Հայը, երբ ծնվում է, իր սրտի մեջ պոեզիան է ու մի հատ Մասիս սար

Հայը, երբ ծնվում է, իր սրտի մեջ պոեզիան է ու մի հատ Մասիս սար

«ԱյլԱրտ» հասարակական կազմակերպությունն օրերս «Մուղդուսյան արվեստի կենտրոնում» հանդիպում-քննարկում էր կազմակերպել բանաստեղծ Հովիկ Հովեյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին թե ուսանողներ, թե երիտասարդ ուսուցիչներ եւ թե բանաստեղծի մտերիմ ընկերները՝ գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը, թատերագետ Սամվել Խալաթյանը, բանաստեղծ Վահե Արսենը։ 



Հովեյանն սկզբում նախ կատակում է՝ իրեն չհարցնել, թե ինչ է պոեզիան, երջանկությունը, սերը, ապա հիշում է Համո Սահյանի հետ իր հանդիպումը, երբ մի առիթով Սահյանին հարցնում է՝ ի՞նչ է պոեզիան իր համար։ «Ասեց՝ սկզբում, երբ Բաքվից եկել էի, գրում էի մերոնց համար, հետո դեպուտատ ընտրեցին՝ գրում էի ղեկավարության համար, հետո գրում էի գրողների համար, հետո, երբ մեծացա, արդեն ոչ մեկի համար չէի գրում՝ միայն ինձ համար»,-պատմում է Հովեյանն ու, այդուհանդերձ, կարճ տալիս պոեզիայի իր սահմանումը. «Պոեզիան հայելու մեջ ինքն իրեն անվերջորեն, անընդհատ նայող հավիտենությունն է։ Շատ դեպքում ասում են՝ պիտի մուսան գա, կամ Փարավոնի նման ամեն օր պիտի սիրահարվես։ Ես, օրինակ, սիրահարվող տեսակ չեմ, ինձ համար դա ամեն օրվա աշխատանք է, եւ դա գրել չէ, պոեզիան այն տարածքը չէ, որ ամեն օր նստես ու գրես, ամեն օր պետք է կարդաս, որովհետեւ իմ պոեզիան նշանակում է աշխարհի այն բոլոր գրքերը, որ ես կարդացել եմ, այն դերասանները, որոնց խաղը տեսել եմ, այն կինոռեժիսորները, որոնց հանդիպել եմ, այն հողագործը, որի հետ շփվել եմ, այն հովիվը, որի հետ 8-9-րդ դասարաններում ոչխար եմ տարել արածացնելու Թալինի շրջանում։ Այնպես որ՝ չմտածեք, թե պոետները միայն փողկապ են հագնում ու գալիս հանդիպման ուսանողության հետ։ Դա մի ամբողջ կյանք է»։



Ներկաները հերթով ընթերցում են Հովեյանի իրենց նախընտրած բանաստեղծությունները, որոնք Հովեյանը գնահատում է շատ կարճ՝ «ոնց որ լավն էր», «վատը չէր», «այ, հավանեցի», ապա նկատում է, որ գրելուց հետո ինքն այլեւս ընթերցող է։ «Երկնքում չկա ոչ մի գետնանցում» բանաստեղծության ընթերցումից հետո Հովեյանը կարճ հավելում է. «Հենց այդպես, էլ ի՞նչ բացատրեմ, միայն այս մեղսական կյանքում կան գետնանցումներ, ստորանցումներ, սողանցումներ, իսկ երկնքում չկա ոչ մի գետնանցում»։



Հովեյանն ասում է՝ յուրաքանչյուր գրող ինքը բառ է՝ մեկ բառ, «եւ եթե գրողը բառից դուրս է գալիս, ինքը հայտնվում է ուրիշ ծիրերում, հայտնվում է երաժշտության, հնչյունի, միմիկայի, պանտամիմայի, աղմուկի, ինտերշումի մեջ։ Եթե, օրինակ, այդ գույնը չկա, նկարիչը չի նկարի, եթե Պիտեր Բրուքի ասած բեմական դատարկ տարածությունը չկա, դուք չեք կարող խաղալ, ոչ էլ միզանսցենա անել։ Բառն այն ձեւաչափն է, կաղապարը, որի մեջ ինքդ քեզ վերածում ես կրկնակի բառի եւ մտնում մեջը։ Բառն ինձ համար մեծ նշանակություն ունի»։



