Պարտադրված զինադադար (պատմվածք)

Պարտադրված զինադադար 
(պատմվածք)

Շարքայինն առաջին անգամ էր պատերազմել:



- Տեսա՞ր, ոնց հետ շպրտեցինք թուրքին,- ասաց ընկերոջ կողը բոթելով:
- Թուրքերին, տղաս, թուրքերին, երկուսին էլ: Ու մեր դեմ միայն թուրքը չի…
Արձագանքեցին զինադադարից հետո դեռ խրամատում հավաքված նախկին ազատամարտիկները, որ կամավոր էին եկել ռազմի դաշտ:
- Չէինք էլ կասկածում, որ մեր սահմանին ձեզ պես քաջ տղերք են կանգնած,- ասացին նրանք ու ժպտացին երիտասարդներին:
- Տեսա՞ք,- շարունակեց շարքայինը ոգևորված:- Ասում էիք՝ մարդ չի մնացել երկրում, մասնագետները փախել են, տեսա՞ք՝ ոնց մի մարդու նման հավաքվեցին:
Զինվորը գլխով ցույց տվեց նախկին ազատամարտիկներին:
- Ով պետք էր կար, ով պիտի գար, եկավ,- շարունակեց խանդավառված:- Կամ կգար, եթե չկանգնեցնեին…
- Դա էլ է քաղաքականություն,- փնթփնթաց կամավորն ու թեքվեց հասակակիցների կողմ, շշնջաց քթի տակ:- Բա կարելի՞ էր այսպիսի ազգի մասնագետներին թողնել, որ լքեն երկիրը…
- Ի օգուտ հայրենիքի գործելու համար պարտադիր չէ անպայման մասնագետ լինել, փորձառու կամ շատ խելացի: Ուղղակի պետք է ամեն ինչ անելիս մտածես ազգիդ շահի մասին՝ չմեղանչելով ոչ մեկի հանդեպ,- պատասխանեց զինվորներից մեկը:
- Բա դրամաշնորհնե՞րը, բա վարկե՞րը, բա գրազնե՞րը… ազգի հաշվին տրվողներն ամենամեծն են, չէ՞, ի՜նչ փողեր են շրջանառվում… Ու ամենավատը գիտե՞ս որն է: Մարդիկ հատուկ մասնագիտանում են այս գործի մեջ: Պրոֆեսիոնալներն ամեն ինչ անում են կետ առ կետ հաշվարկած և իմանալով` ով ինչ է սիրում, ում ինչ ճաշ հրամցնեն: Անփորձները անում են ճնշումներին ու օտար ազդեցություններին ենթարկվելով: Արդյունքում, վերևից ներքև, երկուսն էլ ի վնաս ազգի են գործում՝ շահարկելով ազգային արժեքները:
- Գիտենք, գիտենք, մենք ձեզնից լավ գիտենք, որովհետև մեզ են գրոհում: Բանի տեղ մի դրեք,- ասաց շարքայինը:
- Պարտադրում են:
- Ո՞վ է պարտադրում… Դա դեռ հարց է` մեզ պարտադրո՞ւմ են, թե՞ մենք ենք շտապում որևէ մեկի ոտքն ընկնել:
- Ճիշտ է ասում: Ինչպես որ դեռ հարց է՝ մե՞զ էին խաղաղապահներ ուզում պարտադրել, թե՞ մենք ենք ուզում խաղաղապահներ կարգել մեր ժողովրդի գլխին,- վրդովվեց մի ուրիշ կամավոր:
- Ներքին հարցերն ավելի բարդ են,- փնթփնթաց ընկերը:
- Իսկ փողերն էլ անսահմանափակ չե՜ն, ծախսվում են… մանավանդ երբ աննպատակ են մսխվում: Ասա՛, է, ասա՛:
