի փոխել նախկին օմբուդսմենի` Կարեն Անդրեասյանի պատրաստած զեկույցում, հավանաբար, դա է պատճառը նաեւ, որ զեկույցի նախաբանն անստորագիր է (ներկա եւ նախկին պաշտպաններից ոչ մեկի անունը գրված չէ), եւ հնչած գնահատականներն էլ արվել են ոչ թե պաշտպանի, այլ ավելի շատ Մարդու իրավունքի ինստիտուտի անունից։ 



Մշակույթի նախարարության ոլորտում արձանագրված խնդիրներն ու ձեռքբերումները, ի տարբերություն նախորդ տարիների, ներկայացված են շատ սեղմ եւ ոչ սպառիչ։ Որպես արձանագրված դրական զարգացում, նշված է. «ՀՀ կողմից ստորագրված «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջներից ելնելով` նախարարությունը մշակել է «ՀՀ 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել որոշման թիվ 2 հավելվածի՝ տեղափոխման ենթակա հուշարձանների ցուցակում ընդգրկված եւ դեռեւս չապամոնտաժված հուշարձանները: Նախարարությունը վերոնշյալ նախագիծը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն եւ Երեւանի քաղաքապետարան: Նախագծով նախատեսվում է 8 հուշարձաններ պահպանել իրենց տեղում: Նախագծի վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը տվել են իրենց դրական եզրակացությունները»:



Ինչ վերաբերում է ոլորտում առկա թերություններին եւ խնդիրներին, ապա. «2013 թ.-ից ի վեր Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվում է մշակութային շենքերի, վայրերի, ինչպես նաեւ մշակութային միջոցառումների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելու խնդիրը»։ ՄԻՊ-ը նաեւ գրում է, որ այս ուղղությամբ նախարարության կողմից 2015-ին նույնպես չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ, եւ առաջարկում է քայլեր ձեռնարկել ու տալ գոնե ժամանակավոր լուծումներ։ 2-րդ բացթողումը, ըստ ՄԻՊ-ի զեկույցի, այն է, որ լուծում չի ստացել սոցիալապես անապահով անձանց՝ մշակութային կյանքին մասնակցելու խնդիրը։ Միաժամանակ ընդգծելով, որ նախարարության կողմից սոցիալապես անապահով անձանց համար չեն սահմանվել համապատասխան զեղչեր, այդ թվում՝ թանգարանների, թատրոնների, կինոթատրոնների եւ համերգասրահների տոմսերի համար:



Նշենք, որ այս 2 խնդիրները պարբերաբար նշվել են ՄԻՊ-ի վերջին մի քանի տարիների զեկույցում։ Եվ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա զեկույցում՝ գոնե մշակութային ոլորտին ավելի քան մակերեսորեն անդրադարձ էր արվել։
Այսպես, օրինակ, թերթելով ՄԻՊ-ի նախորդ տարիների զեկույցները, տեսնում ենք, որ 2011թ. մշակույթի ոլորտում առկա դրական զարգացումները ՄԻՊ-ը 12 կետով էր ներկայացրել, հաջորդ երկու տարիների ընթացքում այդ դրական զարգացումների միտումը նվազել է ուղիղ 3 անգամ՝ 2013-ին արձանագրելով 4, 2014-ին՝ 2, իսկ 2015-ին՝ արդեն 1 ձեռքբերում:



Ի տարբերություն նախորդ տարիներին արձանագրած թերությունների եւ բացթողումների, որտեղ, օրինակ, ՄԻՊ-ը քննադատել է կոնկրետ դեպքեր, այս տարվա զեկույցում նման դեպքերն իսպառ բացակայում են։ Մասնավորապես, 2014-ի զեկույցում ամենայն մանրամասնությամբ անդրադարձ էր արվել Գառնու տաճարի մոտ կառուցվող սրճարանին եւ Զվարթնոցում ու Գառնիում անցկացված «կորպորատիվ» միջոցառումներին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում լուսանկարվելու համար արվող գանձումներին։ Իսկ 2013թ. իր զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձել էր մշակույթի ոլորտին նաեւ ֆինանսական մասով, այն է՝ քննադատել էր բյուջեից Նունե Եսայանի համերգին փոխանցված 54 մլն. դրամը։ Այլ կերպ ասած՝ խորամուխ էր եղել ոլորտի խնդիրների մեջ։ Սա նշանակում է, որ կամ այս տարվա տարեկան զեկույցը հապճեպ է ներկայացվել, կամ էլ տարեցտարի դրական միտումների բացակայությունն օրինաչափ է դառնում մշակույթի ոլորտի համար, հակառակ դեպքում կարելի էր նշել ամիսներ շարունակ քննարկումների կիզակետում հայտնված Օձունի կիսատ շինարարությունը, Օպերայի ներսում գեղարվեստական ղեկավարի, ապա գլխավոր դիրիժորի հաստիքացուցակի կրճատման հարցը եւ այլ օրինակներ, որոնք շատ են։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