Ծայրահեղ դրսեւորումներ

Ծայրահեղ դրսեւորումներ

Ցանկացած ծայահեղացված ու հիվանդագին դրսեւորում հասարակական հիասթափության պատճառ կարող է դառնալ։ Լինեն դրանք ինչ-որ քաղաքապետի ընտրության ժամանակ գործադրված ապօրինի մեթոդներն ու այդ մեթոդների կիրառման ընթացքում մարդկային կերպարանքը կորցրած մարդիկ, ովքեր միաժամանակ նաեւ այնքան են կորցրել ամոթի ու պարկեշտության տարրական զգացումը, որ կարող են պարտությունից չկոտրված մրցակցի թիմի վրա հարձակվել եւ պայքարի հանդգնության համար «պատժելու» փորձեր անել։ Լինի դա երեւանյան կաբինետներում ծվարած մորթապաշտների պահվածքը պատերազմական այս օրերին, երբ Ղարաբաղ մեկնում են որպես տուրիստ եւ բացառապես ֆեյսբուքյան ֆոտոարխիվը համալրելու նպատակով։ Լինի դա կուսակցական «վոժդի» առաջ խոնարհվող եւ նրա ցանկացած խոսքը որպես վերջին ճշմարտություն ներկայացնող հասուն տղամարդկանց պահվածքը։ Կամ ֆեյսբուքյան այն ակտիվիստների, որոնք այսօր Միհրան Պողոսյանի «արյունն» են ուզում հեղված տեսնել՝ չբավարարվելով հրաժարականի դիմումով։ Ցանկացած ծայրահեղություն անառողջ հասարակության մասին է խոսում։ Օրինակ, ի՞նչ իմաստ ունեն այս համազգային դրամահավաք-պարենահավաքները՝ ռազմաճակատ ուղարկվող բարձված էշելոններով։ Այնպիսի տպավորություն է, կարծես 1914 թվականն է, եւ պետություն չունեցող հայերն իրենց ձեռքն են վերցրել իրենց բանակը սնել-զինելու գործը։ Կամ՝ ռազմաճակատի գիծ մեկնող խառնիխուռն ու անձնազոհ մարդկանց՝ ֆիդայիների այս ջոկատները մեզ վերադարձնում են 1991-92 թվականները, երբ պետական բանակ չկար, եւ որսորդական հրացաններով զինված կամավորների միջոցով էին փորձում սահմանը պահել ու մարդուժով պաշտպանել հայրենիքը ոսոխից։ Այնպիսի տպավորություն է, որ այս 20 տարին չի եղել, եւ մենք նույն կետում ենք, որտեղ էինք սովետի քանդվելու պահին։