- Գիտենք, գիտենք, դուք եք ժառանգել մեզ, մենք էլ փորձում ենք գլուխ հանել:
- Մեզնով որ լիներ…
Ավագները գլխներովն անցածներն ակնարկելով իրար նայեցին և շատ խոսուն լռեցին:
- Աշխարհն այսպես եկել, այսպես էլ գնալու է,- հոգոց հանեց նրանցից մեկը…
- Բոլորին չես կարող գոհացնել,- արձագանքեց մյուսը:
- Ուրեմն նախ և առաջ քո՛ մասին պիտի մտածես, այսինքն՝ քո ազգի: Պիտի տեսնես, թե ժողովուրդն ինչ է ուզում, պատերա՞զմ, թե՞ զիջումներ: Ուրիշ հարց չկա:
Ինչպես միշտ ջահելությունն ավելի կտրուկ էր:
- Ես էլ չեմ սիրում, երբ ասում են, թե դրսից չեն թողնում… Կամ՝ դա են ուզում, ի՞նչ կարող ենք անել: Մի ասող լինի՝ ըհը, թուրքն էլ հայկական հողերն է ուզում, դե տվեք:
- Բարև ձեզ… - ժպտացին զինվորները:
- Չենք տա,- ոգևորվեցին ավագները:
- Էսքանդ ո՞ւր թռաք եկաք,- հարցրին զինվորները:
- Բա ի՞նչ պիտի անեինք, հո ձեզ չէինք թողնելու կրակի բերան:
- Էդ մե՛նք ձեզ չէինք թողնի, սա մե՛ր կռիվն է, դուք ձերը կռվել եք:
- Ու ինձ ուրիշ բան է անհանգստացնում: Պատկերացնո՞ւմ եք, թե էս տարիների ընթացքում քանի՞ ադրբեջանցի, էդ դարերի ընթացքում քանի՞ թուրք է ծնվել հայոց հողի վրա, սնվել մեր հողից...- բոլորի համար անսպասելի հարցրեց կրտսեր զինվորը:
- Ի՞նչ ես ուզում ասել:
- Ո՞նց հասկացնեմ նրանց, որ սա իրենց հայրենիքը չի: Որ իրենք իրենց սերմը իրենց հողում պիտի աճեցնեն, որպեսզի զարմ տան: Իրենք մաքուր թուրք կամ չգիտեմ ադրբեջանցի ինչ ցեղ չեն արդեն, իրենք իրենց նախնյաց բնօրրանի մասին պատկերացում չունեն, Թուրանն ինչ բան է, թուրքի երեխան գիտի՞: Թուրքիայում կամ Արցախում ծնված թուրքի իմացած հայրենիքը մեր հողն է:
- Պաշտոնապես ճշմարտությունը չեն ասում այդ թուրք երեխային, դա ի՛ր մեծերի մեղքն է:
- Բայց Թուրքիայում առաջադիմական ուժեր կան…
- Երիտթուրքերն էլ Սուլթանի համեմատ էին չէ՞ առաջադիմություն խոստանում, ի՞նչ արեցին… Հիմա էլ, Էրդողանն ուզում է օսմանականությունը վերականգնել… Իսկ դա նշանակում է, որ մենք նրանց ճանապարհին մնացած քար ենք ու կոկորդի ոսկոր, դեռ խանգարում ենք, որ քո ասած Թուրանին ետ ձգվեն - միանան, ուրեմն պիտի վերացվենք:
- Գիտեմ:
- Բա էլ ո՞նց ես ծնողի գիրկը առոք փառոք մեծացած թուրքին խղճում: Քանի՜ - քանի հայ երեխա մորթվեց Թուրքիայում, քանի՞սը մայրերի աչքի առաջ խորովվեցին Սումգայիթում: Ի՞նչ արեցին հիմա Թալիշում ու կողքի գյուղերում: Շարունակե՞մ...