Բանաստեղծը համոզված է, որ արվեստը չի կարելի պարտադրել, ինչպես որ սերը. «Կա արվեստի գեղագիտական ընկալում եւ կա ընկալման գեղեցկություն, ընկալողն ու մատուցողը պետք է պատշաճեն միմյանց։ Հիմա, եթե մեկը լսում է Արամ Ասատրյանի երգերը, ու իրան դա դուր է գալիս, ինչո՞ւ եք ստիպում, որ նա գնա շարական լսի։ Երբ կարդում էի իմ առաջին գրքերն իբրեւ ընթերցող, տեսնում էի, որ արդեն անցել եմ այդտեղից, բայց դրանք իմն են, ես չեմ հրաժարվում դրանցից, բայց նաեւ չեմ կարող եւ էլ չեմ ուզում այդպես գրել»։



Հովեյանը, խոսելով պոեզիայի նպատակներից, ընդգծում է, որ պոեզիան ինքնին արդեն նպատակ է. «Եթե դու հատուկ նպատակ, ոճավորում, ծրագիր, տրամաբանություն, ձեւաչափ փնտրես, չի ստացվի։ Պոեզիան արվեստի բաղադրիչներից մեկն է, պոեզիան այն է, ինչից սկսել է ամենը։ Մեր ժողովուրդն ինքնին պոեզիայի երկվորյակն է, մեր գենի մեջ դա կա։ Եթե, ասենք, դանիացին ծնվում է, ու իր գենի մեջ որսորդական հրացանն է կամ ձկնորսի ցանցը, եթե ճապոնացին ծնվում է, ու իր սրտում արդեն մի չորացած թիթեռ կա՝ գունավոր թեւերով, հայը, երբ ծնվում է, իր սրտի մեջ անպայման պոեզիան է ու մի հատ Մասիս սար։ Ինձ համար, որպես ստեղծագործողի, սա կյանք է, ապրելու, շփվելու, հաղորդակցվելու, Աստծուն աղոթելու ձեւ»։



Ներկաներից մեկը հետաքրքրվում է՝ ինչո՞ւ է վախենում, թե ինչպես կընկալվեն իր բանաստեղծությունները։ Հովեյանը նկատում է, որ ոչ թե իրենցից՝ երիտասարդներից է վախենում, այլ ընթերցողին դաստիարակողների սովորեցրածից։ «Ես ձեզնից չեմ վախենում, ես վախենում եմ ձեր դասատուների սովորացրածներից, որովհետեւ գավառական մոտեցումը մշակութային խնդիրներում... ես, օրինակ, դեմ եմ, որ 8-րդ դասարանի երեխաները գնում Չարենցի գերեզմանին ծաղիկ են դնում։ Չի կարելի, Չարենցը 8-րդ դասարանի բան չէ, թող իմանա այդ երեխան, բայց Չարենց պիտի անցնեն նույնիսկ համալսարանում։ Կամ՝ 7-8 տարեկանը երգում է Սայաթ-Նովա, Նարեկացի, բայց ի՞նչ է երգում, Սայաթ-Նովան փիլիսոփա է՝ համարյա Ուիլյամ Բլեյքի ժամանակակիցը։ Ես վախենում եմ, թե ինչ մոտեցմամբ, ինչ մեսիջով եք դուք գալիս դեպի մեր պոեզիան, որովհետեւ դուք կարող եք գալ եւ ասել, որ «սիրում եմ քեզ, հայոց լեզու...», լավն է..., բայց դա իմ ու Վահե Արսենի պոեզիան չէ»։



Հովեյանի կարծիքով, այսօր մեր մշակույթին պակասում է մշակույթի հանրահռչակումը, պետք է պետությունը գումար հատկացնի, ստեղծի թարգմանական ակադեմիա եւ թարգմանի մեր գրականությունը, դրամատուրգիան, մեծ հաշվով՝ մեր արվեստը. «Մենք պիտի կարողանանք այդ թռչող սարքերից, իսկանդեր զենքերից էլ առավել գումար դնել, որպեսզի մեր մշակույթը թարգմանվի, ներկայացվի աշխարհում»։



Լուսանկարները՝ Սոնա Ադամյանի