Անտարբերություն բաղձալի «զոհի» նկատմամբ

Անտարբերություն բաղձալի «զոհի» նկատմամբ

Երեկ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա իր դիմումը պատճառաբանել է իր անունն Ալիեւի անվան հետ նույն օֆշորային սկանդալում արծարծած լինելու անպատվաբեր փաստով։ Խոսքը «Պանամյան թղթապանակի» մասին է՝ այն օֆշորային սկանդալի, որը ցնցել է ողջ աշխարհը՝ ի ցույց դնելով, որ աշխարհի ամենաթափանցիկ երկրներում անգամ թաքցնում են հարկերը, օֆշորում գործունեություն ծավալում, փողեր լվանում։ 



Նշենք, որ Պողոսյանն այն երկարակյաց ու «պինդ» ԴԱՀԿ պետերից էր, որը պաշտոնավարեց ուղիղ 8 տարի։ Նրա օրոք արդարադատության մի քանի նախարարներ են փոխվել, իսկ նա շարունակում էր մնալ իր պաշտոնին։ Վերջին նախարարը, որը հրաժարական է տվել, Հովհաննես Մանուկյանն էր, որին փոխարինեց Արփինե Հովհաննիսյանը։ Պողոսյանը, հիշեցնենք, նրան ընդունեց ծաղիկներով, ժպիտը դեմքին, Արփինեն էլ նրա կառույցի համար ավտոմեքենաներ «դասավորեց» պետբյուջեից եւ մի քանի օրենքներ անցկացրեց, բայց ընդամենը օրեր անց լուրեր տարածվեցին, որ նախարարի եւ ԴԱՀԿ պետի հարաբերություններն այն չեն։ Բոլորն սպասում էին, որ այս նախարարն էլ կհեռանա, իսկ ԴԱՀԿ պետը հավերժ մնացող է, բայց հակառակը եղավ։ Ի դեպ, Միհրան Պողոսյանի հարաբերությունները լարված էին նաեւ տղամարդ նախարարների հետ։ Երեկ նրա նախկին նախարարներից մեկի՝ Գեւորգ Դանիելյանի ծննդյան օրն էր, ու, թերեւս, շատ խորհրդանշական «նվեր» մատուցվեց նախկին նախարարին։



Նախ զանգահարեցինք Հովհաննես Մանուկյանին՝ պարզելու, թե ինչպես է վերաբերվում իր նախկին ենթակայի հրաժարականին եւ ինչ զգացողություն ունի այս առնչությամբ։
«Ճիշտն ասած՝ առաջին անգամ եմ այդ լուրը լսում, բացարձակ անտարբեր, ոչ մի զգացողություն»,-եղավ պատասխանը։



- Դուք նրա հետ աշխատեցիք, բայց ինքներդ ավելի շուտ հրաժարական տվեցիք, Միհրան Պողոսյանը հարկադիրի երկարակյաց ղեկավար էր, անսպասելի չէ՞ր նրա հրաժարականը Ձեզ համար։



- Ոչ, ասում եմ՝ բացարձակ անտարբեր։



- Ինչո՞վ է այդ անտարբերությունը պայմանավորված, ի վերջո, աշխատել ենք նրա հետ, որոշակի ճանապարհ եք անցել։



- Շատ մարդու հետ եմ աշխատել, դա որեւէ բան չի նշանակում։



- Ձեր հարաբերություններն ինչպե՞ս էին Միհրան Պողոսյանի հետ։



- Բացառապես աշխատանքային։



- Ասում են՝ նա իր ղեկավար արդարադատության նախարարների հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր, թերեւս շատ նախարարներ կուրախանային նրա հրաժարականով։ Հիմա Ձեզ մոտ որեւէ զգացողություն՝ ոչ ուրախություն, ոչ տխրություն չկա՞ այս մասով։



- Ոչ, բացարձակ անհետաքրքիր թեմա է ինձ։



Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ արդարադատության գործող նախարար Արփինե Հովհաննիսյանից։ Ի վերջո, նա Հայաստանի «արդարադատության պատմության» մեջ թերեւս հիշվի որպես միակ նախարար, որին Միհրան Պողոսյանը շատ ջերմ ընդունեց, եւ որի օրոք Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց։ Արփինե Հովհաննիսյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել իր ենթակայի հրաժարականի փաստը։ Նա մեզ փոխանցեց, որ որեւէ մեկնաբանություն տալու անհրաժեշտություն չի տեսնում, քանզի «ամեն ինչ ասված է հրաժարականի մասին հայտարարությունում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