- Կամ, ապեր,- նրանց զրույցին միացավ մի ուրիշ զինվոր,- միլիոնավոր հայ են ապրում, հենց լավ էլ ծնվել ու մեծացել են Ռուսաստանում, Ամերիկայում, եսիմուր: Մարդ կա մի բառ հայերեն չի էլ խոսում: Եվ առաջին հերթին, հենց թուրքի արած ցեղասպանության պատճառով: Ասի` Ամերիկան իմ հայրենի՞քն է:
- Չէ, չէ, ախպեր, դա նկատի չունեի:
- Մենք իրավունք չունենք էս հողը չպաշտպանելու,- ասացին զինվորն ու ազատամարտիկը միասին:- Ու, Աստված չանի, պատկերացնո՞ւմ եք, եթե Արցախը նորից Ադրբեջանի ձեռքն ընկնի: Կկոտորեն բոլորին: Էլ չեն էլ կրոնափոխի, ուղղակի կջնջեն: Ոչ մի թիզ չենք տա,- ասացին:
Զինվորը հայացքն ավելի վստահ հառեց ավագներին:
- Իսկ մերոնք թող վերջ տան դռնեդուռ ընկնելուն, հերիք է բողոք - գանգատ անեն,- ասաց ոգևորված:- Մեր չարածին Ադրբեջանը տասնապատիկն է զրպարտում, ո՞ւմ պետքն է, որ մի հատ էլ պարզի, թե ով է արդարը: Էլ չեմ ասում, որ լացողի հետ հաշվի չեն նստում, լացողին թույլ են համարում, իսկ խփողին՝ ուժեղ:
Ավագները նորից հայացքներ փոխանակեցին ու կրկին լռեցին:
- Որ ասում են կենաց ու մահու կռիվ, սա է, էլի՜:
- Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, հա՜, այդպես է,- հառաչեց նախկին ազատամարտիկն ու կամավորը:
- Ըհը,- հաստատեց նրա ընկերը:- Մենք արյուն ենք թափում, բայց էլի ուրիշներն են, չգիտեմ թե ում հետ, որոշելու, թե…
- Ի՞նչ են որոշում… ինչո՞ւ պիտի իրենք որոշեին, թե ես երբ զենքը ցած դնեմ…
- Սուս մնա,- սաստեցին կողքից:
- Արա, զոհված ընկերոջս, ախպորս մուռը չհանե՞մ, թուրքին դաս չտա՞մ, նոր զինադադար ասեմ, որ իմանամ, թե հանուն ինչի արյուն թափեցինք… Ո՜նց կբանակցեն, ի՜նչ կզիջեն, երբ զիջելու բան չկա: Ընդհակառակը, դեռ ինչքան խլած հող կա, որ ետ պիտի բերվի:
- Դե, ամեն մարդ իր գործը պիտի անի: Հիմա մենք զինվոր ենք,- ասաց հրամանատարը` չցանկանալով կրակի վրա յուղ լցնել:
- Էլի զինվոր լինենք: Հո ես ուրիշ բան չե՞մ ուզում: Ես ասում եմ, որ պատմությունները միշտ էլ կեղծվում են, ու մենք այդպես էլ չհասկացանք, որ մեզ առաջին հերթին մենք ենք խաբում:
- Իսկ իրականությունը ներծծվում է հողի մեջ ու էլ ճար չունի, լավագույն դեպքում, թե ոտնակոխ չեղավ, բույս կդառնա, որը ծանոթ կթվա մարդկանց ու ինչ - որ բան կհիշեցնի, բայց մեզնից հետո եկողները հազիվ թե հասկանան, թե դա ինչ է,- հայացքն հառած հորիզոնին` ասաց կրտսեր զինվորը:
- Իրականությունը մարդկանց համար չի…
- Ասում են զինադադար, դեմոկրատիա, բայց թաքուն մեկ – մեկ վերացնում են: Ֆիզիկապես զոհերը ե՞րբ են ավելի շատ լինում: Չգիտեմ, բայց զինադադարի ժամանակ դավադրաբար խփվելն ավելի անտանելի է: Շախմատը որ շախմատ է, զինվոր զոհ տալուց առաջ նկատի են ունենում, թե ինչ են վերցնելու… Բա այդքան զոհերի դիմաց մի բան չվերցնեի՞նք, նոր դադար տայինք: Իրենք միևնույն է խփում են: Հիմա էլ ամեն րոպե կարող է խփեն, բա չիմանա՞մ՝ ինչի համար զոհվեցի:
Արկի պայթյունը ցնցեց բոլորին, թշնամու դիպուկահա՞րն էր, թե՞ արկի բեկորը… հայ զինվորը խոցվեց, հայոց հողը ցրիվ եկավ ու թափվեց գետնին, շարքային թե սպա, կրտսեր թե ավագ, զիվոր թե կամավոր նետվեցին հակահարված տալու՝ մեկին տասը, բայց… ոչ առանց զոհերի…



Անահիտ Արփեն