Աղքատ թատրոնը պարտադրում է, որ քո երեւակայությունն ավելի լավ աշխատի

Աղքատ թատրոնը պարտադրում է, որ քո երեւակայությունն ավելի լավ աշխատի

«Էպսիդոն» թատերախումբը «Հանդիպումներ» նախագծի շրջանակներում երեկ «Նարեկացի արվեստի միությունում» հանդիպում էր կազմակերպել ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հետ։ Հանդիպումը վարում էր թատերագետ Նվարդ Ասատրյանը, որը նշեց, որ, անկախ պատերազմական իրավիճակից, այսօր ժամանակները հակամշակութային են։ Մեկ րոպե լռությամբ հարգելով ղարաբաղաադրբեջանական շփման գծում զոհված մեր զինվորների հիշատակը, թատերագետը պատմեց, որ Արցախյան ազատամարտի տարիներին՝ 90-ականներին, Վահե Շահվերդյանն առաջինն էր, որ Հ. Աբելյանի անվան թատրոնով գնաց Արցախ ու խաղաց Մուրացանի «Ռուզանը»։ Շահվերդյանի բեմադրած շուրջ 100 ներկայացումների մեջ յուրաքանչյուր երկրորդ ներկայացումն արժեքավոր է, շեշտում է Ասատրյանն ու նկատում, որ, չնայած ունենալով արտիստական շնորհներ եւ 20-ից ավելի դերակատարումներ, իրեն հետ է պահել դերասանությունից եւ ընտրել բեմադրիչի ուղին։ Ուշագրավ է, որ Շահվերդյանի տատը, մեծ պաշտամունք ունենալով Գյուստավ Ֆլոբերի նկատմամբ, նրան Ֆլոբեր անվամբ է կնքել, որը բեմադրիչին ուղեկցել է գրեթե իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ 



Բեմադրիչն իր խոսքում նշեց, որ իրենց սերունդը երջանիկ էր, որովհետեւ չէր մտածում, թե վաղն ինչ պիտի ուտի, ինչ պիտի հագնի, այսօր մարդիկ մտածում են դրա մասին ոչ այն պատճառով, որ դա շատ կարեւոր է, այլ որովհետեւ անհրաժեշտություն է ապրելու համար։ «Որպեսզի արվեստը եւ մասնավորապես թատրոնը վերադառնան այն դիրքին, բարձունքին, անհրաժեշտ է ընդհանուր մեր վիճակի փոփոխություն, բայց այսօր մենք շատ դառը օրեր ենք ապրում եւ փորձում ենք իմաստավորել՝ նշելով, որ այդ զրկանքները կրում ենք հանուն այս-այս բաների։ Այդ հանունը, իհարկե, արժե, որովհետեւ վերաբերում է մեր հայրենիքին, խաղաղությանը, մեր սիրելի Արցախին, մեր հայության գոյությանը։ Այս պարագայում շատ բաներից մենք մեզ զրկում ենք, եւ, ավաղ, ոչ բոլորն են դիմանում դրան»։ Շահվերդյանը նշեց, որ ինքը նույնպես ամեն օր հետեւում է հրապարակվող ցուցակին, որտեղ կարդում ենք մեր 18-20 տարեկան զոհված երիտասարդների անունները, եւ միայն մի բան է ցանկանում, որ Ադրբեջանի կողմից էլ լինի դա սովորական մարդիկ, թե մտավորականներ, մտածեն իրենց զոհերի մասին, եւ թող այդ զոհերն օգնեն նրանց ճիշտ աչքերով նայել պատմությանը։



Թատերագետ Նվարդ Ասատրյանը հիշեց, որ ժամանակին նա նախաձեռնել էր «Վարդանանք» բեմադրել Սունդուկյան թատրոնում, բայց մեծ աղմուկ բարձրացավ, իբրեւ թե այդ ներկայացումով կփչանան հայ-պարսկական հարաբերությունները։ Ինչին ի պատասխան, Շահվերդյանը նշեց, որ «Վարդանանքն» այդպես էլ մնաց երազանք իր համար, բայց կարծում է՝ դեռ կգա այդ օրը, որ կկարողանա անդրադառնալ այդ գործին։ Նա նշեց, որ այժմ իր ուսանողների հետ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններն» է բեմադրում եւ նրանց նախապատրաստում է, որ կարող է եւ ներկայացումը չընդունեն, քարկոծեն. «Փորձում ենք այնպիսի մի բան իրականացնել, որտեղ այսօրվա կյանքն է՝ Պարոնյանի լեզվով, նրա գլխավոր թեմայի ասելիքով, բայց այսօրվա թատրոնի միջոցով, մնացած փակագծերը չեմ ուզում բացել, թե ով ում բարեկամն է այնտեղ»։



