Հրաժարականի պատճառներին ծանոթ չեմ. Սամվել Նիկոյան

Հրաժարականի պատճառներին ծանոթ չեմ. Սամվել Նիկոյան

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը տեղյակ չէր, թե ինչ պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը։ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեցինք, թե իր համար անակնկա՞լ չէին ԴԱՀԿ ծառայության պետի հրաժարականը, նրա մեկնաբանությունը իր անունը պանամական օֆշորներում շրջանառվելու խոսակցությունների մասին։ Նկատեցինք նաեւ, որ Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո հնչում են կոչեր, որ նրան պետք է դատել, նա չպետք է խուսափի պատասխանատվությունից։ Հնարավո՞ր է, որ ԴԱՀԿ այլեւս նախկին պետի գործերը հանձնեն արդարադատությանը։



«Ես մարզում եմ գտնվում, կգամ Երեւան, կծանոթանամ հրաժարականի պատճառներին, կասեմ»,- Hraparak.am-ին այսպես պատասխանեց Սամվել Նիկոյանը։



Հիշեցնենք, որ երեկ, հրաժարականի առթիվ Միհրան Պողոսյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։