Խոսելով օպերային ներկայացում բեմադրելու իր վաղեմի ցանկության մասին, նա նշեց, որ տարիներ առաջ դեռ Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությամբ իրեն հրավիրեցին օպերային թատրոն, եւ որոշված էր, թե ինչ պետք է բեմադրի, բայց Սունդուկյան թատրոնում այնքան ծանրաբեռնված էր, որ չկարողացավ իրականացնել դա։ Բայցեւայնպես, շարունակում է փայփայել այն հույսը, որ Թումանյանից 2 գործ բեմադրի, որից մեկը կլինի «Գիքորը»։



Վահե Շահվերդյանը նշեց, որ, ավաղ, հետաքրքիր բեմանկարիչ այսօր նույնպես չկա, եւ հայ թատրոնում մեծ անդունդ կա բեմանկարչության մեջ։ Այդ հանգամանքից ելնելով է, որ շատ հաճախ նախընտրում է դատարկ բեմի հետ աշխատել եւ օգտագործել նվազագույն դեկորացիաներ։ Նա հիշեց, որ 60-70-ական թվականներին կար «աղքատ թատրոնի» սկզբունք հասկացությունը, որը համարվում էր մեծ նորություն, այսօր աղքատ թատրոնը վերադարձել է եւ աղքատ թատրոնը պարտադրում է, որ քո երեւակայությունն ավելի լավ աշխատի, եւ դրա շնորհիվ շատ բան ստեղծես։ «Ընդհանրապես, վերջին տարիներին գրեթե հրաժարվել եմ բեմում ձեւավորումից, դեկորներ համարյա չկան, նախընտրում եմ դատարկ բեմը՝ ինչ-ինչ էլեմենտներով։ Ինձ համար շատ կարեւոր է նաեւ երաժշտությունը, շատ կարեւոր է, որ դերասանը կարողանա շարժվել, նստել, քայլել, երգել, պարել, այսօր դա մեր ժամանակի պահանջն է, եւ գնալ թատրոն ու միայն խոսքը լսել՝ շատ քիչ է։ Այսօր դա չի բավարարում, եւ, ավաղ, թատրոնները հանդիսատեսի կարիք ունեն»։



Հիշելով Թատերական ինստիտուտում իր ռեկտոր լինելու տարիները, նա նշեց, որ իրեն հաջողվեց ինչ-որ բաներ անել այն արվեստանոցներում, որոնք ինքը ղեկավարել է, բայց մասշտաբային առումով՝ ինստիտուտում չհաջողվեց փոփոխություններ իրականացնել, հատկապես, որ դրանք շատ տխուր տարիներ էին, երբ լույս չկար։ Այսօր իրավիճակն այլ է, եւ իր համար անընդունելի է, որ ով դիմում է ինստիտուտ, ընդունվում է։
Անդրադառնալով ազգային դրամատուրգիային, նա նկատեց, որ ասել, թե հայ ժամանակակից դրամատուրգիան հարուստ է եւ փայլում է տարբեր գործերով ու դրամատուրգներով՝ այդպես չէ, բայց մյուս կողմից էլ՝ ամեն ինչ պայմանավորված է նույն բեմադրիչով. «Ես շատ ժամանակակից հեղինակներ եմ բեմադրել, բայց չեմ հիշում մի գործ, որը լիներ կատարյալ։ Իսկ եթե մենք սպասենք կատարյալ գործի, կմեռցնենք հայ թատրոնը, հետեւաբար, բեմադրիչը պետք է կարողանա նույնիսկ անավարտ գործը տեսնել, դրանից ներկայացում եւ ասելիք պեղել»։



Լուսանկարը՝ Գարեգին Աղաբեկյանի



Սոնա ԱԴԱՄՅԱՆ